Թուրքիան հիստերիայի մեջ է հայկական օրինագծի ընդունումից

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | January 24, 2012 14:33

Ֆրանսիայի Սենատում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունման կապակցությամբ Փարիզում Թուրքիայի դեսպան Թահսին Բուրջուօղլուն հայտարարել է, որ Թուրքիան կարող է Ֆրանսիայում իր դեսպանին հետ կանչել «ընդմիշտ»:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով թուրքական ԶԼՄ-ները, Սենատում օրինագծի` 127 «կողմ» եւ 86 «դեմ» ձայների հարաբերակցությամբ ընդունումից հետո Բուրջուօղլուն լրագրողներին ասել է, որ Թուրքիան կարող է դիվանագիտական իր ներկայությունը Ֆրանսիայում իջեցնել մինչեւ Գործերի ժամանակավոր հավատարմատարի մակարդակի:

«Ամենայն հավանականությամբ, ես կվերադառնամ Թուրքիա: Մեր երկրների միջեւ հարաբերությունները կլինեն ոչ թե դեսպանությունների, այլ Գործերի ժամանակավոր հավատարմատարների մակադակով», -ասել է նա` նշելով, որ «Թուրքիան երբեք չի հաշտվի այդ օրենքի հետ»: «Սա շատ զգայուն հարց է Թուրքիայի համար եւ հետեւանքները կարող են աննախադեպ լինել: Սրա համար վճարելու են բոլորը` Թուրքիան, Ֆրանսիան եւ Հայաստանը», -հավելել է թուրք դեսպանը:

Թուրքիայի արդարադատության նախարար Սադուլլահ Էրգինը հայտարարել է, որ Ֆրանսիայի որոշումը «անարգանք է Թուրքիայի հանդեպ»: «Դա հակաիրավական որոշում է եւ անարգանք է Թուրքիայի հանդեպ», -ասել է նա:

Թուրքիայի խորհրդարանի արտաքին հանձնաժողովի նախագահ Վոլքան Բոզքիրն էլ հայտարարել է, թե «Ֆրանսիան սեւ էջ բացեց իր պատմության մեջ»:

Թուրքական ԶԼՄ-ները հայտնում են, որ Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության` երեկ գիշեր տեղի ունեցած արտակարգ հավաքից հետո, Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանը մտադիր է հունվարի 24-ին  խորհրդարանում ունենալիք ելույթում ներկայացնել Ֆրանսիայի որոշման դեմ թուրքական կողմի պատասխան քայլերը:

Օրինագիծը դեկտեմբերի 22-ին ընդունվել էր Ֆրանսիայի խորհրդարանի կողմից:

Ֆրանսիայում գործող կանոնակարգի համաձայն` այդ երկրի նախագահը 15-օրյա ժամկետում պետք է հաստատի այն: Նա իրավունք ունի նաեւ նշված ժամկետում խնդրել խորհրդարանին վերանայել օրենքը, կամ նրա առանձին կետերը:

 

Դիտվել է 710 անգամ:
Print Friendly

Leave a Reply