ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս Գրիգը» էթիլսպիրտի շուկայի գերիշողն է

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | September 24, 2009 16:09
1921_945699237

ՏՄՊՊՀ-ի այսօրվա նիստում «Արմենտել»-ը զրկվեց միանձնյա գերիշխողի կարգավիճակից

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) այսօվա նիստում որոշվեց ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս Գրիգ» ընկերությունը էթիլային սպիրտի շուկայում գերիշխող  ճանաչել: Ընկերության իրացման ծավալը 99.88 տոկոս է: Պատգամավորի լուծարված «Սալեքս Գրուփը» 2006-ին ևս եղել է շուկայի գերիշխողը:

«Իրավական դաշտը թույլ է տալիս՝մարդը կարող է  գրի, որ իր հիմնարկը սննկացման պրոցեսում է,  լուծարի և նորը ստեղծի»,-ասաց ՏՄՊՊՀ նախագահ Աշոտ Շահնազարյանը:

«Արդյո՞ք հին ընկերությունը լուծարելն ու նորը բացելը տուգանքներից խուսափելու ձև չէ»,-«Անկախի» հարցին ի պատասխան` Շահնազարյանը նշեց, որ իրենք 6 ամսվա կտրվածքով միայն հետևում են նոր բացված տնտեսվարող սուբյեկտների աշխատանքներին և կատարում են շուկայի ուսումնասիրություններ:

Ինտերնետ հասանելիության դաշտում (մագիստրալ ինտերնետ) գերիշխող ճանաչվեցին «ԱրմենՏել» (53.9%) և «Ֆայբերնետ Քոմյունիքեյշն» (46.1%) ընկերությունները: Նախկինում հանձնաժողովի որոշմամբ՝ այս շուկայում գերիշխող էր միայն «ԱրմենՏել» ՓԲԸ-ն: Ուսումնասիրություններն արվել են միայն այս տարվա առաջին կիսամյակի տվյալների հիման վրա: Առաջիկայում սպասվում է 3-րդ ընկերության մուտքը այս դաշտ:

«ԱրմենՏել» ՓԲԸ-ի իրավաբանական տնօրեն Դավիթ Սանդուխչյանն ասաց, որ օգոստոսին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը IP տարածման ծառայություններում Արմենտելը համարել է գերիշխող, իսկ Տնտեսական մրցակցության պաշտպանության  հանձնաժողովն այս ուսումնասիրությունն արել է ելնելով գնային քաղաքականությունից, ինչի արդյունքում ընկերությունը զիջում է գերիշխողի դիրքը:

«Օրենսդրական անկատարելության պատճառով մենք հիմա չենք հասկանում՝ գերիշխող ենք, թե ոչ»,-դժգոհում է Սանդուխչյանը:

Մսամթերքի շուկայում գերիշխող դիրք ունեցող «Գեղարդ մսամթերքի կոմբինատը» դուրս է եկել մսամթերքի շուկայից: Նախորդ տարվա տվյալներով` շուկայում իրացման առավել մեծ ծավալներ ունեն «Լինդա» (24.69%) և «Առդելիկատես» (13.2%) , «Մուշ» (10.9%) ընկերությունները:

Նիստին քննարկվեցին նաև հանձնաժողովի` 2010 թվականի գործունեության ծրագիրը, շուկաների ուսումնասիրությունների արդյունքները:

Դիտվել է 1389 անգամ:
Print Friendly

Leave a Reply