Հայուհու ու ադրբեջանցու ամուսնությունը

Հարցազրույց | | January 24, 2012 13:53

Մարինա Բալայանը 35 տարեկան է, հիմա բնակվում է Երևանում չընդունված հյուրի կարգավիճակով: Երևանն ուրախությամբ չի ընդունել Մարինային, ով այս օրերին սեփական երեխաների հետ, սեփական հայրենիքում հանգիստ չի կարողանում ապրել:

– Ծնվել եմ Երևանում: Ապրել եմ մայրիկիս հետ: Երբ մայրս մահացավ` ստիպված էի վաճառել ժառանգություն մնացած տունն ու մեկնել Ռուսաստան, ավելի ճիշտ՝ Մոսկվա: Մեկնելուս նպատակը լավ ուսում ստանալն էր: Մոսկվայում մի բնակարան էի վարձել, ապրում էի մենակ ու պատրաստվում էի  ընդունվել համալսարան,- այսպիսի մեղմ նոտայով սկսեց պատմությունը Մարինան:

Նա համալսարան դիմելուն զուհագեռ սիրահարվում է, սիրահարվում ուժգին… Ամուսնանում է իր կյանքի երկրորդ կեսի հետ: Ամուսինը Բակինցե Ուիեֆն է՝ ազգությամբ ադրբեջանցի: Մեր այն հարցին, թե ինչպես  տեղի ունեցավ իր ու ադրբեջանցի Բակինցե Ուիեֆի միությունը, նա պատասխանեց.

– Պատահաբար ծանոթացանք, ունեինք շատ ընդհանուր բաներ, սիրեցինք իրար և որոշեցինք ամուսնանալ:

Ադրբեջանցի ամուսնու ծնողները դեմ էին այդ ամուսնությանը,   չնայած դրան` ամուսնացան: Մարինան Բակինցե Ուիեֆից երկու երեխա ունեցավ: Սակայն երեխաների ծնվելուց հետո նրանց ամուսնական կյանքը երկար չտևեց:

– Մինչև երեխաների ծնվելը բոլորը դեմ էին մեր ամուսնությանը, իսկ երեխաների ծնվելուց հետո մեր երկուսի հարաբերությունները սկսեցին օր օրի վատանալ:

Գիտեք, պատճառը բարեկամների վերաբերմունքն էր, Բակինցեն պարզապես չկարողացավ դիմակայել. նրա հարազատների ազդեցությունը, բացասական տրամադրվածությունը մեծ էր,- ասում է Մարինա Բալայանը:

Ամուսինները բաժանվեցին, Բակինցեն գնաց իր հայրենիք` Ադրբեջան, Մարինան էլ երկար չկարողացավ ապրել օտար երկրում երկու անչափահաս երեխաների հետ:

2008-ին փորձեց Բելգիայի Ազուլ ճամբարում ժամանակավոր կացարան փնտրել, սակայն մերժում ստանալուց հետո արտաքսվեց Բելգիայից ու վերադարձավ Հայաստան:

Մինչ Հայաստան գալը Մարինա Բալայանը չէր էլ կարող պատկերացնել, թե ինչ է սպասում իրեն սեփական հայրենիքում: Անակնկալ՝ մեկը մյուսի հետևից…  Ցանկանում էր ապրել մյուսների նման: Չէր մտածել, որ իրեն այստեղ ընդունելու են ոչ թե որպես հայ մայր, այլ ադրբեջանցու կին:

– Երեխաներն արդեն հաճախում էին դպրոց: Սկզբնական շրջանում ամեն ինչ նորմալ էր, լավ էր: Բայց դա ընդամենը մի պահ էր: Երբ երեխաների հասակակիցներն իմացան, լսեցին նրանց ադրբեջանական ծագման մասին, ամեն ինչ հօդս ցնդեց,- հուզմունքով պատմում է մեր հերոսուհին:

Մարինային այս խնդիրն իսկապես շատ է հուզել: Կինն այնքան է մտահոգվել, որ փոխել է երեխաների Ուիեֆ ազգանունը, դարձրել Բալայան:

Երկու երեխաների մորը թվում էր՝ ազգանունը փոխելուց հետո ամեն ինչ ավելի լավ կլինի, բայց դա միայն Մարինայի ցանկությունն էր:

Մարինան ասում է, որ խնդիրն այնքան հասունացավ, որ անգամ հարևաններն ու մտերիմները սկսեցին անհանգստացնել իրեն:

– Ախր, բարեկամներս երես են թեքել ինձնից, փոխանակ ինչ-որ բանով օգնեն կամ հուսադրեն, կոպտում են: Երեխաներս էլ  դպրոց  չեն գնում, ընկերներ չունեն, ես չեմ աշխատում ու չգիտեմ՝ ինչպես կերակրեմ երեխաներիս,- հուզված ասում է Մարինան:

«Անկախի» այն հարցին, թե Հայաստանում այս ընթացքում աշխատե՞լ է, ասում է.

– Այո, աշխատում էի: Բայց երբ իմացան նախկին ամուսնուս մասին, որ ադրբեջանցի է, նրանց  վերաբերմունքն իմ նկատմամբ դարձավ անտանելի: Ստիպված եղա դուրս գալ աշխատանքից, այսօր արդեն չեմ աշխատում:

Երկու անչափահաս երեխաների մայրը, աչքերից արցունքի կաթ-կաթ գլորվող արցունքները հազիվ զսպելով, ասում է, որ ինքն այնքան հիասթափված ու հուսահատված է, որ հայրենիքից փախչելու ելք է փնտրում:

– Մեր բարեկամներն ու ծանոթները գիտեն, որ երեխաներիս հայրն ադրբեջանցի է, անընդհատ Էրեխեքը նեղվում են: Ես էլ չեմ դիմանում, երեխեքիս վերցնելու եմ ու գնամ մի տեղ, մենակ էստեղ չմնամ,- հուսահատված նշում է երկու երեխաների մայրը:

Միայնակ մայրը հայրենիքում ապրելու ոչ մի հնարավորություն չի տեսնում:

– Ես ընենց հիասթափված եմ, որ էլ չեմ ուզում մնալ էստեղ: Էրեխեքս իմ ապագան են, և այս պահին ես օրերն եմ հաշվում, թե երբ պետք է նրանց տանեմ էստեղից,-ասում է Մարինա Բալայանն ու շարունակում,- չգիտեմ, իրոք, չգիտեմ՝ ինչ անեմ և ուր գնամ: Շատ էի ուզում երեխաների հետ եվրոպական մի երկրում բնակվել: Գիտեք, այնտեղ մարդու իրավունքը պաշտպանվում է:

Մարինա Բալայանն իրավապահ մարմիններին ու օրենքին դիմել չի ցանկանում, քանի որ կարծում է՝ բախտն իրենից երես է թեքել, և ոչ ոք ու ոչինչ չի կարող իրեն օգնել:

«Անկախի» այն հարցին, թե բաժանվելուց հետո հանդիպե՞լ  է իր ամուսնուն, պատասխանեց` ոչ: Մեր այն հարցին էլ, թե արդյոք ինչ-որ բանի համար զղջո՞ւմ է, արձագանքում է.

-Այո, զղջում եմ այն բանի համար, որ լսեցի ամուսնուս ու այդպես էլ բարձրագույն կրթություն չստացա:

 

Միքայել ԱՀԱՐՈՆՅԱՆ

 

Դիտվել է 4519 անգամ:
Print Friendly

Leave a Reply