Արցախում կշարունակվեն սոցիալական ոլորտում իրականացվող ծրագրերը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | January 24, 2012 12:18

Անցած տարի ԼՂՀ սոցիալական ապահովության նախարարության կողմից պետական միջոցներով իրականացվել է 50 ծրագիր` այդ նպատակով ծախսվելով 16 միլիարդ 800 միլիոն դրամ:

Այս մասին ՙԱրմենպրես՚-ի հետ զրույցում նշեց ԼՂՀ սոցապահովության նախարար Նարինե Ասծատրյանը` հավելելով, որ տարին ավարտել են առանց սոցիալական պարտավորությունների: Նախարարի խոսքով` 2011թ-ին սոցպաշտպանության բնագավառի քաղաքականության հիմնական նպատակները եղել են ժողովրդագրական վիճակի բարելավումը, քաղաքացու կենսագործունեության համար նորմալ պայմանների ստեղծումը, հասարակություն մեջ սոցիալական բեւեռացման մեղմացումը, կենսաթոշակային ապահովման համակարգի կատարելագործումը եւ զբաղվածության քաղաքականության վարումը:

Անցած տարվա ընթացքում ոլորտին վերաբերող 60 ենթաօրենսդրական ակտեր են ընդունվել, փոփոխություններ եւ լրացումներ են կատարվել մի շարք գործող օրենքներում: ՙՀիմնական աշխատանքն ուղղված է եղել կենսաթոշակային բարեփոխումների նախապատրաստմանը, ինչի արդյունքում տարեվերջին ունեցանք պետական կենսաթոշակների մասին նոր օրենք, որի կիրառման հետեւանքները զգալու ենք 2014 թ-ին՚,-ասաց Ասծատրյանը:

Խոսելով ընթացիկ տարում իրականացվելիք ծրագրերի մասին` նախարարը նշեց, որ 2012 թ-ին միանշանակ կշարունակվեն իրականացվել բոլոր այն ծրագրերը, որոնք գործել են 2011 թ-ի ընթացքում: ՙԴեռ ավելին, կյանքի կկոչվեն նոր ծրագրեր, որոնք կառնչվեն զբաղվածության ոլորտին եւ ուղղված կլինեն իրականացվող պետական քաղաքականության ակտիվացմանը՚,-ասաց նա` ավելացնելով, որ 2012 թ-ին ԼՂՀ պետական բյուջեի նախագծով սոցպաշտպանության ոլորտում իրականացվելիք 53 ծրագրի համար նախատեսվել է 18,3 մլրդ դրամ, որը կազմում է պետբյուջեի ամբողջ ծախսային մասի 26,1 տոկոսը:

սեփ. թղթ. Վահրամ Պողոսյան

Դիտվել է 881 անգամ:
Print Friendly

Leave a Reply