ՀԱՂԹԱՆԱԿ: Ֆրանսիայի Սենատն ընդունեց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | January 24, 2012 8:00

Ֆրանսիայի Սենատն ընդունեց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը: Օրինագիծն ընդունվեց ձայների 107 կողմ, 86 դեմ հարաբերակցությամբ: Օրինագծի ընդունումը սենատորները ողջունեցին ծափողջույններով: Սենատի առջև հավաքված մեր բազմահազար հայրենակիցները տոնում են պատմական արդարության հաղթանակը:

Ինչպես հաղորդում է ՙԱրմենպրես՚-ը, հունվարի 23-ին` Երեւանի ժամանակով 18:00-ին, մեկնարկած քննարկումների արդյունքում Սենատը մերժեց իրավական հարցերի հանձնաժողովի` Ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագծի անընդունելիության մասին խորհրդատվական եզրակացությունը: Այդպիսով հիմք ստեղծվեց օրինագիծը Սենատի քննարկմանն ու քվեարկությանը ներկայացնելու համար:

Ֆրանսիայում օրենսդրական ընթացակարգը պահանջում է, որ օրինագծի ընդունումից հետո այն ներկայացվի նախագահ Նիկոլա Սարկոզիի հաստատմանը: Սենատում քննարկման ընթացքում բազմաթիվ թեր և դեմ կարծիքներ հնչեցին, սակայն գերակշռողն այն միտքն էր, որ օրենքի ընդունումը ո’չ ոտնահարում է խոսքի ազատությունը, ո’չ հակասում է ֆրանսիական Սահմանադրությանը, ո’չ էլ խնդիրներ է առաջացնում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար:

Օրինագծի հեղինակն է ՙՄիություն հանուն ժողովրդական շարժման՚ խմբակցության պատգամավոր Վալերի Բուայեն:

Օրինագիծը Ֆրանսիայի Ազգային ժողովում հավանության է արժանացել 2011թ. դեկտեմբերի 22-ին: Այն մեկ տարվա ազատազրկման եւ 45 հազար եվրո տուգանքի պատիժ է սահմանում անձանց նկատմամբ, ովքեր կժխտեն Հայոց ցեղասպանությունը:

Ֆրանսիան ձգտում է պատժելի դարձնել այն ցեղասպանությունները, որոնք այդ երկրում ճանաչվել եւ դատապարտվել են: Հրեական ողջակիզումը՝ Հոլոքոստը, հերքելու համար սահմանված պատժամիջոց Ֆրանսիայում գործում է 1990 թվականից: Իսկ Հայոց ցեղասպանությունը Ֆրանսիան ճանաչել եւ դատապարտել է դեռեւս 2001թ.:

Ի դեպ, Սենատը դեռեւս 2011թ. մայիսի 4-ին մերժել էր հիշյալ օրինագիծը’ 23 կողմ, 9 դեմ ձայների հարաբերակցությամբ: Այս տարի, սակայն, Սենատում նախագծի քննարկման ժամանակ պատգամավորներից շատերը հանդես էին գալիս օրինագիծն ընդունելու օգտին:

Սենատում հարցի քննարկման կապակցությամբ ֆրանսահայ համայնքը, նաեւ տեղի թուրքերը ակցիաներ էին անցկացնում խորհրդարանի վերին պալատի շենքի առջեւ: Հայերն ակցիա էին անցկացնում նաեւ Մոսկվայում Ֆրանսիայի դեսպանատան առջեւ:

 

Դիտվել է 989 անգամ:
Print Friendly

Leave a Reply