Խաղողակռիվ. նախարարն ասում է՝ մթերվելու է ողջ բերքը, գյուղացիները մատնացույց են անում փչացող խաղողը

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | September 24, 2009 14:20

Խաղողի առատ բերք ունեցող գյուղացիները բողոքում են, որ գյուղնախարարությունն ու խաղող մթերող կազմակերպությունները ճիշտ չեն կազմակերպել մթերման գործընթացը. տոննաներով խաղողը մնում, փչանում է: Բացի այդ, մթերող կազմակերպությունները նախապես կնքված պայմանագրերում չեն նշում խաղողի գինը. այն որոշվում է մթերման սեզոնին՝ ըստ շուկայի:

«Էն ա, խախողը տոննաներով բարձել ենք մեքենաները, մնացել ա. դե էս տարի շատ ա բերքը, ավել չեն վերցնում, եթե պայմանագրից թեկուզ 5 կիլո շատ ա լինում. մենք էլ որպես բողոքի նշան՝ ճանապարհը փակել ենք»,-ասում է Արարատի մարզի Վանաշեն գյուղի բնակիչ Միսաք Չարխչյանը:

Այս տարի խաղողի բերքը շատ է`200-205 հազար տոննա՝ անցյալ տարվա 18 հազար տոննայի փոխարեն:

Գյուղնախարար Գերասիմ Ալավերդյանը, սակայն, այսօր հրավիրած ասուլիսում  վստահեցրեց, որ այս տարի խաղողի ոչ մի կիլոգրամ չի մնալու առանց մթերման, իսկ եթե գյուղացին պայմանագիր է կնքել մթերող կազմակերպության հետ որոշ քանակության սահմաներում, և իր բերքը նախատեսվածից շատ է, նա կարող է ավելացած մասը վաճառել մնացած 29 մթերող ընկերություններին. ընդհանուր կա 30 մթերող ընկերություն:

Գյուղնախարար Գերասիմ Ալավերդյանը հավաստիացնում է, որ առանց մթերման խաղող չի մնալու

«Մթերման խուճապն առաջացել է ազգաբնակչությանն ապատեղեկացնու արդյունքում, խաղող մթերող ընկերությունները պետք է հավուր պատշաճի տեղեկություն տարածեն՝ երբ, ինչ գներով, ինչ քանակությամբ են ընդունելու խաղող, որպեսզի գյուղացին իմանա՝ ինչ անի»,-ասաց նախարարը:

Գյուղացիները, սակայն, ասում են, որ պայմանագիր չունենալու դեպքում  մյուս ընկերություններն արտահերթ մթերում կամ չեն անում կամ անելիս էլ գինը «գցում են» մինչև անգամ 80 դրամ:

Սեպտեմբերի 18-ից Երևանի կոնյակի գործարանը  սկսել է խաղողի մթերումները` 1կգ համար առաջարկելով 130դրամ: «Խաղողի գինը որոշվում է շուկայում առաջարկի և պահանջարկի հավասարակշռման արդյունքում, մթերող կազմակերպություններն իրավունք չունեն անբարեխիղճ գներ առաջարկելու, որովհետև մենք հսկողության մեջ ենք պահում դաշտը»,-ասում է Ալավերդյանը:

Ըստ նախարարի` այս տարի խաղողի մթերման գինը կտատանվի 100-130 դրամի սահմաներում: Գագիկ Ծառուկյանին պատկանող Երևանի  գինու, կոնյակի և օղու «Նոյ» գործարանից ասացին, որ տեխնիկական սորտի խաղողներն ընդունում են 130 դրամով, բայց միայն պայմանագիր ունենալու դեպքում:

Նախարարն ասում է, որ գների նման տարբերությունները (100-130դրամի մասին է խոսքը) պայմանավորված են ճանարապարհածախսի հետ. եթե տեղում է իրականացվում մթերումը, 1կգ-ն արժենում է 110-120 դրամ, իսկ եթե գյուղացին խաղողը հասցնում է Երևան` 130 դրամ:

Մթերող ընկերություններն անցկացնում են ուսումնասիրություններ, գյուղնախարարությանը ներկայացնում իրենց հաշվարկները, թե քանի տոննա կարող են ընդունել, ըստ այդմ կնքվում են պայմանագրեր:

Տավուշի մարզի Արծվաբերդ գյուղի բնակիչ Ռիմա Պռոշիկյանն ասում է, սակայն, որ գյուղում, ճիշտ է, դեռ մթերում չի սկսել, բայց բնակչությունը խուճապի մեջ է. «վախըմ ենք, վեր էս տարի էժան տի ըլլի»:

«Այս տարի համայնքներում կլինեն ցուցակներ, թե ով և երբ է տանելու խաղողը մթերելու, կլինի գինը և այլ տեղեկություններ»,-հավաստիացնում է նախարարը՝ խոսքերով չհուսադրելով գյուղացիներին:

Դիտվել է 1558 անգամ:
Print Friendly

Leave a Reply