Բաքուն սառը պատերազմ է հայտարարել Անկարայի դեմ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 23, 2012 16:10

Թուրքական մամուլը շարունակում է քննադատել Ադրբեջանի իշխանությանը` Թուրքիայի նկատմամբ ունեցած ՙսառը՚ վերաբերմունքի համար: Ինչպես հաղորդում է ՙԱրմենպրես՚-ը, ՙԹուրքիան տարածաշրջանում էներգետիկ կենտրոն տեսնել չցանկանալու համար՚ Ադրբեջանի նախագահին խստորեն քննադատած` Թուրքիայի վարչապետին մոտ կանգնած ՙԵնի Շաֆագ թերթից հետո, այս անգամ էլ Թուրքիային վաճառվող ադրբեջանական գազի գնի հարցում զիջում չարվելու մասին ՙԵղբոր չարիքը՚ վերնագրով հոդված է հրապարակել ՙԹուրքիա՚ թերթը: ՙՀանուն Ադրբեջանի` աչքի առաջ ունենալով աշխարհի հակազդեցությունը, Թուրքիան դադարեցրեց Հայաստանի հետ հարաբերությունները նորմալացնելու գործընթացը: Սակայն, այն դեպքում, երբ անգամ Ռուսաստանը զիջման  գնաց գազի գնի հարցում, եղբայր Ադրբեջանը մերժեց Անկարայի այդ առաջարկը: Ամենադժվար օրերին իր եղբայրական պարտքը կատարած Թուրքիայի նկատմամբ Բաքվի ղեկավարությունը վերջին տարիներին Անկարային ավելի շատ է մենակ թողնում: Հեյդար Ալիեւի մահից հետո իշխանության եկած նրա որդին` Իլհամ Ալիեւը, հատկապես վերջին երկու տարիներին, կարծես, Անկարայի դեմ սառը պատերազմ է սկսել: Բաքվում թուրք շեհիդների ծառուղում դրոշները հանած, այդ երկրում սովորող եւ աշխատող Թուրքիայի քաղաքացիների կյանքում շարունակաբար դժվարություններ ստեղծած Բաքվի ղեկավարությունը Հայոց ցեղասպանությունը ճանաչած Փարիզի հետ մեծացնում է հարաբերությունները: Ադրբեջանի առաջին տիկին Մեհրիբան Ալիեւան գլխավորում է Ադրբեջան-Ֆրանսիա միջխորհրդարանական խումբը եւ ՙՊատվո շքանշան՚ ստանում Ֆրանսիայի նախագահի ձեռքից: Ամեն տարի միլիարդավոր դոլար եկամուտ ունեցող Բաքվի իշխանությունը ոչ միայն զիջում չարեց գազի գնի հարցում, այլեւ Թուրքիային 150 միլիոն դոլարի վնաս հասցրեց` Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատար խողովակաշարի հարցում՚, -գրում է թուրքական թերթը:-

Դիտվել է 1423 անգամ:
Print Friendly

Leave a Reply