Եմենի նախագահը հեռացել է երկրից` ԱՄՆ-ում բուժվելու համար

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 23, 2012 14:34

Եմենի նախագահ Սալեհն, իր իրավասությունները հանձնելով փոխնախագահին,  մեկնել է ԱՄՆ, Նյու Յորք: Ճանապարհին նա պետք է կանգ առնի Օմանում, ապա շարունակի ճանապարհը, իսկ չորեքշաբթի կլինի ԱՄՆ-ում:

Սալեհը ստիպված է նման ճամփորդություն ձեռնարկել. բժիշկները պետք է նրա` հուլիսին ստացած վնասվածքները ստուգեն: Գնալուց առաջ նա ներողություն է խնդրել 33 տարի կառավարելու ընթացքում թույլ տված սխալների համար: «Ես ներողություն եմ խնդրում ու ցանկանում եմ, որ դուք վերադառնաք ձեր ընտանիքներ ու սկսեք նոր կյանք, մաքուր էջից, նոր կառավարության հետ»,- դիմել է նա ցուցարարներին:

Բուժման կուրսից հետո նա խոստացել է վերադառնալ: Ավելի վաղ տեղեկություն էր ստացվել, որ Սալեհը պատրաստվում է Օման տեղափոխվել: Ինքն էլ երկիմաստ հայտարարություններ էր արել դրա մասին:  Նոյեմբերին Սալեհը համաձայնեց լքել իր պաշտոնը` դատական հետապնդումից իմունիտետի փոխարեն:

Վերջին տարվա ընթացքում ոստիկանության հետ ընդհարումների հետևանքով հարյուրավոր մարդիկ են սպանվել, իսկ մարդկանց իրավունքների պաշտպանության կազմակերպությունները արդարացի պատիժ են պահանջում Սալեհի համար:

 

Դիտվել է 988 անգամ:
Print Friendly

Leave a Reply