Ամերիկացի կոնգրեսական Շիֆը հանդիպել է Հոլիվուդի հայերի հետ

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | January 21, 2012 14:16

Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի հոլիվուդյան մասնաճյուղը հունվարի 15-ի երեկոյան Հոլիվուդի հայկական երիտասարդական կենտրոնում Հոլիվուդի  հայ համայնքին է ներկայացրել ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆին:

«Մենք սրտանց ուրախ ենք կոնգրեսական Շիֆին հայ համայնքին ներկայացնելու կապակցությամբ: Եթե նա մեր հաջորդ ներկայացուցիչը դառնա, կբախվի նորանոր մարտահրավերների հետ, որոնք կապված են Լիթլ Արմենիայի եւ Արեւելյան Հոլիվուդի հետ, սակայն մենք վստահ ենք, որ նա մեզ հետ կարող է լավ աշխատել»,- ասել է  Հայ դատի հանձնախմբի հոլիվուդյան մասնաճյուղի խորհրդի անդամ Թերեզա Երիմյանը:

Կոնգրեսական Շիֆն իր հերթին շնորհակալություն է հայտնել Հոլիվուդի համայնքի ներկայացուցիչներին հանդիպելու եւ նրանց խնդիրներին ծանոթանալլու հնարավորության համար:  «Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Հայ դատի հանձնախմբի հոլիվուդյան մասնաճյուղին կիրակնօրյա այս հիասքանչ հանդիպման համար: Սա հիանալի հնարավորություն էր Հոլիվուդի բնակիչներին հանդիպելու եւ տարբեր խնդիրների շուրջ նրանց կարծիքն ու մտահոգությունները լսելու համար,- ասել է կոնգրեսականը: -Ես շատ հուզված եմ, որ հնարավորություն է ընձեռվել ներկայացնելու հայ համայնքի այս եռանդուն հատվածին, եւ ես շնորհակալ եմ նրանց հավանության եւ աջակցության համար»,- հավելել է նա:

Եթե Շիֆը այս տարի վերընտրվի Կոնգրեսում, նա կներկայացնի Հոլիվուդի հայ համայնքը:

«Մենք այս վաղեմի համակրի եւ ընկերոջ հետ սերտ հարաբերությունների ստեղծում ենք ակնկալում»,- նշել է  Հայ դատի հանձնախմբի հոլիվուդյան մասնաճյուղի նախագահ Փոլ Սերադարյանը:

Որպես ներկա պահին 29-րդ շրջանի ներկայացուցիչ, որտեղ մեծ թվով ամերիկահայեր կան, Շիֆը շարունակում է զբաղվել համայնքի խնդիրներով` ամեն տարի աջակցելով Հայոց ցեղասպանության բանաձեւին, նաեւ`  № 306 բանաձեւին, որը թուրքական կառավարությանը կոչ է անում վերադարձնել հայկական եկեղեցուց բռնագրաված գույքը:

Համայնքը մի շարք կարեւոր հարցեր է բարձրացրել, այդ թվում` Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ռազմական օգնության հավասարությունը, ԱՄՆ-ի օգնությունը Լեռնային Ղարաբաղին, հայկական քաղաքացիական ինքնաթիռները կործանելու Ադրբեջանի սպառնալիքները եւ հայկական համայնքին տված Օբամայի վարչակազմի խոստումների հուսալիությունը:

Դիտվել է 861 անգամ:
Print Friendly

Leave a Reply