Առաջին անգամ Ազգային կինոյի մրցանկաբաշխություն

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | January 21, 2012 11:18

Երևանում` 2012 թ.  մարտի 18-ին ,  հայկական կինոպատմության մեջ առաջին անգամ     կանցկացվի Ազգային կինոյի մրցանկաբաշխություն: Արդեն պատրաստ է  մրցանակաբշության լավագույններին շնորհվող պատվավոր արձանիկը: Երկու ձեռքերի ցուցամատերի և բթամատերի միացությունը պատկերող 42 սմ բարձրությամբ արձանիկի պատվանդանը մարմարից է, իսկ ձեռքերի միացությունը`  բրոնզից, էմալապատված և ոսկեջրված: Երկու ձեռքերի այս միացությունը երկար ժամանակ  կինոաշխարհում օգտագործվել է որպես միջոց` պատկեր փնտրելու համար: Այն ռուսերենում կոչվում է  “Визир”,  իսկ հայերենում`  հայակ, ըստ այդմ էլ, մրցանակը անվանվեց “ՀԱՅԱԿ”:

Նշենք, որ արձանի հեղինակը` Իզաբելլա Ներսիսյանը,  ոչ ճարտարապետ է, ոչ դիզայներ, ոչ քանդակագործ և ոչ էլ նկարչուհի: Նա դերասանուհի է: Բայց նախապես հայտարարված մրցանակի մրցույթին ներկայացված բազմաթիվ նախագծերից հենց նրա աշխատանքը հավանության արժանացավ  խորհրդի և ժյուրիի կողմից:

 Ազգային կինոյի զարգացման հիմնադրամի, “Orange Արմենիա” ընկերության  և Հայաստանի ազգային կինոկենտրոնի նախաձեռնությամբ ստեղծված Ազգային կինոյի մրցանակաբաշխությունը հայ կինեմատոգրաֆիստների աշխատանքների ամենամյա ստեղծագործական բաց մրցույթ է: Այն միտված է խթանելու և զարգացնելու ազգային կինոարտադրությանը, նոր անունների բացահայտմանը, հայ հանդիսատեսին կինոթատրոններ վերադարձնելուն, երկրի կինոգործիչներին համախմբելուն, կինոարտադրության նոր նախագծերին օժանդակելուն, ազգային կինոարտադրության լավագույն ավանդույթները պահպանելուն:

Յուրաքանչյուր տարի Ազգային կինոյի մրցանակաբաշխության ժամանակ ժյուրին կգնահատի նախորդ տարվա ընթացքում նկարահանված ֆիլմերը: Բացառություն կկազմի միայն առաջին մրցանակաբաշխությունը, որը կամփոփի անկախ Հայաստանի առաջին 20 տարիների կինոարտադրանքը: Մրցանակաբաշխության կանոնակարգի համաձայն` առաջին մրցանակաբաշխությանը  մասնակցում են  միայն Հայաստանում` 1991-2011 թթ. ընկած ժամանակահատվածում արտադրված ֆիլմերը: Արդեն հաջորդ տարիներին կինոմրցանակաբաշխությանը կարող են մասնակցել ոչ միայն ՀՀ-ում արտադրված, այլ նաև արտերկրում հայկական թեմաներով և հայ ռեժիսորների կողմից նկարահանված ֆիլմեր:

Ընդհանուր առմամաբ, մրցանակաբաշխությանը  ներկայացվել է 92 ֆիլմ, այդ թվում` 28 լիամետրաժ, 22` կարճամետրաժ, 10` անիմացիոն և 32` վավերագրական:

Մրցանակաբաշխության`կինոյի և մշակույթի անվանի գործիչներից կազմված ժյուրին Ազգային կինոյի մրցանակը կշնորհի երկու քվեարկության արդյունքում: Առաջին փուլում, յուրաքանչյուր անվանակարգի համար, ժյուրիի կողմից կընտրվեն 2-3 ֆիլմեր: Երկրորդ փուլում կորոշվեն մրցանակակիրները: Ազգային կինոյի մրցանակաբաշխության մրցանակները կշնորհվեն 12 անվանակարգերում, այդ թվում` լավագույն գեղարվեստական ֆիլմ, լավագույն ռեժիսոր, լավագույն օպերատոր, լավագույն սցենարի հեղինակ, լավագույն նկարիչ, լավագույն կոմպոզիտոր, լավագույն դերասանուհի, լավագույն դերասան, լավագույն կարճամետրաժ ֆիլմ, լավագույն վավերագրական ֆիլմ, լավագույն անիմացիոն ֆիլմ, լավագույն դեբյուտ:  Նշյալ անվանակարգերից յուրաքանչյուրի համար համատասխանաբար ներկայացված են` 19, 18, 14,  20, 9,  18,  10,  20,  18, 31, 10, 11-ական ֆիլմերի հայտեր: Բացի հիմնական անվանակարգերից, կշնորհվի նաև  չորս հատուկ մրցանակ` հայկական կինոյի զարգացման գործում ունեցած ավանդի համար:

Մրցանակաբաշխության կանոնակարգի համաձայն` առաջին մրցանակաբաշխությանը կարող են մասնակցել միայն Հայաստանում` 1991-2011 թթ. ընկած ժամանակահատվածում արտադրված ֆիլմերը: Արդեն հաջորդ տարիներին կինոմրցանակաբաշխությանը կարող են մասնակցել ոչ միայն ՀՀ-ում արտադրված, այլ նաև արտերկրում հայկական թեմաներով և հայ ռեժիսորների կողմից նկարահանված ֆիլմեր:

Մրցանակաբաշխության ժյուրին կազմված է 11 անդամից: Յուրաքանչյուր անվանակարգին վերաբերող որոշումը կընդունվի ձայների պարզ մեծամասնությամբ: Քվերակությունը գաղտնի է: Ժյուրիի նախագահը կողմ և դեմ հավասար ձայների դեպքում վճռական ձայնի իրավունք ունի: Կանոնակարգի համաձայն` եթե ժյուրիի որևէ անդամ մասնակցություն է ունեցել մրցույթին ներկայացված ֆիլմերից որևէ մեկի ստեղծմանը, ապա իրավունք չունի քվեարկելու տվյալ անվանակարգի համար: Բոլոր մրցանակակիրները կստանան մրցանակ և դիպլոմ:

Առաջիկայում կգործի նաև  մրցանակաբաշխության  վեբ-կայքը` www.hayak.am էլ. հասցեով:

Հայաստանի ազգային կինոկենտրոն

Դիտվել է 824 անգամ:
Print Friendly

Leave a Reply