Նոր մանրամասներ Գյումրիում հայտնաբերված 21-ամյա կնոջ դիակի վերաբերյալ. նա 8 ամսական երեխա ունի
ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | ankakh | January 21, 2012 9:51
Գյումրիի Պոլիտեխնիկական ինստիտուտի նախկին շենքի նկուղում հայտնաբերված այրված ու հոշոտված 21-ամյա Մարի Դավթյանը, մեր տեղեկություններով, 2 երեխաների մայր է, նրա փոքր երեխան 8 ամսական է:
Մարի Դավթյանի ընտանիքը գտնվում էր սոցիալական ծանր վիճակում, իսկ մորը նա կորցրել էր վերջերս: Նշենք նաեւ, որ Գյումրիի Սավոյան թաղամասում առհասարակ բնակվում է Գյումրիի խոցելի խավը:
Այրված կնոջ դիակը առաջինը նկատել է նախկին պոլիտեխնիկական ինստիտուտի շենքի պահակը՝ Վոլոդյա Կարապետյանը: NEWS.am-ի թղթակցին նա պատմել է, որ երեկ շենք ընդհանրապես չի մտել եւ այրված դիակը տեսել է այսօր առավոտյան:
«Երբ տեսա, շատ վախեցա, գնացի տուն տղայիս ասացի պետք է զանգենք ոստիկանություն»,-ասել է Կարապետյանը:
Տեղում աշխատել է ոստիկանական օպերատիվ խումբը: Դիակը ենթարկվելու է դատաբժշկական փորձաքննության: Շիրակի մարզային քննչական բաժնի ավագ քննիչ Վահրամ Բեյբությանի փոխանցմամբ՝ տեղանքից առգրավվել են իրեղեն ապացույցներ՝ մոխիր, հող՝ դյուրավառ նյութով:
Պետք է պարզել, թե տեղի ունեցածն ինքնահրկիզո՞ւմ է, թե հրկիզում եւ արդյոք կնոջ մարմինը վառվել է հենց տեղո՞ւմ, թե վառվելուց հետո է տեղափոխվել վթարային շենք:
Հավելենք, որ դիակը 70 տոկոսով համարվում է այրված եւ բացի դրանից հոշոտված է կենդանիների կողմից:
NEWS.am






Facebook
Tweet This
Email This Post
