Դատապարտվել է ազատազրկման` 8 տարի ժամկետով

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | January 21, 2012 2:40

Դատարանն ապացուցված է համարել Մ. Թումասյանին գողություն կատարելու, հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելու, կեղծ վճարային փաստաթղթեր պատրաստելու,  փաստաթղթեր կեղծելու  համար առաջադրված մեղադրանքները եւ դատապարտել ազատազրկման:

Նախաքննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ  Մ. Թումասյանը 2008 թվականի սեպտեմբերի սկզբներին, գտնվելով Ռուսաստանի Դաշնության Մոսկվա քաղաքում, համացանցային շփումների ընթացքում ծանոթացել է քննությամբ դեռևս չպարզված` «Loader» կեղծանուն օգտագործող անձնավորության հետ, որը պատրաստակամություն է հայտնել տրամադրել ԱՄՆ «Citibank»-ի կողմից թողարկված բանկային քարտերի մագնիսական ժապավենների վրա գրառված տեղեկությունները` բանկային քարտերի կեղծ կրկնօրինակներ պատրաստելու և «Citibank» -ի` ԱՄՆ-ում գործող բանկոմատներից գումարներ հափշտակելու համար:

Հանցավոր մտահղացումն իրագործելու նպատակով ձևավորվել է կայուն կազմակերպված խումբ, որի անդամները տևական ժամանակ` 2008 թվականի սեպտեմբերից մինչև նոյեմբեր ամիսը գործել են տարբեր պետությունների` Ռուսաստանի Դաշնության, Մեքսիկայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների տարածքներում, կապ պաշտպանել համացանցի միջոցով և «Citibank»-ի ու «7-11» ցանցի խանութների բանկոմատներից Ամերիկայի Միացյալ Նահանգների տարածքում  նշված ժամանակահատվածում կանխիկ գումարի տեսքով գողացել են առնվազն 134.178.839 ՀՀ դրամին համարժեք 436.500 ԱՄՆ դոլար առանձնապես խոշոր չափերի գումար£

Այնուհետեւ Մ. Թումասյանը որոշել է ինքնուրույն զբաղվել բանկային քարտերի կեղծ կրկնօրինակների պատրաստմամբ, որի համար ձեռք է բերել անհրաժեշտ սարքավորումներ եւ նյութեր, քննությամբ դեռեւս չպարզված ու 2009թ. հունվարի 19-ին համացանցում մեկ այլ կեղծանուն կրող անձնավորությանը ICQ հաղորդագրությամբ պատվիրել է պատրաստել «Վիզա» եւ «Մաստեր քարդ» վճարային համակարգերի պլաստիկ քարտերի համար նախատեսված կեղծ հոլոգրաֆիկ  լոգո-պիտակներ, ինչպես նաեւ քարտերի դարձերեսին փակցվող, ստորագրության համար նախատեսված կեղծ շերտեր եւ պատրաստել է թվով 32 բանկային քարտերի կեղծ կրկնօրինակներ:

Բացի այդ, Մ. Թումասյանը այլ անձի անվամբ ձեռք է բերել վարորդական իրավունքի կեղծ վկայական, որպեսզի կարողանա կեղծ տվյալներով պատրաստված բանկային քարտերով գործարքներ կատարել:

Երեւան քաղաքի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի` 2011թ. դեկտեմբերի 23-ի դատավճռով Մ. Թումասյանը հանցավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով, 203-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, 190-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով եւ 38-325-րդ հոդվածի 1-ին մասով եւ ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի կարգով, նշանակված պատիժները մասնակիորեն գումարելու սկզբունքով դատապարտել ազատազրկման` 8 տարի ժամկետով:

 

 

Դիտվել է 739 անգամ:
Print Friendly

Leave a Reply