Վրաստան. ընտրական բարեփոխումները քննադատության են արժանանում Օրենսդրական բարեփոխումները միտված են կանխելու հզոր օլիգարխի`ընդդիմությանը ֆինանսապես աջակցելու մտադրությունները
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Շաբաթվա լուր | ankakh | January 20, 2012 19:04Վրաստանի խորհրդարանը հաստատել է ընտրական օրենսդրության բարեփոխումները այս տարվա հոկտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ, սակայն ընդդիմության ներկայացուցիչները պնդում են, որ բարեփոխումներն անտեսում են միջազգային հանրության կարեւոր հանձնարարականները, որոնք կենսական նշանակություն ունեն ժողովրդավարության զարգացման համար:
Եվրոպայի Խորհուրդը, Եվրոպական Միությունը, ԱՄՆ-ը եւ ՆԱՏՕ-ն կոչ էին անում Վրաստանին ընտրական օրենսգրքում բարեփոխումներ իրականացնել`քաղաքական դաշտը կարգավորելու նպատակով, իսկ ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենն անցյալ նոյեմբերին ուսանողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ 2012-13 թթ. ընտրությունները Վրաստանի ժողովրդավարական զարգացման «գլխավոր չափորոշիչը» կլինեն:
Բարեփոխումների քննադատները պնդում են, որ դրանց մի մասը պարզապես ձեւականորեն են համապատասխանում ընդդիմության եւ Արեւմուտքի պահանջներին, մինչդեռ դրանց մյուս մասը հիմնականում մշակվել է վրաց միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլու`գործող իշխանություններին դեմ հանդես գալու նկրտումները չեզոքացնելու նպատակով:
46 փոփոխություններից հետո, Վրաստանի Խորհրդարանը, վերջապես, հաստատեց նոր ընտրական օրենսդրությունը վերջին`երրորդ ընթերցմամբ, որը տեղի ունեցավ դեկտեմբերի 27-ին եւ որին մասնակցող 113 պատգամավորներից 111-ը օրենսդրության ընդունմանը կողմ քվեարկեցին:
«Օրենսգիրքն ընդունված է: Այժմ միայն մի փոքր քայլ է մնում`անցկացնել ընտրությունները», – հայտարարեց Վրաստանի խորհրդարանի խոսնակ Դավիթ Բաքրաձեն քվեարկությունից հետո:
Հունվարի 5-ին օրենքը ստորագրելով`նախագահ Միխեիլ Սահակաշվիլին նշեց, որ նոր օրենսդրությունն ընտրական գործընթացն ավելի օրինական կդարձնի. «Ընտրությունները պետք է մաքուր լինեն»:
Ընդդիմության ներկայացուցիչները, այնուամենայնիվ, հույս ունեին, որ նոր օրենքների շնորհիվ ընտրական շրջանների նշանակալի մասում մեծամասնական ընտրակարգը կփոխարինվի համամասնական ընտրակարգով: Նրանց կարծիքով`հին ընտրակարգը գործում է Սահակաշվիլու ղեկավարած իշխանական կուսակցության`«Միացյալ ազգային շարժման» օգտին, մինչդեռ ընտրակարգի փոփոխությունը թույլ կտար ընդդիմադիր կուսակցություններին հասարակությունից ստացած աջակցության իրական մակարդակին համապատասխան դիրքեր զբաղեցնել:
Նախքան օրենսդրական բարեփոխումները, Վրաստանի խորհրդարանի 75 անդամներն ընտրվում էին համամասնական, իսկ մնացածը`մեծամասնական ընտրակարգով: Նոր օրենքով, այս հարաբերակցությունը կհավասարվի 77:73-ի, սակայն օրենքի հակառակորդները պնդում են, որ այս փոփոխությունն այնքան չնչին է, որ մեծ տարբերություն այս դեպքում չի զգացվի:
Բացի այդ, այս օրենքը չի լուծում մեծամասնական ընտրակարգով գործող ընտրաշրջաններում գրանցված բնակչության քանակի միջեւ հսկայական տարբերությունների խնդիրը: Մեկ ընտրաշրջանում կարող են գրանցված լինել նվազագույնը 6 000, իսկ առավելագույնը`140 հազարից ավել ընտրողներ:
Եվրոպայի Խորհրդի Վենետիկի հանձնաժողովը, որը զբաղվում է սահմանադրական իրավունքի խնդիրներով, դեկտեմբերին կոչ էր արել լուծել այս խնդիրը`նշելով, որ «մոտավորապես նույն քանակի բնակչությամբ ընտրաշրջանների» ստեղծման ձախողումը անհնարին կդարձնի «հավասար քվեարկության ապահովումը»:
Նոր ընտրական օրենսդրության մեջ իրականում ներառված են Վենետիկի հանձնաժողովի մի շարք հանձնարարականներ: Այսուհետ 5 տարուց պակաս ժամկետով ազատազրկման դատապարտվածները քվեարկության իրավունք կստանան, իսկ ընտրատեղամասերում ներկա գտնվող լիազորված անձանց կթույլատրվի նկարահանել, բացառությամբ ընտրական խցիկի ներսը: Օրենքը նաեւ արգելում է պետական պաշտոնյաներին ընտրական քարոզարշավով զբաղվել իրենց աշխատանքի ընթացքում, չնայած օրենքն անտեսում է հանձնաժողովի այն առաջարկը, որի համաձայն տարածաշրջանային իշխանությունների բոլոր ղեկավարներին եւ բարձրաստիճան պաշտոնյաներին պետք է արգելել ընտրական քարոզչություն իրականացնել:
«Transparency International»-ի վրաստանյան գրասենյակի հավաստմամբ`նոր օրենսդրության որոշ դրույթներ հետադարձ ուժ ունեն, հետեւաբար, հակասահմանադրական են, եւ այս խնդրի առնչությամբ իր անհանգստությունն է հայտնել նաեւ ԱՄՆ-ի դեսպանատունը:
«Մենք ափսոսում ենք, որ ոչ մի համաձայնություն ձեռք չի բերվել նոր օրենսգրքի այն մասերի առնչությամբ, որոնք վերաբերում են ընտրական համակարգում առկա անհավասարության հարատեւ զգացումը վերացնելու խնդրին: Մեզ մտահոգում է այն հանգամանքը, որ ընտրական քարոզարշավի ֆինանսավորման վերաբերյալ որոշ դրույթների հետադարձ ուժի շնորհիվ`քաղաքական մրցակցության ոլորտում գոյություն ունեցող անհավասարությունն ավելի կամրապնդվի», – նշվում է դեսպանատան հայտարարության մեջ:
Օրենսդրության նոր դրույթներից մեկի համաձայն`քաղաքական կուսակցությունների ֆինանսավորումը բիզնեսի կողմից այսուհետեւ սահմանափակվելու է. կարծիքներ են հնչում, որ այս նորմը մշակվել է հատկապես այն նպատակով, որպեսզի օլիգարխ Իվանիշվիլու քաղաքական դիրքերը չամրապնդվեն:
Իշխանությունները զրկեցին Իվանիշվիլուն Վրաստանի քաղաքացիությունից, երբ վերջինս հայտարարեց անցյալ տարվա հոկտեմբերին, որ պատրաստվում է քաղաքական կուսակցություն հիմնել:
2011 թվականի վերջին Իվանիշվիլին 2,6 միլիոն դոլարի նվիրատվություն կատարեց 4 ընդդիմադիր կուսակցություններին: Նախկինում մասնավոր դրամական նվիրատվությունները, որպես կանոն, բաժին էին հասնում Սահակաշվիլու ղեկավարած «Միացյալ ազգային շարժմանը»: 2010 թվականին տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին նախորդող քարոզարշավի ժամանակ իշխող կուսակցությունը ծախսել էր շուրջ 14 միլիոն լարի`մոտավորապես 8,3 միլիոն դոլար [ներկայիս փոխարժեքով], մինչդեռ 4 ընդդիմադիր կուսակցությունները միասին ընդամենը շուրջ 2 միլիոն լարի էին ծախսել:
Նոր օրենսդրության համաձայն`անհատներին չի թույլատրվում տարեկան կտրվածքով 3 600 դոլարը գերազանցող գումարի չափով քաղաքական նվիրատվություններ անել, իսկ անդամակցության վճարը սահմանափակվում է 600 դոլարով: Եթե կուսակցությունը ստանում է քվեարկողների ձայների 5 տոկոսից ավելին, ապա կարող է մոտավորապես 600 հազար դոլարի չափով պետական ֆինանսավորում ստանալ:
Սա կարող է բավական մեծ գումար թվալ, սակայն ընդդիմադիր «Հանրապետական» կուսակցության ներկայացուցիչ Վախթանգ Խմալաձեի խոսքերով, այն չափազանց քիչ է այն միջոցների համեմատ, որոնք կուսակցությունները կարող են հավաքել մասնավոր կարգով:
Մեկ այլ`առանձին օրենքով խստացվում է «քաղաքական նպատակներով» կաշառակերության համար սահմանված պատիժը: Այս հանցատեսակը ներկայում պատժվում է ծանր տուգանքներով կամ երեք տարի ժամկետով ազատազրկմամբ: Այն ընկերությունները, որոնց մոտ նմանատիպ խախտումներ կհայտնաբերվեն, կարող են հայտնվել լուծարման եզրին:
Խմալաձեն համոզված է, որ մասնավոր աղբյուրներից ստացած ֆինանսավորման կրճատումը կարող է խարխլել ժողովրդավարության դիրքերը:
«Եթե կրճատվում են նվիրատվությունների չափերը, ապա կուսակցության`պատշաճ ընտրարշավ կազմակերպելու հնարավորությունները եւս նվազում են: Այս օրենսդրական փոփոխություններն ավելի վատ ազդեցություն են ունենում ընտրական մթնոլորտի վրա, այն բարելավելու փոխարեն», – ասում է Խմալաձեն:
Սոֆո Բուկիա, Մայա Ցիկլաուրի, Կովկաս
Կովկասյան լրատու






Facebook
Tweet This
Email This Post
