Նախագահի համաներման անարդար կիրառությունը. տեսանյութերը փաստում են, որ կալանավոր Հացպանյանը պատերազմի մասնակից է

Շաբաթվա լուր, ՔԱՂԱՔԱԿԱՆ | | September 24, 2009 10:13
78

Կադրեր տեսանյութից

«Անկախն» իր տրամադրության տակ ունի տեսագրություններ, որոնք փաստում են, որ կալանավոր Սարգիս Հացպանյանը մասնակցել է Արցախյան պատերազմին: Կադրերից մեկում Հացպանյանը մի հին դահլիճում` մարդկանց ու մարտական ընկերներով հանդիպում Է ՀՀ երկրորդ նախագահ, այն ժամանակ` Ղարաբաղի նախագահ Ռոբերտ Քոչարյանին:

Մյուս կադրերում Հացպանյանը մարտի դաշտում է եւ հստակ երեւում է, որ մասնակցում է մարտական գործողություններին: Կադրերից մեկում նա զենքզինամթերքի արկղեր է տեղափոխում, ընկերների հետ զրուցում գրոհների մասին:

Սարգիս Հացպանյանի նկատմամբ նախագահի համաներումը չտարածվեց այն պատճառաբանությամբ, որ նա չի մասնակցել ղարաբաղյան պատերազմին:

Համաներումը տարածվում է մինչեւ երեք տարի դատապարտվածների եւ 3-ից մինչեւ 5 տարի ոչ ծանր հանցագործություն կատարած այն մարդկանց վրա, ովքեր մասնակցել են ղարաբաղյան պատերազմին:

2009թ. ապրիլի 9-ին Երեւանի Կենտրոն եւ ՆորքՄարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը Սարգիս Հացպանյանին դատապարտել է 3 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման` սուտ մատնության մեղադրանքով (ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով):

Քննչական մարմինը եւ Դատարանը որպես սուտ մատնություն է դիտարկել «Հայկական ժամանակ» (2008թ. նոյեմբերի 4) օրաթերթին Հացպանյանի տված հարցազրույցը «Մահափորձ Սերժ Սարգսյանի դեմ» վերնագրով, ուր նա կարծիք է հայտնել, որ Սերժ Սարգսյանի դեմ մահափորձ է իրականացվելու. «Դրա իրականացման համար, ըստ իմ «բարեկամի» պատմածների, երկրում շահագրգռված երկու ուժ կա: Առաջինը` Ռոբերտ Քոչարյանն է, իմա ՀՅԴ եւ «Սիվիլիթաս» խմբի օտարահաճ սպասավորները», – ասել է նա:

Հուլիսին վերաքննիչը պատիժը նույնը թողեց, իսկ վճռաբեկը օգոստոսին հետ վերադարձրեց բողոքը` պատճառաբանությամբ, թե հիմքեր չկան, որ վերաքննիչն առերեւույթ դատական սխալ է թույլ տվել:

123

Հացպանյանը առաջին գծում

47-ամյա Սարգիս Հացպանյանը ծնվել է Թուրքիայի Ալեքսանդրիդ քաղաքում, 80-ականներին Թուրքիայում զինվորական հեղաշրջման հետեւանքով մեկնել է Եվրոպա, դարձել է ֆրանսիայի քաղաքացի: Ավարտել է Սորբոնի համալսարանի ռեժիսուրայի բաժինը: 1990 թվից բնակվում է Հայաստանում:

Երեք ամիս առաջ բազմաթիվ այլ վկայություններ եղան, որ Հացպանյանը մասնակցել է պատերազմին:

ԼՂՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուդիկ Հյուսնունցը ՀՀ արդարադատության նախարարին ուղարկած վկայության մեջ գրում է. «Ես, որպես արցախյան շարժման Մարտակերտի թեւի կազմակերպիչներից մեկը, վկայում եմ առ այն, որ ֆրանսահայ Սարգիս Հացպանյանը 1991 թվից ի վեր մասնկացել է Արցախի ազատագրական պայքարին: Նա բազմիցս վտանգելով կյանքը զենքի, զինամթերքի եւ զինվորական հանդերձանքի տարբեր խմբաքանակներ է տեղափոխել Արցախ հատկապես Մարտակերտի շրջանի կամավորական ջոկատների համար: Ս.Հացպանյանը մասնակցել է Մարտակերտի շրջանի Մարաղայի եւ Ազդաբանի ազատագրական մարտերին»:

Բազմաթիվ այլ մարդիկ նույնպես վկայում են, որ Հացպանյանը մասնակցել է պատերազմին, նրանց մեջ պատերազմի վավերագիր, լուսանկարիչ Զավեն Խաչիկյանը, պատերազմի մասնակիցներ նկարիչ Մարտիրոս Բադալյանը, Գարեգին Գինոսյանը:

Կան նաեւ Հացպանյանի մի շարք մարտական ընկերների վկայությունները` տրված Մահապարտների «Արծիվ» գումարտակի «X» կործանիչ դասակի եւ «Վլադիմիր Բալայանի» անվան ջոկատի մարտիկների կողմից, առ այն, որ Սարգիս Հացպանյանը 1991-1993թթ. իրենց հետ մասնակցել է ռազմական գործողություններին եւ մի շարք բնակավայրերի պաշտպանության մարտերին: 1993թ. նրան տրվել է սպայի վկայական: Ինչպես նաեւ նրա քրեական գործում կան փաստեր, որ նա ԼՂՀ պաշտպանության բանակի հրամանատարի կողմից պարգեւատրվել է «COLT SPECIAL 38» տեսակի, W 03409 սերիայի ատրճանակով, իսկ 1993թ. ՀՀ Ռազմական ոստիկանության կողմից առգրավվել է ՊՄ տեսակի. թիվ 4249 OS սերիայի ատրճանակ, որը հաշվառված է եղել ԼՂՀ ՊԲ թիվ 49971 զորամասում եւ ամրակցված է եղել Սարգիս Հացպանյանին:

rob1

Կադր Ռոբերտ Քոչարյանի և Սարգիս Հացպանյանի հանդիպումից

Այսուհանդերձ, այս ամենը Արդարադատության նախարարությունը բավարար չի համարել եւ համաներումը տարածելու համար պահանջում է Ղարաբաղի եւ Հայաստանի պաշտպանության նախարարությունների պաշտոնական տեղեկանքը:

Հացպանյանի պաշտպանությունն իրականացնող «Հայաստանի Հելսինկյան կոմիտեն» եւ իրավապաշտպանները մինչ օրս չեն կարողանում ոչ ԼՂՀ ՊՆից եւ ոչ ՀՀ ՊՆից ձեռք բերել տեղեկանք, որ Սարգիս Հացպանյանը մասնակցել է Ղարաբաղյան ազատամարտին: Պատճառն այն է, որ Հացպանյանը հաշվառված չի նախարությունների արխիվներում, եւ նրանք տեղեկանք տալու համար հիմք չունեն:

Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը նշում է որ, Հացպանյանին 3.5 տարի դատապարտելը վրեժխնդրություն է:

«Հայաստանի Հելսինկյան կոմիտեի» իրավաբան, Հացպանյանի դատապաշտպան Ռոբերտ Ռեւազյանը հավելում է, որ Հացպանյանի հարցազրույցը հանցակազմ չի պարունակում, քանի որ նա իր խոսքը ԶԼՄի է ասել: Եթե նա դա ասեր պետական մարմիններին, ապա «սուտ մատնություն» հանցակազմը կարելի կլիներ կիրառել:

«Սարգիս Հացպանյանին ինչոր մեկն ուզում է պատժած լինի, ինչոր մեկը ամենաբարձր մակարդակի հաշվեհարդար է իրականացնում»,- ասաց իրավապաշտպան Վարդան Հարությունյանը:

Դիտվել է 1869 անգամ:
Print Friendly

Leave a Reply