Ջուր` Օջալանի դիմաց. ի՞նչ գնով հաստատվեցին Թուրքիա-Սիրիա ռազմավարական հարաբերությունները

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Շաբաթվա լուր | | September 24, 2009 10:04

syria-turkeyԱնցած շաբաթվա ընթացքում խորքային զարգացումներ գրանցվեցին ԹուրքիաՍիրիա հարաբերություններում. այդ պետությունները համաձայնեցին ստեղծել Ռազմավարական համագործակցության միջկառավարական հանձնաժողով, որն զբաղվելու է երկու երկրների միջեւ տրանսպորտային, էներգետիկ ու բարձրագույն տեխնոլոգիաների ոլորտում փոխգործակցության խթանմամբ ու համատեղ ներդրումների իրականացմամբ: Պայմանավորվածությունը ձեռք բերվեց Անկարայում Սիրիայի նախագահի եւ Թուրքիայի վարչապետի հանդիպման ժամանակ: Բաշար Ասադն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննարկեցին նաեւ տարածաշրջանային ու արաբիսրայելական հակամարտությանն առնչվող հարցեր: Երկու երկրների արտգործնախարարներն ստորագրեցին համատեղ հուշագիր` վիզային ռեժիմը վերացնելու մասին:

Սիրիաթուրքական առնչությունների ամբողջ ընթացքում այդ հարաբերությունները նման վերելք չեն ապրել ինչպես վերջին տասնամյակում:

Հետսառըպատերազմյան ժամանակաշրջանում ՍիրիաԹուրքիա հարաբերությունները հասել էին թշնամական մակարդակի: Անկարան Դամասկոսին մեղադրում էր, որ նա պարարտ հող է Քրդստանի բանվորական կուսակցության (ՔԲԿ) զինյալների համար, որոնք այնտեղից թափանցելով թուրքական տարածքներ` ահաբեկչական գործողություններ են իրականացնում: Իրականում էլ այդպես էր: Թուրգութ Օզալի նախագահության տարիներին Թուրքիայում փորձեցին իրականացնել մեծ մասշտաբի գյուղատնտեսական ծրագրեր, հատկապես` հարավարեւելյան շրջաններում. ամենամեծ խնդիրը հողատարածքների ոռոգման հարցն էր: Դեպի Սիրիա եւ Իրաք հոսող Եփրատ եւ Տիգրիս գետերի հուները կառավարում էր Թուրքիան, որը բազմիցս զգուշացրել էր Սիրիային եւ սպառնացել, որ ջրի բացթողումը կնվազեցնի, եթե նա շարունակի սատարել ՔԲԿի զինյալներին: Հարաբերությունները սրվեցին նաեւ 1999 թ. հունվարին. Անկարան պաշտոնապես զգուշացրեց Դամասկոսին, որ եթե նրան չհանձնի Քրդստանի բանվորական կուսակցության առաջնորդ Աբդուլլահ Օջալանին, ապա կհարձակվի Սիրիայի վրա: Իրադարձություններն այնպես զարգացան, որ Սիրիան հրաժարվեց շուրջ 15 տարի իր հողերում ապաստանած, մարտական ճամբարներ ստեղծած ու իր տարածքներից Թուրքիա գրոհայիններ ուղարկած Օջալանից:

Օջալանը դուրս եկավ Սիրիայից եւ քիչ ժամանակ անց ձերբակալվեց Հունաստանի իշխանությունների եւ իսրայելական գաղտնի ծառայությունների` «Մոսադի» ջանքերով: Սիրիան, իհարկե, Օջալանին նվիրաբերելու դիմաց ստացավ այն ինչ այդ ժամանակ թվում էր անհնարին` Թուրքիան ավելացրեց Եփրատ եւ Տիգրիս գետերի ջրերի հոսքը դեպի Սիրիա:

Օջալանի վտարումն ու ձերբակալումը դարձավ այն անկյունաքարը, որի հիման վրա այսօր խարսխվել են այդ ռազմավարական հարաբերությունները:

Ինչպե՞ս բացատրել Թուրքիայի արտաքին քաղաքականությունում այս փոփոխությունը եւ գրանցած «հաղթանակը»: Վերջին շրջանում մերձավորարեւելյան տարածաշրջաններում Թուրքիայի արտաքին քաղաքականությունը մտավ փոփոխությունների նոր փուլ: Դա պայմանավորված է ներքաղաքական զարգացումներով եւ որոշումների ընդունման միջազգային կենտրոնների ծրագրերով: Տարածաշրջանի աշխարհաքաղաքական պատկերը փոփոխվեց 2003 թ., երբ ամերիկյան զինուժը մուտք գործեց Իրաք: Իրաքը պայմանականորեն բաժանվեց երեք մասի` հյուսիսային մասում դե ֆակտո քրդական իշխանությամբ: Անկարայում ոչ պակաս էին անհանգստացած այս զարգացումով, որովհետեւ Թուրքիայի հարավարեւելյան շրջանները, որոնք հիմնականում բնակեցված են քրդերով, սահմանակից են Հյուսիսային Իրաքին, այսինքն` դե ֆակտո ստեղծված Քրդական պետության սահմանին: Թուրքիայի ամենամեծ մտավախությունն այն էր (եւ շարունակում է մնալ), որ քրդերի` Իրաքում պետություն ստեղծելու, փորձը վարակիչ կլինի իր տարածքում ապրող քրդերի համար, եւ նրանք հետագայում կապստամբեն Կենտրոնի դեմ ու կմիանան իրաքցի քրդերի պետությանը:

Օջալանի` Սիրիայից դուրս գալուց եւ Թուրքիայի Էմրալի կղզում բանտարկվելուց հետո պայմանները փոխվեցին: Դամասկոսը հրաժարվեց իր տարածքները տրամադրել ՔԲԿականներին, փակեց նրանց ճամբարները եւ պարբերաբար Թուրքիային հանձնեց Անկարայի սեւ ցուցակում գտնվող եւ փնտրվող ՔԲԿականներին: 2002 թ. Թուրքիայում Արդարություն եւ զարգացում կուսակցության իշխանության գալուց հետո էլ հարաբերություններն ավելի ջերմացան եւ իսլամիստական այդ կուսակցության պահվածքից, նախընտրական ծրագրերից ու գործելաոճից պարզ դարձավ, որ այն զորավիգ է արաբական դատին եւ բնականաբար` դեմ է Իսրայելի քաղաքականությանը: Դամասկոսը բաց չթողեց այս հանգամանալից փոփոխությունը եւ փորձեց չեզոքացնել թուրքիսրայելական ալիանսը, որը գործում էր 1996 թվից:

ՔԲԿի պատճառով ԹուրքիաՍիրիա սրված հարաբերությունների եւ Սիրիայի վրա թուրքական բանակի հարձակման սպառնալիքների ժամանակ, Թել Ավիվում չէին վարանում հայտարարել, թե լավ առիթ է, որ Սիրիայի վրա նաեւ հարավից հարձակվի Իսրայելը: Խաղաղություն հաստատելով հյուսիսային հարեւանի հետ, Սիրիան նաեւ խուսափեց վաղեմի թշնամի Իսրայելի հետ ամեն րոպե հնարավոր պատերազմի դեպքում Թուրքիայի մասնակցությունից եւ չեզոքացրեց թուրքիսրայելական ռազմավարական հարաբերությունները:

Սիրիայի հետ հարաբերություններին ռազմավարական բնույթ տալու քայլերից էր նաեւ այն, որ Արդարություն եւ Զարգացում կուսակցությունը վերջերս Թուրքիայի խորհրդարանում նաեւ անցկացրեց մի վիճահարույց օրինագիծ, որը թույլ է տալիս արտասահմանյան ընկերություններին ականազերծել ԹուրքիաՍիրիա ամբողջ սահմանը:untitled1111

ԹուրքիաՍիրիա հարաբերությունների ջերմացմանը զուգահեռ` Անկարան միշտ աշխատել է նաեւ չեզոքացնել իրաքից եկող սպառնալիքները: Իրաք ամերիկյան զորքերի ներխուժումից հետո թուրք պաշտոնյաները գրեթե շաբաթը մեկ այցելում էին Բաղդադ եւ բարձր ղեկավարությունից փորձում խոստումներ կորզել, որ այդ երկրի հյուսիսային շրջանը պլացդարմ չի հանդիսանա քուրդ զինյալների համար: Թուրք պաշտոնյաները խոստանում էին մեծածավալ ներդրումներ կատարել հետպատերազմյան այդ երկրում, բազմիցս հայտարարում էին, որ նրանք ճանաչում են Իրաքի տարածքային ամբողջականությունը: Թուրքիան իր ներդրումն ունեցավ նաեւ Իրաքում գրեթե ամեն օր իրականացվող ահաբեկչական գործողությունների նվազեցման մեջ: Օգոստոսի 19-ին Իրաքի մայրաքաղաքում պետական հաստատությունների դիմաց տեղի ունեցած պայթյուններից հետո, (որի հետեւանքով զոհվեց 95 քաղաքացի, վիրավորվեց մոտ հազարը, եւ որի համար Բաղդադը մեղադրեց Դամասկոսին), Թուրքիան առաջինն էր, որ ի գործ դրեց միջնորդական առաքելությունը եւ Անկարայում համախմբեց իրաքցի եւ սիրիացի արտգործնախարարներին` լուծելու այդ խնդիրը: Անկարային հաջողվեց ջարդել այդ պայթյունից հետո ՍիրիաԻրաք հարաբերություններում առաջացած սառույցը: Դիվանագիտական այդ մեծ ջանքերի նպատակը ՔԲԿի դեմ պայքարի հարցում Իրաքի իշխանություններից հերթական խոստումը կորզելն էր: Փոխարենը Անկարան համաձայնեց բարձրացնել Իրաքին մատակարարվող Եփրատի եւ Տիգրիսի ջրերի քանակը:

Այս բոլոր զարգացումները պետք է դիտել Թուրքիայում քրդական հարցի կապակցությամբ կառավարության նոր մարտավարության համատեքստում: Ազատազրկման մեջ գտնվող Օջալանը օգոստոսի 17-ին հրապարակեց իր 5 կետերից բաղկացած «ճանապարհային քարտեզ»-ը, որը նախանշում էր քրդերի եւ թուրքերի խաղաղ համագոյակցության մեխանիզմը: Դրան հաջորդեց Թուրքիայի կառավարության պատասխան քայլը, որով վարդագույն խոստումներ էր տալիս քրդերին:

Բնականաբար, կառավարության այդ ծրագիրը չբավարարեց ոչ քրդերին, ոչ էլ Թուրքիայի ընդդիմությանը: Ազգայնական շրջանակները հիշեցնում էին, որ երկրում բոլոր ապրողները թուրքեր են` ըստ Սահմանադրության, որ երկրում չկա քրդական հարց, այլ կա իրավունքների եւ ազատությունների ընդարձակման հարց: Իսկ քրդերը հայտարարեցին, որ կառավարությունն ընդամենը փորձում է ժամանակ շահել եւ լուծում չտալ երկրում քրդերի սոցիալտնտեսական, մշակութային ու քաղաքական խնդիրներին: Իրադարձությունների հետագա զարգացումը ցույց կտա, թե ինչքանով է Թուրքիան պատրաստ լուծել իր տարածքում աղքատության մեջ ապրող քրդերի սոցիալական խնդիրները, եւ ինչքանով է պատրաստ Արդարություն եւ զարգացում կուսակցությունը լուծում տալ քրդերի քաղաքական հարցին: Պարզ է մեկ բան` Թուրքիայում ցանկացած իշխանություն կարող է գնալ ցանկացած քայլի, բացի քրդերին ինքնավարություն տալուց, էլ չենք խոսում առայժմ անհավանական թվացող անջատման մասին:

Դիտվել է 2637 անգամ:
Print Friendly

Leave a Reply