«Հայոց աշխարհ». «Լեդի Հակոբի» եղբորորդին հրաժարվում է ցուցմունք տալուց

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | January 20, 2012 12:48

Թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, իրավապահները 2011թ. դեկտեմբերի 14-ին, իրացնելով օպերատիվ տվյալները, Երեւանում, Կիեւյան կամրջի վրա ձերբակալել ու բերման են ենթարկել ԱԺ նախկին պատգամավոր, «Լեդի Հակոբ» մականվամբ հայտնի Հակոբ Հակոբյանի եղբոր (Սիմոնի) որդուն` 2006 թվականից հետախուզվող Ստեփան Հակոբյանին։ Նա հետախուզվում էր Քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետի հատկանիշներով:

Ստեփան Հակոբյանի ձերբակալությունը կապված է 2006թ. հունիսին Մալաթիա-Սեբաստիա համայնքի նախկին թաղապետ Վահան Զատիկյանի որդու` Սեդրակ Զատիկյանի սպանության` հասարակական մեծ հնչեղություն ստացած գործի հետ: Նա մասնավորապես մեղադրվում է Ս.Զատիկյանի սպանությունը պատվիրելու, կազմակերպելու համար:

Համառոտ հիշեցնենք. 2006 թ. հունիսի 22-ին, ժամը 14:45-ի սահմաններում, Սեբաստիայի եւ Տիչինայի փողոցների խաչմերուկում ԱԿ-74 ինքնաձիգից «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենային ուղղված կրակահերթի հետեւանքով նշված մեքենայի վարորդ, 1980 թ. ծնված Սեդրակ Վահանի Զատիկյանը վիրավորվել էր եւ հիվանդանոցի ճանապարհին մահացել: Նույն վայրում կրակոցներից մահացել էր պատահական անցորդ` 1969 թ. ծնված Կարինե Սարգսյանը:

Գլխավոր դատախազին առընթեր ՀԿԳ քննիչ Հակոբ Ղարախանյանի «Առաջադրված մեղադրանքը լրացնելու եւ նոր մեղադրանք առաջադրելու մասին» 09.07.2007թ որոշման մեջ նշված է, որ Ս.Հակոբյանը, ինչպես նախաքննությամբ հիմնավորվել է, բացի վերոհիշյալ հանցագործությունից, կատարել է նաեւ այլ հանցագործություն. «Ստեփան Հակոբյանը մի խումբ անձանց հետ նախապես համաձայնության գալով, 2006թ. հունիսին կազմակերպել է Սեդրակ Զատիկյանի սպանությունը…»: Այն ժամանակ Ս.Հակոբյանի նկատմամբ հայտարարվեց հետախուզում Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետի հատկանիշներով:

Ինչո՞ւ հիշեցրինք այս ամենը: Մեր ստացած տեղեկությունների համաձայն, ձերբակալվելուց հետո Ստեփան Հակոբյանը համառորեն հրաժարվում է նախաքննության մարմնին որեւէ ցուցմունք տալ: Հավանաբար այդպես վարվելը նրան խորհուրդ է տվել փաստաբանը կամ մեկ ուրիշը, որպեսզի բացառի Ս.Հակոբյանի սխալվելու, այսինքն` իրականության թեկուզ ինչ-որ դրվագ հայտնելու հավանականությունը, հնարավորինս դժվարացնի նրա մեղավորության հիմնավորումը կամ նախաքննության մարմնի աշխատանքը:

Թե տվյալ պարագայում որքանո՞վ օգտակար կլինի փաստաբաններին, ինչպես նաեւ կասկածյալներից ու մեղադրյալներից ոմանց հայտնի վերոնշյալ հնարքը, դժվար է միանշանակ ասել, բայց, գործին ծանոթ անձանցից մեկի կարծիքով, լռելը Ս.Հակոբյանին ինչ-որ բան չի տալու եւ նման է խեղդվելու դեպքում ձեռքը փրփուրներին գցելուն:

Շրջանառվող լուրերի համաձայն, առաջիկայում կտրուկ բարելավվելու են քրեակատարողական հիմնարկում Ս.Հակոբյանի գտնվելու վայրի պայմանները: Բացառված չէ, որ երիտասարդի մոտ, ասենք, հեռուստացույց էլ հայտնվի:

Ի դեպ, տեղեկություններ կան նաեւ, թե Հակոբյանները ինչ-ինչ բանակցություններով ձգտում են հասնել նրան (իբր այս կապակցությամբ հուսադրող խոստումներ էլ են ստացել), որ Ս.Հակոբյանը ցմահ ազատազրկման չդատապարտվի, եթե դատապարտվելու է, 12-20 տարի պատժաժամկետ ստանա: Մնացյալը, ինչպես ասում են, ժամանակը ցույց կտա»:

 

News.am

Դիտվել է 913 անգամ:
Print Friendly

Leave a Reply