Արտահայտման ազատության իրավունքը չի արդարացնում Ցեղասպանության ժխտումը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Շաբաթվա լուր | | January 21, 2012 7:00

Հաջորդ  շաբաթ Ֆրանսիայի Սենատին կներկայացվի Հայոց ցեղասպանության մերժումը քրեականացնող օրինագիծը, ըստ որի`  սահմանվում է  մինչև 1 տարվա ազատազրկում և 45 հազար եվրո տուգանք Հայոց ցեղասպանությունը ժխտողների նկատմամբ:

Այս պահին արդեն գրեթե կասկած չկա, որ Սենատը կընդունի օրինագիծը, ավելին, այն այլևս իրողություն են համարում:

Թուրքիայում այս փաստը, բնականաբար, ոգևորությամբ չի ընդունվում. օրինագիծը Ֆրանսիայի Սենատի օրակարգում հայտնվելու կապակցությամբ հնչեցին կոշտ հայտարարություններ, տրվեցին բավական խիստ գնահատականներ: Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հայտարարեց, որ Սենատում օրինագիծն ընդունելու դեպքում անպայման կհետևեն  սանկցիաներ: Սակայն Թուրքիայում հասկանում են, որ  Ֆրանսիան, լինելով տնտեսապես ավելի հզոր երկիր, հազիվ թե այդ սանկցիաներից տուժի, դրանից հենց Թուրքիան է տուժելու և ի վերջո տեղի է տալու,  ինչպես դա եղավ 2001 թ., երբ Ֆրանսիան ընդունեց Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձև:

Այն ժամանակ դարձյալ կոշտ հայտարարություններ հնչեցին, թուրքերը փորձեցին սանկցիաներ կիրառել, սակայն ավելի ուշ երկու երկրների հարաբերությունները դարձյալ կարգավորվեցին:

Թուրքիայում  սկսեցին Սարկոզիի անունով տակդիրներ, զուգարանի թղթեր արտադրել,  նաև հայտարարեցին, թե ֆրանսիան ինքն էլ ցեղասպանություն գործած երկիր է, իսկ Հայոց ցեղասպանության մերժումը քրեականացնող օրինագծի հեղինակին` Վալերի Բոյերին ու նրա ընտանիքին սպառնալիքներ ուղղեցին:

Ավելի ուշ Էրդողանը հայտարարեց, թե այս քայլով  ֆրանսիայում վերացավ առողջ քննադատության միջավայրը: Այսինքն` Ֆրանսիան, որ ամենուրեք խոսում է խոսքի ազատության մասին, ինքն էլ այլևս սահմանափակում է խոսքի ազատությունը` ընդունելով նման օրինագիծ:

Փաստորեն խոսքի ազատության պաշտպանության մասին խոսեց մի երկրի վարչապետ, որն ամենաքիչն է հարգում արտահայտվելու իրավունքը և ձերբակալված լրագրողների թվով առաջինն է աշխարհում:

Հասկանալի է, որ խոսքի ազատության պաշտպանության կողմնակից է ներկայանում Թուրքիան, քանի որ դա իր շահերից է բխում,  սակայն նման տեսակետներ հնչում են նաև Հայաստանում:

Հայաստանյան արձագանքներ

Օրինագիծը Սենատում հայտնվելուց հետո շատերը  խոսեցին Ֆրանսիայի այդ քայլի քաղաքական դրդապատճառների մասին, խոսեցին նաև Թուրքիայի հայ համայնքին սպառնացող հնարավոր վտանգների մասին, եղան տեսակետներ, թե Ֆրանսիայի այս քայլն ուղղված է մարդկությանն ու ապագային:

Այնուամենայնիվ, Հայաստանում գտնվեցին մարդիկ, որոնք հայտարարեցին, թե օրինագծի ընդունումը, այո, արտահայտման իրավունքի սահմանափակում է:  Նման միտք է արտահայտել նաև իրավապաշտպան Միքայել Դանիելյանը «Առավոտ» օրաթերթի հետ զորույցում, որին  իր պաշտպանության տակ է առել նաև Պետրոս Ղազարյանը:

Սակայն, ինչպես ամրագրված է  ՀՀ Սահմանադրության 43-րդ հոդվածում, «Մարդու և քաղաքացու՝ Սահմանադրության 23-25, 27, 28-30, 30.1-րդ հոդվածներով, 32-րդ հոդվածի երրորդ մասով ամրագրված հիմնական իրավունքները և ազատությունները կարող են սահմանափակվել միայն օրենքով, եթե դա անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում պետական անվտանգության, հասարակական կարգի պահպանման, հանցագործությունների կանխման, հանրության առողջության ու բարոյականության, այլոց սահմանադրական իրավունքների և ազատությունների, պատվի և բարի համբավի պաշտպանության համար»:  Ինչպես տեսնում ենք, սահմանափակման ենթակա հոդվածների թվում է նաև 27-րդ հոդվածը, որով պաշտպանվում է խոսքի ազատությունը:

XX դարի առաջին ցեղասպանությունը եղել է հայերի ցեղասպանությունը, և եթե այն ժամանակ` Հայոց ցեղասպանությունից հետո, մարդու իրավունքների ինստիտուտն այնքան զարգացած լիներ, որ   դատապարտվեին և արգելվեին ատելություն սերմանող  արտահայտությունները, հետագայում գուցե և Հոլոքոստ չլիներ կամ չլիներ այնքան ընդգրկուն, որքան եղավ:

Շեշտում ենք  Հոլոքոստը, քանի որ դեռևս 1986  թ.  Իսրայելում ընդունվեց օրենք, ըստ որի` Հոլոքոստը մերժողները դատապարտվում են մինչև հինգ տարվա ազատազրկման:  Հրեաներից շատերն այս պատժի չափը նույնիսկ բավականաչափ խիստ չեն համարում և պնդում են, որ  մարդկային տրամաբանության ու երևակայության մեջ չտեղավորվող դաժանություն տեսած ազգը  պետք է ամեն ինչ անի  դրա կրկնությունը կանխելու համար:  Եվ չես գտնի որևէ հրեա, որ ասի` այո, ես կողմ եմ,  որ  մերժեն Հոլոքոստի իրողությունը, դա մարդու արտահայտման  իրավունքն է, չես գտնի  մի հրեա, որ կասկածի տակ առնի Հոլոքոստի իրողությունն առհասարակ:

Հոլոքոստի մերժումը քրեականացրել են նաև մի շարք եվրոպական երկրներ, քանի որ այն միայն հրեաներին չի վերաբերում և հանցագործություն է` ողղված ողջ մարդկության դեմ:

Բացի Իսրայելից,  Հոլոքոստի մերժումը քրեականացնող օրենք ունի հենց Հոլոքոստն իրականացնող երկիրը` Գերմանիան: Ավելին, խորհուրդ չի տրվում Գերմանիայում Հիտլերին տրվող ողջույնի ժեստն անել, տարածել  ֆաշիստական Գերմանիայի խորհրդանշաններ, եթե անգամ արվեստի գործեր լինեն:

Զուգահեռներ անցկացնելով` փաստենք, որ Հայաստանի  քրեական օրենսգրքի 3971-րդ հոդվածի համաձայն`  նախատեսվում է  առավելագույնը մինչև չորս տարվա ազատազրկում  Ցեղասպանությունը և խաղաղության ու մարդկության անվտանգության դեմ ուղղված մյուս հանցագործությունները հերքելը, մեղմացնելը, դրանց հավանություն տալը կամ արդարացնելը:

Միաժամանակ, Թուրքիայում կա 301-րդ հոդվածը, որով առհասարակ արգելվում է ընդունել Ցեղասպանությունը: Ի տարբերություն Գերմանիայի` Ցեղասպանություն իրականացնող շատ անձինք այսօր Թուրքիայում հերոսացվում են:

Կա՛մ ԵՄ, կա՛մ 301-րդ հոդված

Հայոց ցեղասպանությունը քրեականացնող օրինագիծը Սենատում ընդունվելու դեպքում, փաստորեն, հակասություն է առաջանում 301-րդ  հոդվածի հետ: Սա նշանակում է, որ Թուրքիան կա՛մ  պետք է վերացնի չարաբաստիկ հոդվածը, կա՛մ  պետք է մոռանա Եվրամիության մասին, քանի որ Ֆրանսիան  այդ միության լիիարավ անդամ է:

Հնարավոր է` այլ երկրներ ևս հետևեն Ֆրանսիայի օրինակին, ինչից և վախենում է թուրքական կառավարությունը:

Հնարավոր է նաև, որ լինեն սրացումներ և որոշակի ճնշումներ Թուրքիայի հայ համայնքի վրա, ինչպես և պնդում են շատ մասնագետներ, հնչում են նաև տեսակետներ, թե ֆրանսիան իր համար է դա անում, քաղաքական շահեր է հետապնդում, Թուրքիայից ակնկալիքներ ունի,  կամ ասում են, թե Սարկոզին սա անում է, որ վերընտրվի` հայկական համայնքին սիրաշահելով:

Ինչո՞ւ չմերժել և Հոլոքոստը

Արդյոք Ֆրանսիան անում է սա  բացառապես  հանուն մարդկության, ինչպես պնդում են լավատեսները, թե՞ քաղաքական մեծ շահ է հետապնդում  ու բնավ մտահոգված չէ պատմական արդարությամբ, ինչպես պնդում եմ հոռետեսները: Առաջիկա զարգացումները ցույց կտան:

Իսկ մինչ այդ թերևս  ավելի կարևոր է  Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող  օրինագծին դեմ արտահայտվող անձանց հարցնել, թե ինչո՞ւ նույն կերպ չեն փորձում խոսքի ազատության պաշտպանության տակ առնել Հոլոքոստի ժխտումը, չէ՞ որ դա  նույնպես, ըստ նրանց տրամաբանության, խոսքի ազատության սահմանափակում է:

 

Մարիամ ՄՈՒՂԴՈՒՍՅԱՆ

 

Դիտվել է 967 անգամ:
Print Friendly

Leave a Reply