Հովսեփ Էմին

ՄԱՐԴԻԿ, Շաբաթվա լուր | | January 25, 2012 8:30

Հովսեփ Էմինը XVIII դարի հայ ազատագրական պայքարի մեծագույն գործիչներից է և բուրժուա-ազատական գաղափարախոսության առաջին ներկայացուցիչը հայ իրականության մեջ:

Հովսեփ Էմինի մասին պատմագրությանը հայտնի է իր իսկ գրքից, որ նա հրատարակել է 1792 թ. Լոնդոնում, «Հայազգի Հովսեփ Էմինի կյանքը և արկածները, որ ինքն է գրել անգլերեն» վերնագրով: Ինչպես նշում է հեղինակը, գրքի հրատարակումը երկու նպատակ է հետապնդել` Եվրոպայի ժողովուրդներին ծանոթացնել Հայաստանի ազատագրության խնդիրներին և հայ երիտասարդների շրջանում սեր արթնացնել հայրենիքի նկատմամբ:

Հայտնի է, որ Հովսեփ Էմինը ծնվել է 1726 թ. Պարսկաստանի Համադան քաղաքում, հարուստ վաճառականի ընտանիքում: 1744 թ. Էմինն ընտանիքով տեղափոխվում է Հնդկաստան, հաստատվում Կալկաթայում, որտեղ էլ ավարտում է անգլիական դպրոցը:

Երիտասարդ տարիքում ճամփորդում է եվրոպական երկրներում և  1751 թ. հայտնվում է Լոնդոնում, ուր սովորում է Վուլվիչի ռազմական ակադեմիայում, յուրացնում ռազմական գործը և բրիտանական բանակի սպայի կոչումով մասնակցում Յոթնամյա պատերազմին` կռվելով ֆրանսիացիների դեմ:

Ինչպես ցույց են տալիս Հովսեփ Էմինի հետագա գործողությունները, նրա կյանքի այդ հատվածն ամենևին երիտասարդական արկածախնդրություն չի եղել: Համոզված, որ հայ ժողովրդի ազատությունը միայն զենքի ուժով է լինելու, Էմինը հատուկ էր ընտրել իր ճանապարհը: Իր ընտրության հարցում Էմինն անգամ հակադրվել է հորը, որը բազում հորդորներով, անգամ սպառնալիքներով փորձում էր որդուն հետ պահել «խոտոր» ճանապարհից` սպառնալով անգամ նրան զրկել ժառանգությունից: Բայց Հովսեփ Էմինն անդրդվելի մնաց:

Հայաստանի անկախության վերականգնման համար Էմինը դիմեց Մեծ Բրիտանիայի Թագավորության վարչապետ Վ.Պիտտին, սակայն շատ արագ հասկացավ, որ Բրիտանիան չի կարող էական դեր ունենալ Հայաստանի ազատագրության պայքարում:

1759 թ. Էմինը եկավ Հայաստան` իրագործելու իր կյանքի գերագույն նպատակը` Հայաստանի ազատագրումը: Ուսումնասիրելով իրավիճակը տեղում` նա հասկացավ, որ հայության ազատագրումը դյուրացնելու համար հզոր դաշնակիցներ են պետք: Եվ 1761 թ. մեկնում է Պետերբուրգ, ուր իշխաններ Ա.Մ.Գոլիցինի և Մ.Ի.Վորոնցովի միջոցով բանակցություններ է վարում Պետրոս Գ կայսեր հետ:

Ցավոք, հայտնի չեն բանակցությունների արդյունքները: Բայց երկու տարի անց Հովսեփ Էմինին աստրախանցի Մովսես Բաղրամյանի և երեք տասնյակ կամավորների հետ արդեն տեսնում ենք Թիֆլիսում` վրաց թագավոր Հերակլ Բ Բագրատունու արքունիքում: Վրաց արքան սկզբում գրկաբաց ընդունեց Հովսեփ Էմինին` փորձելով նրան ներգրավել իր քաղաքական ծրագրերում:

Էմինի նպատակը վրաց թագավորության աջակցությամբ պայքարելն էր թուրք ու պարսիկ նվաճողների դեմ և Հերակլի տիրակալության տակ միավորել հայկական հողերը: Փաստորեն, Հովսեփ Էմինի ծրագրածը հայ-վրացական դաշնության ստեղծումն էր, այնպես, ինչպես XIII-XIV դարերում: Ինքը` Հերակլ Երկրորդը, համամիտ էր Էմինի ծրագրերին, քանզի անձամբ ցանկանում էր թոթափել կախվածությունը Պարսկաստանից և հաստատել իր գերիշխանությունը Անդրկովկասում: Հերակլ Երկրորդն անգամ երկու անգամ բախվեց և պարտության մատնեց Երևանի խանին: Շուտով Էմինը Հերակլ Երկրորդի հրահանգով սկսում է վարժեցնել վրաց զորքը` նախապատրաստելով պատերազմին: Նա անգամ կապեր հաստատեց Արևմտյան Հայաստանի գործիչների հետ: Մասնավորապես, Մշո Սբ Կարապետ վանքի վանատեր Հովնանը Էմինին խոստացավ Ալաշկերտի հովտում հայ-վրացական բանակի երևալուն պես զենքի կոչել տասնյակ հազարավոր հայերի:

Սակայն, երբ Հովսեփ Էմինը փորձեց հայ-վրացական գործակցությունն ավելի գործնական քայլերի վերածել, Հերակլ արքան ոչ միայն ոչինչ չարեց, այլև հասկացրեց Էմինին, որ նա անցանկալի անձ է իր արքունիքում:

Հերակլ Երկրորդի այս քայլում մեծ դեր ունեցավ Ամենայն հայոց կաթողիկոս Սիմեոն Երևանցին, որն ամեն կերպ  փորձեց վիժեցնել Էմինի` Հայաստանի ազատագրման ծրագրերը:

Ինչևէ, Էմինը հիասթափված, բայց ոչ երբեք հուսահատված, հայտնվեց Արցախում` հույս ունենալով լեռնային կիսաանկախ այս հողում աջակցություն գտնել` իրականացնելու իր պլանները: Էմինին ազատասեր արցախցիները գրկաբաց ընդունեցին: Խամսայի մելիքությունները պայքար էին մղում թուրք-պարսկական նվաճողների դեմ, և 1764 թ. Հովսեփ Էմինն այստեղ առիթ ունեցավ ցուցադրելու իր ռազմական կարողությունները: Գանձակի խանի դեմ պայքարում Հովսեփ Էմինը օգնեց Գյուլիստանի մելիք Հովսեփին` ջախջախելու թշնամուն Գետաշենի մատույցներում:

1167 թ. Էմինը դարձյալ հայտնվեց Վրաստանում, սակայն Հերակլ Երկրորդը նրան արտաքսեց իր երկրից: Հետագայում` 1795 թ., Հերակլ Երկրորդի անմարդկային վերաբերմունքը նաև եղավ պատճառը, որ արցախի մելիքները վրեժ լուծեցին վրաց արքայից և միացան Թիֆլիս արշավող պարսկական բանակին:

Սակայն, ցավոք, Էմինի ծրագրերն Արցախում էլ չիրականացան, և նա ստիպված էր հեռանալ Հայաստանից: 1770 թ. Հովսեփ Էմինը հաստատվեց Հնդկաստանի Կալկաթա քաղաքում:

Մինչ Հնդկաստան գնալը Էմինը շուրջ երկու տարի ապրեց Հյուսիսային Կովկասում` լեռնականների մոտ: Իր ջոկատով նա այնտեղ շատ քաջագործություններ կատարեց և անձնական խիզախության օրինակներ ցույց տվեց: Լեռնականները, որոնք հարգում են մարդու քաջությունն ու ուղղամտությունը, պատրաստ էին վրեժ լուծել վրաց արքայից Էմինին խաբելու և վտարելու համար, սակայն ի շահ հայության` Հովսեփ Էմինը կարողանում է զսպել նրանց զայրույթն ու արգելել արշավանքը դեպի Վրաստան:

Հնդկահայ գաղութն այն տարիներին ամենակազմակերպված և ամենաուժեղ հայկական գաղթօջախն էր աշխարհում: Հնդկաստանում հավաքված հայ առևտրական կապիտալը անգամ արժանավայել մրցակցում էր աշխարհում իրենց տիրապետությունը հաստատած անգլիացիների հետ: Եվ պետականությունից զուրկ հայոց կապիտալիստներն այդ մրցակցությանը դիմագրավելու և նոր շուկաներ որոնելու ակնկալիքով հասկացան, որ հարկավոր է նպաստել Հայաստանի ազատագրմանը:

Հնդկահայ գաղութը լծվեց այդ գործին: Այնտեղ (Մադրաս, Կալկաթա) գործում էին Շահամիր Սուլթանում Շահամիրյանը, Հարություն Շմավոնյանը, Մովսես Բաղրամյանը…

Հնդկաստանում տպագրվեց առաջին հայկական պարբերականը` «Ազդարարը»,  Մադրասի հայրենասիրական խմբակն առաջ քաշեց Հայաստանի ազատագրման ծրագիր` այն ուղարկելով ռուսական արքունիք: Անգամ մշակվեց ապագա Հայաստանի սահմանադրությունը` «Որոգայթ փառացը»: Մադրասի խմբակի ջանքերով լույս տեսավ «Նոր տետրակ, որ կոչի հորդորակ» աշխատությունը, որին բաժանորդագրվեցին աշխարհի շատ նշանավոր հայեր ու այլազգի գործիչներ:

Հնդկաստանում Հովսեփ Էմինը մտերմացավ Շահամիր Շահամիրյանի հետ ու մասնակցեց Մադրասի հայրենասիրական խմբակի գործունեությանը: Հնդկահայերի հանգանակած միջոցներով Էմինը դարձյալ փորձեց զորք հավաքել և վերադառնալ Հայաստան, անգամ որոշ ժամանակ` 1777-1783 թթ. բնակություն հաստատեց Նոր Ջուղայում, սակայն նրա այդ ծրագիրը խափանեց Երուսաղեմի Հայոց պատրիարքության նվիրակ Հովհաննես եպիսկոպոսը:

Իր ինքնակենսագրական գրքում Հովսեփ Էմինը Հայաստանի ազատագրության իր ծրագրերի վիժեցումը կապում է հայ հոգևորականության հետ` ասելով, որ նրանք, իրենց նեղ անձնական շահերից ելնելով և հնազանդության քարոզով, ազգին մղում են ստրկության:

Հովսեփ Էմինը մահացավ 1809 թ. հոկտեմբերի 2-ին Հնդկաստանի Կալկաթա քաղաքում:

 

Վահե ԱՆԹԱՆԵՍՅԱՆ

 

 

 

Դիտվել է 4904 անգամ:
Print Friendly

Leave a Reply