ՀԱՅ ՏՂԱՆԵՐԸ ԿԱՐԱՈԿԵ ԱԿՈՒՄԲՆԵՐՈՒՄ ՉԵՆ ԵՐԳՈՒՄ, աղջիկներն էլ տանը պատրաստվում են` նոր երգում

ՄՇԱԿՈՒՅԹ, Շաբաթվա լուր | | January 25, 2012 13:00

Անցած դարի 70-ականներին կարաոկեն հայտնի էր միայն ճապոնացիներին: Տեղի Կոբե քաղաքի բարերից մեկում աշխատող երաժիշտ-գործիքավորող Դայսուկե Ինոուեն «լույս աշխարհ» բերեց երիտասարդների ևս մի զբաղմունք: Ճապոներենից թարգմանաբար կարաոկե նշանակում է «դատարկ նվագախումբ»: Ճապոնիայում սկզբնական շրջանում երիտասարդները երգում էին հիմնականում ակապելլա ոճով, տարիներ հետո միայն հնարավորություն ստեղծվեց ձայնին զուգորդել երաժշտական նոտաներ:

Մեր երկրում առաջին կարաոկե բարերը հայտնվեցին 1999-2000 թթ., սակայն դրանց նկատմամբ հետաքրքրությունը ինչպես ողջ աշխարհում, այնպես էլ մեզ մոտ դեռ չի մարել: Ավելին՝ կարաոկե ակումբները Հայաստանում գնալով շատանում են: Երիտասարդները շարունակում են իրենց ժամանցն անցկացնելու համար նախընտրել նմանօրինակ ակումբները, որտեղ կարելի է ոչ միայն երգել, այլև պարել, ուտել ու մի լավ զվարճանալ:

Ցավոք, մեր երիտասարդները դեռ չեն ընդունում, որ նմանօրինակ ակումբները ստեղծված են ոչ թե պրոֆեսիոնալ երգելու կարողություն ունեցողների, այլ ցանկացող յուրաքանչյուր մարդու համար, ով պարելուց զատ, գոնե մեկ-մեկ սիրում է քթի տակ երգել: Այսօր էլ կարաոկե ակումբների աշխատակիցները դժգոհում են, որ

այցելու տղաներն ու աղջիկները երգելիս դեռ չեն կարողանում հաղթահարել ամաչկոտությունը:

22-ամյա Մինասը, օրինակ, աշխատում է Երևանի լավագույն կարաոկե ակումբներից մեկում: Նա ոչ միայն երգ-երաժշտություն է հրամցնում, այլև պատրաստում է օրվա ամբողջ շոու-ծրագիրը:

– Ես այս ակումբում աշխատում եմ  6 տարուց ավելի, երևի առաջին ակումբներից մեկը մերն է, որ բացվեց: Որքան հետաքրքիր, նույնքան էլ զարմանալի է, որ երիտասարդները գալիս են մեր ակումբ ու չեն երգում, շատ-շատերը ամաչում են: Դեպքեր են եղել, որ երգի կեսից աղջիկը լաց է եղել, երգն ընդհատել ենք: Ուղղակի զարմանալ կարելի է:

Մեկ այլ ակումբի դիջեյից էլ հետաքրքրվեցինք, թե ինչու են հայ երիտասարդները ամաչում երգել:

– Մենք երկար-բարակ քննարկումներից հետո հասկացանք, որ ինչ էլ անենք, մեկ է, շատերը դեռ ամաչելու են երգել: Ստիպված ստեղծեցինք հատուկ սենյակներ, որպեսզի երգողին չտեսնեն, միայն ձայնը լսվի: Պետք է ասեմ, որ այս տարբերակը էլի մի քիչ «փրկում» է մեր երիտասարդներին, և հաճախորդների մեծ մասը մեկ-մեկ երգում է,-ասում է դիջեյը, որ չցանկացավ հրապարակել իր անունը:

Նա, ի դեպ, վստահեցնում է, որ հիմնականում երգում են աղջիկները: Հաճախ շատերը տանը նախօրոք պարապում են, ապա նոր երգում ակումբում, և եթե պարապմունքը արդյունք տալիս է, ապա մի քանի երգ իրար հետևից են երգում: Իսկ տղաները երգելու հետ մեծ սեր չունեն, հիմնականում հիանում են ընկերուհիների կատարումներով:

– Մի տղա պատվիրել էր մեր ռաբիս երգիչներից մեկի հայտնի կատարումը, որ բոլորն էլ տարիների ընթացքում լսել, սովորել են: Երբ նրան տվեցինք միկրոֆոնը, նրա դեմքի գույնը միանգամից փոխվեց, երգը փոխեցինք, նա վստահ էր, որ վատ է երգելու, ու ակումբում բոլորը կծիծաղեն իր վրա,- պատմում է դիջեյը:

21-ամյա Նարեկը մեզ հետ զրույցում ասում է, որ հաճախ է ընկերուհու հետ այցելում Երևանի տարբեր կարաոկե ակումբներ:

– Այցելում ենք, որովհետև զվարճանքի սիրահար ենք: Ընկերուհիս` Իռենը, շատ է սիրում երգել-պարել, ես էլ, բայց մեռնեմ` կարաոկե ակումբներում չեմ երգի: Մի անգամ երգեցի ու խայտառակ եղա, բոլորը ծիծաղեցին ինձ վրա, թողեցինք-գնացինք այդ ակումբից… Եթե երգել չգիտեմ, ինչո՞ւ երգեմ,- ասում է Նարեկը:

Իսկ ընկերուհին՝ Իռենը, շարունակում է.

– Ինձ համար երգելը միայն հոբբի է, սիրում եմ արտասահմանյան երգեր երգել, մի քիչ սխալ, մի քիչ թերի, բայց երգում եմ, նույնիսկ ընկերս է մեկ-մեկ սև հումորներ անում, երբ մի քիչ վատ եմ երգում»:

Այլ կարծիքի է Անահիտը, որ սովորում է ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետում: Աղջիկը համոզված է, որ կարաոկե ակումբներն իրեն ստիպում են երգել ու մի լավ ուրախանալ:

– Երբ նայում եմ անցյալին ու հիշում եմ, թե որքան կոմպլեքսավորված էի մի քանի տարի առաջ, իրոք, զարմանում եմ ինձ վրա: Անկեղծ ասած, ձայնս շատ վատն է, խզված, բայց ես երգում եմ հաճույքով, չեմ էլ նկատում, թե իմ մասին ինչ են խոսում մյուսները: Հաճախ նման ակումբներ կուրսով ենք գնում, մի լավ ուրախանում ենք: Կուրսի տղաները մեզ հետ քիչ են գալիս կարաոկե ակումբ, ասում են՝ չենք երգելու, ու վերջ: Չնայած ծննդյան արարողությունների ժամանակ հոբելյարի համար բոլորով ենք հայտնի երգերը երգում:

Թե ինչու են մեր երիտասարդները բարդութավորվում կարաոկե ակումբներում, տեսակետ է հայտնում հոգեբանական գիտությունների թեկնածու Նարինե Բաբայանը:

– Պատճառները, իհարկե, շատ են: Բայց հիմնականում հայ երիտասարդի մեջ ձևավորված է մի կարծրատիպ, որը ստիպում է «չգնալ» նման զվարճանքների հետևից: Օրինակ՝ կկոմպլեքսավորվի հենց միայն այն պատճառով, որ կմտածի՝ ահա, այն տղան, որ նստած է իր ընկերների հետ, կծաղրի ինձ, իսկ ես չեմ ցանկանում ծաղրի առարկա դառնալ: Ասեմ ավելին՝ մեր երիտասարդները բավականին ծանրակշիռ ու լրջախոհ են, ինչն էլ ենթադրել է տալիս, որ նրանցից շատերը պարզապես խուսափում են այցելել նման ակումբներ: Իսկ գիտական հոգեբանությունն ասում է, որ կենսուրախությունը, այսինքն՝ այն մարդիկ, որոնք սիրում են երգել-պարել, համեմատաբար ավելի թեթև են նայում կյանքին:

Երևանում կարաոկե ակումբները սնկի պես աճում են: Օրեցօր բացվում են ավելի հարմարավետ ակումբներ` գեղեցիկ սրահներ, հաճելի մթնոլորտ և այլն… Նման ակումբների մուտքը սովորաբար տղաների համար վճարովի է (1000-2000 դրամ), իսկ աղջիկների «մուտքն» անվճար է: Մեկ երգի արժեքն էլ մոտավորապես տատանվում է 250-500 դրամի սահմաններում: Ի դեպ, նմանօրինակ ակումբներում սնունդն ու ալկոհոլը, համեմատած մյուս ակումբների, ավելի մատչելի են: Սա միտումնավոր է արված, որ երիտասարդները կենտրոնանան ավելի շատ երգելու վրա: Չէ՞ որ այսօր կարծիք է ձևավորվել, թե մեր էստրադայի սկսնակ երգիչ-երգչուհիները հենց «թողարկվում» են նմանօրինակ ակումբներից:

Միքայել ԱՀԱՐՈՆՅԱՆ

 

Դիտվել է 1440 անգամ:
Print Friendly

Leave a Reply