Կեղծ տագնա՞պ, թե ահազանգ
Շաբաթվա լուր, ՍՊՈՐՏ | Գագիկ Բեգլարյան | January 22, 2012 7:00
Վերջին օրերին տարաբնույթ խոսակցությունների տեղիք է տվել մի նամակ` ուղղված Հայաստանի նախագահին, վարչապետին և ՀԱՕԿ-ի նախագահին: Այն հրապարակվել է մամուլում, անստորագիր է: Փաստն այն է, որ 18 ՊՈԱԿ-ների ղեկավարներ դժգոհություն են հայտնել Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Արթուր Պետրոսյանի, այդ գերատեսչության աշխատակազմի ղեկավար Վահե Էլոյանի աշխատանքից:
Նշվել էր, որ նախարարը վերջինիս ներկայությամբ 2011-ի ավարտին` լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ասել է, որ նախարարության ամենակարևոր խնդիրները գերազանց են կատարել: Ընդ որում, այդ խնդիրներից մեկը ֆիզիկական կուլտուրայի զարգացման հայեցակարգն է եղել, որը, պարզվել է, 2006 թվականին հանձնաժողովի կողմից մշակված ֆեդերացիաներին ֆինանսավորելու կարգն է: Մյուս գերակա խնդիրը «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթն է համարվել, որին վերջին երկու տարիներին հիմնականում սպորտով զբաղված` պարապած անձինք են մասնակցել, և 2011-ին այդ մրցույթի մասնակիցների թիվն անցել է 1000-ից: Նամակում ասված է, որ վերջինս հավելագրություն է` հանրապետական փոխնախարարի քյանդրբազության արդյունքը:
«Նախարարը երկու տարվա ընթացքում միայն մի բան է արել՝ շենքում տեղադրել է տեսախցիկներ և մեկ էլ գեղական կարգով ոլորտից քշել է լավագույն մասնագետներին` ստուգումներ անելով, հայհոյանքով և վիրավորանքներով, ահ ու դող տարածելով»,- ասված է նամակում: Իսկ ելքը բողոքավորները տեսնում են այն բանում, որ սեփական ուժերով ստեղծված ԲՀԿ-ից դուրս գան, ընտրությունների ժամանակ դեմ քվեարկեն և այլն:
Որ սպորտի բնագավառում ամեն բան կարգին չէ, ակնհայտ է: Նախարարությունում վերջին շրջանում վարչության 6 պետ է փոխվել: Թե ինչ ուժեր են նամակի ետևում, պարզ չէ: Բաց է մնում նաև, թե ինչու անդրադարձ չկա մարզական բնագավառում յուղոտ կառույցներ գլխավորող պաշտոնյաներին:
Առայժմ Հայաստանի նախագահը և վարչապետն այս կապակցությամբ որևէ կերպ չեն արձագանքել: Մինչդեռ ՀԱՕԿ-ի նախագահը հավաքել է և լսել սպորտի բնագավառի մի շարք ղեկավարների: Ընդ որում, պաշտոնապես հակադարձել են ՊՈԱԿ-ների արդեն 24 տնօրեններ: «Մենք խստորեն դատապարտում ենք վաղուց ի վեր իր դարն ապրած նման էժանագին նեոբոլշևիկյան գործելաոճը, որի նպատակը մարզաշխարհի ներկայացուցիչների մեջ պառակտում մտցնելու անառողջ ցանկությունն է միայն: Անստորագիր նամակներով հանդես եկողներին խորհուրդ ենք տալիս զուր ջանքեր չթափել և իրենց երիտասարդական ավյունն ու էներգիան ուղղել որևէ հանրօգուտ գործ կատարելուն»,- ասված է պատասխան նամակում:
Ինչևէ, տագնապը ինչքան էլ կեղծ լինի, կատարվածն ահազանգ է այն մասին, որ սպորտի բնագավառում խնդիրներ կան: Ու թեև այս ոլորտը ամբողջովին հանձնված է ԲՀԿ-ի առաջնորդ Գագիկ Ծառուկյանի տնօրինությանը, թերևս կարիք է զգացվում, որ այն լիովին ապակուսակցականացվի, և եղած կնճռոտ հարցերն իրենց լուծումները ստանան: Մասնավորապես, շատ են դժգոհությունները, որ մարզական տարբեր կառույցներ, անգամ ֆեդերացիաներ հանձնվում են սպորտի հետ առնչություն չունեցող, միայն սեփական շահերով առաջնորդվող անձանց, իսկ դա վնասից բացի այլ բան տալ չի կարող:






Facebook
Tweet This
Email This Post
