Աղոտ լույս` հայկական ռինգում

Շաբաթվա լուր, ՍՊՈՐՏ | | January 24, 2012 7:00

2012-ին Լոնդոնում կայանալիք օլիմպիական խաղերի բռնցքամարտի մրցաշարին մասնակցելու իրավունք Հայաստանի հավաքականից առայժմ ունի միայն մեկ մարզիկ: Դժվար է ասել` կշտկվի՞ այս վիճակը, թե՞ ոչ, սակայն հավաքականի գլխավոր մարզչի փոփոխություն է կատարվել. ղեկը Ռաֆայել Մեհրաբյանի փոխարեն ստանձնել է Կարեն Աղամալյանը: Նրան էլ խնդրեցինք տեղեկացնել ձեռնարկված քայլերի մասին:

– Տարեվերջին հավաքականը ուսումնամարզական պարապմունքներ անցկացրեց Ծաղկաձորում: Հիմնական ուշադրությունը դարձվում էր մարզիկների ընդհանուր ֆիզիկական պատրաստականության բարելավմանը: Ծանրաբեռնված, մեծածավալ աշխատանք է կատարվել: 25 բռնցքամարտիկ էր թիմում: Երիտասարդներից  մարզումներում ներգրավվել էին աշխարհի պատանիների ու Եվրոպայի երիտասարդների չեմպիոն Կորյուն Սողոմոնյանը (49 կգ), Եվրոպայի երիտասարդական առաջնության մրցանակակիր Գոռ Ենոքյանը (64 կգ): Հունվարի 23-29-ը Երևանում կայանալու է Հայաստանի առաջնությունը, որից հետո կձևավորվի հավաքականը: Այն պետք է նախապատրաստվի ապրիլի 13-22-ը Թուրքիայում անցկացվելիք վարկանիշային մրցաշարին, որում էլ մերոնք օլիմպիական ուղեգրերի տիրանալու հնարավորություն են ստանալու:

Հայաստանի առաջնությանը կմասնակցեն բոլո՞ր ցանակացողները:

– Ինքս պահանջ եմ ներկայացրել, որ թույլտվություն ստանան  միայն նրանք, ովքեր նախկինում որևէ արդյունք են ցույց տվել: Մասնակիցների նախնական հայտերը ներկայացված են, մարզչական խորհուրդն էլ վերջնական որոշում կկայացնի, թե որ բռնցքամարտիկներին թույլատրի ուժերը չափել: Կարծում եմ` շուրջ 100 մասնակից կլինի:

Կլինե՞ն այնպիսի բռնցքամարտիկներ, որոնք ձեր թույլտվությամբ բաց կթողնեն առաջնությունը:

– Միայն 75 կգ քաշային  Անդրանիկ Հակոբյանին է այդպիսի բացառություն արվել: Բանն այն է, որ  նա օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել Բաքվում անցկացված աշխարհի առաջնությունում և զերծ է վարկանիշային միջազգային մրցաշարերում մասնակցելու խնդրից: Այդուհանդերձ, Անդրանիկը ցանկություն է հայտնել մասնակցել առաջնությանը և 2-3 հանդիպում անցկացնել` պարզապես մարզավիճակը պահպանելու նկատառումով: Այնպես որ, առաջնությանը մասնակցությունը թողնվել է նրա հայեցողությանը:

Իսկ միջազգային վարկանիշային մրցաշարում մեր մարզիկների ուղեգիր նվաճելու հնարավորություններն ինչպիսի՞ն են:

– Ստամբուլի ռինգում տարբեր քաշային կարգերում տարբեր քանակի ուղեգրեր են խաղարկվելու: Կան  սահմանափակումներ: Նշեմ, թե մեզ հետաքրքրող քաշային կարգերում ինչ քանակով օլիմպիական ուղեգրեր են խաղարկվելու: Մասնավորապես, 49 կգ քաշային կարգում 1-5-րդ տեղերը գրավողները կատարելու են առաջադրանքը: 60 կգ քաշային կարգում այդպիսի պատվի են արժանանալու 1-4-րդ տեղեր զբաղեցնողները: 81 կգ քաշային կարգում 1-3-րդ հորիզոնականները գրավողներն են օլիմպիական վարկանիշը լրացնելու: Ընդ որում, 3-րդ տեղում հայտնված երկու բռնցքամարտիկները պետք է միմյանց հետ հանդիպում անցկացնեն և որոշեն «մաքուր» 3-րդ  մրցանակակրին: Իսկ ահա, 64 կգ քաշային կարգում միայն հաղթողն է օլիմպիական խաղերում ուժերը չափելու հնարավորություն ստանալու: Մյուս քաշային կարգերին չանդրադարձա, որովհետև դրանցում  ուղեգրեր նվաճելու հույսեր ներշնչող բռնցքամարտիկներ առայժմ չունենք: Կան շնորհալի երիտասարդ  մի շարք բռնցքամարտիկներ, որոնցից սպասելիքներ ապագայում կլինեն:

Փաստորեն, բացեցիք խաղաթղթերը` հայտնելով, թե որ քաշային կարգերում են մեր բարձրակարգ բռնցքամարտիկները: 49 կգ քաշային կարգում Սողոմոնյանից բացի, նախապատրատվում է նաև Հովհաննես Դանիելյանը, որ Եվրոպայի նախկին չեմպիոն է: Ընդ որում, 2011-ին նա Երևանում կայացած միջազգային մրցաշարի եզրափակչում պարտվել է Սողոմոնյանին, սակայն դա չի խանգարել, որ հանդես գա Ադրբեջանում կայացած օլիմպիական վարկանիշային մրցաշարում: Ինչպե՞ս եք կատարելու ընտրությունը:

– Այդ երկու մարզիկների, նրանց մարզիչների հետ զրուցել եմ և հայտնել, որ Հայաստանի առաջնությունում հաղթող դարձած մարզիկը հավաքականի առաջին համարն է դառնալու: Դանիելյանն ուսի հետ կապված խնդիր ունի: Նա վնասվածք է ստացել Բաքվում կայացած աշխարհի առաջնությունից առաջ: Եթե Հովհաննեսը Հայաստանի առաջնությունում հաղթի,  գուցե հանգստանալու հնարավորություն ստանա: 49 կգ քաշային կարգում արդեն օլիմպիական խաղերի մասնակցելու խնդիրը լուծել են մի շարք ուժեղագույն բռնցքամարտիկներ: Այնպես որ, անկախ այն հանգամանքից, թե մեր երկիրն ով կներկայացնի վարկանիշային մրցաշարում, ուղեգիր նվաճելու հնարավորություն կա:

Հայաստանի առաջնությունում մեր տիտղոսավոր մարզիկներին լավ են ճանաչում, նրանց հետ կրկնապատկված եռանդով են ռինգում աշխատում: Չի բացառվում, որ Սողոմոնյանը և Դանիելյանը չեմպիոն չդառնան: Այդ դեպքում ի՞նչ եք անելու:

– Միևնույն է, նրանցից մեկը պետք է  մասնակցի վարկանիշային մրցաշարին: Այդ քաշային կարգում չունենք այնպիսի բռնցքամարտիկ, որն ունենա միջազգային մրցումների մասնակցելու համապատասխան փորձ: 60 կգ քաշային կարգում ունենք մեկ առաջատար` 2011-ի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Վլադիմիր Սարուխանյանը: Նա  լավ  հնարավորություններ ունի: Հիմնականում այս քաշային կարգերում են լավ նախադրյալներ: 64 կգ քաշային Հրաչյա Ջավախյանը նախորդ օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր է, բայց այս քաշային կարգում  միայն վարկանիշային մրցաշարում հաղթող դարձած բռնցքամարտիկն է մեկնելու Լոնդոն: Ուժեղ բռնցքամարտիկներ կան Ռուսաստանի, Վրաստանի, Ուելսի, Չեխիայի, Թուրքիայի հավաքականների կազմերում: Նրացից ոմանք կրում են աշխարհի առաջնությունների չեմպիոնների, մրցանակակիրների տիտղոսներ: Այդ բռնցքամարտիկներից մի քանիսին նախկինում Ջավախյանը պարտվել է: Հրաչիկն էլ մի փոքր վնասվածք ունի: Թեև տիտղոսները, նախկինում մատուցած ծառայությունները հարգանք են ներշնչում, բայց նա պետք է անպայման մասնակցի Հայաստանի առաջնությանը և հաստատի իր բարձր կարգը:

Դուք ոչինչ չասացիք 69 կգ քաշային, Հայաստանի հավաքականի հնաբանակ Սամվել Մաթևոսյանի մասին: Նա Հայաստանի բռնցաքմարտի ֆեդերացիայի կողմից որակազրկվա՞ծ է մնում:

– Անկեղծ ասած, ես նրան  չէի ընդգրկել Հայաստանի հավաքականի այն մարզիկների թվում, ովքեր մասնակցել են ուսումնամարզական վերջին հավաքին: 6 տարի նա միջազգային մրցաշարերի է մասնակցել և արդյունքի չի հասել: Այդ է պատճառը, որ գերադասել էի երիտասարդ բռնցքամարտիկներին ստուգել: Ինչ վերաբերում է որակազրկմանը, ապա Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան է որոշողը` նրան թողնե՞լ մասնակցել առաջնությանը, թե՞ ոչ: Դա իմ խնդիրը չէ: Ես պետք է որոշեմ` հավաքականում նրան ընդգրկե՞լ, թե՞ ոչ:

Մյուս քաշային կարգերում հույսեր ներշնչողներ չկա՞ն:

– 81 կգ քաշային կարգում է հանդես գալիս 2010-ի Եվրոպայի առաջնության մրցանակակիր Արթուր Խաչատրյանը: Ծանր քաշային կարգում կանխագուշակություններ անելն անշնորհակալ գործ է: Հնարավորն արվում է, որ նա լավ հանդես գա: 91 կգ քաշային կարգում բռնցքամարտիկ չունենք: + 91 կգ քաշային կարգում չկա այնպիսի առաջատար, որը կարող է Թուրքիայում եղանակ ստեղծել: 6 ամսվա ընթացքում ես ի վիճակի չեմ նոր բռնցքամարտիկներ գտնել, ովքեր կարող են հավակնել օլիմպիական խաղերի ուղեգրերի: Մասնավորապես, 52 և 56 կգ քաշային կարգերում ունենք երիտասարդ բռնցքամարտիկներ, բայց նրանց անելիքին կանդրադառնանք օլիմպիական խաղերի ավարտից հետո:

Բոլո՞ր քաշային կարգերում ենք մասնակիցներ ռինգ դուրս բերելու Թուրքիայում կայանալիք վարկանիշային մրցաշարում:

– Ոչ, մրցավայր կուղևորվեն այն բռնցքամարտիկները, որոնք հույսեր են ներշնչելու, որ ուղեգրերի կտիրանան: Հավաքականում կընդգրկվեն նաև այն հեռանկարային մարզիկները, որոնցից հետագայում սպասելիքներ կունենանք: Ընդհանուր հաշվով նախատեսում ենք 7 մարզիկ մրցասպարեզ հանել: 75 կգ քաշային բռնցքամարտիկ իրավունք չունենք ռինգ դուրս բերելու, քանի որ արդեն Հայաստանի հավաքականն այդ քաշային կարգում ուղեգիր ունի: Հայաստանի հավաքականի 4-5 բռնցքամարտիկներ փետրվարի 21-26-ը Բուլղարիայում կմասնակցեն միջազգային մրցաշարի: Մարտի 8-12-ը մեր նույնքան մարզիկ էլ ուժերը կչափի Ֆինլանդիայում կազմակերպվելիք միջազգային մրցաշարում: Այս փորձություններից հետո կորոշվի հավաքականի վերջնական կազմը:

Մեր հավաքականն օլիմպիական խաղերից առաջ կորուստներ ունեցավ: Երկուսը` Ցոլակ Անանիկյանը (91 կգ) և Ազատը Հովհաննիսյանը (56 կգ) ձեր սաներն են: Էդիկ Համբարձումյանն էլ (64 կգ) Սոչիից է, Եվրոպայի չեմպիոն: Հնարավո՞ր է, որ նրանք վերադառնան:

– Հին ցավերի մասին չէի ցանկանա խոսել: Ցոլակի մասին տեղեկություն չունեմ: Ազատը պրոֆեսիոնալ ռինգում երկու հանդիպում է անցկացրել: Չգիտեմ` պաշտոնակա՞ն են դրանք, թե՞ ոչ: Նա ներկայումս Հայաստանում է մարզվում: Լսել եմ, որ մի քանի ամիս առաջ էդիկը հայտնել է, որ ցանկանում է վերադառնալ: Բայց այդ կարգի խնդիրները միայն մարզիկների ցանկությունից չեն կախված: Ասենք` եթե Ցոլակը ետ գա, ապա նա չի հասցնի նախապատրաստվել առաջիկա փորձություններին, օլիմպիական խաղերին:

Նախորդ օլիմպիական խաղերում Հայաստանից 4 բռնցքամարտիկ էր: Այս անգամ քանի՞ մասնակից ունենալը կհամարվի լավ արդյունք:

– Իրատես պետք է լինել: Եթե նոր մեկ ուղեգիր ունենանք, լավ կհամարվի, երկու ուղեգիրը գերազանց արդյունք կարելի է որակել:

Իսկ առանց մրցավարի ինչպե՞ս ենք գլուխ հանելու վարկանիշային մրցաշարում, որում անդրկուլիսյան խաղերը չպետք է բացառել:

– Մրցավար կունենանք , թե ոչ ` չեմ կարող ասել: Օլիմպիական խաղերը պետք  է սպասարկեն այն մրցավարները, որոնք 3 աստղ ունեն: Մենք այդ կարգի ոչ մի մրցավար չունենք: Ինչ խոսք, առանց մրցավարի դժվար կլինի:

 

Դիտվել է 1108 անգամ:
Print Friendly

Leave a Reply