Ցմահ դատապարտյալը հավատում է, որ մի օր ազատության մեջ իր սիրելիի հետ կլինի

ՄԱՐԴԻԿ, Շաբաթվա լուր | | January 21, 2012 20:03

«Ես զրուցում եմ քեզ հետ Մարդ». այս գիրքը հասարակության մտածելակերպի մեջ նոր հորիզոններ բացեց, կոտրեց կարծրատիպեր, ստիպեց մտածել նորովի, տեսնել անտեսանելին, զգալ մի նոր աշխարհի գոյությունը:

2011 թ. դեկտեմբերի 15-ին կայացավ գրքի շնորհանդեսը, որի հեղինակն այնտեղ ներկա չէր մի պարզ պատճառով. նա ցմահ ազատազրկման ենթարկված դատապարտյալ է, իր պատիժն է կրում բանտում արդեն 16 տարի:

Գրքում ներկայացված են ազատազրկման ընթացքում գրված նրա պատմվածքները, հրապարակումները, նամակներն ու էսսեները, որոնք ձևավորված են  հեղինակի գրաֆիկական աշխատանքներով: Ինչպես շնորհանդեսի ժամանակ նշեց դատապարտյալի մայրը, գիրքը ազատության մասին է, ազատության տենչ է:

Մենք` ազատության մեջ գտնվողներս, որքան էլ որ լարենք մեր վառ երևակայությունը, չենք կարող ճիշտ գնահատել ազատության գինը: «Երբ այս տողերը կարդացվեն, իմանալով որ դուք լսում եք, ես ինձ ազատ կզգամ ձեր կողքին, բանտի կիսամութ ու փոքր խցում նստած` մտքով ու հոգով կհայտնվեմ լուսավոր մանկության վարդագույն քաղաքում, Աբովյանով կզբոսնեմ, երևակայածս արվեստի կամուրջը ինձ կբերի ձեզ մոտ, կողքից ուշադիր կնայեմ, հետո մեկ առ մեկ կմոտենամ յուրաքանչյուրիդ, կզրուցենք… Այսօր Ձեր ներկայությունը այստեղ ուղղակի պարտադրում է ինձ, որ իմ միջի մարդուն չկորցնեմ այստեղ … կլոր բանտում…»,-գրել է հեղինակն այն մարդկանց, ովքեր այդ օրը ներկա էին իր գրքի շնորհանդեսին:

Իսկ ներկաների մեջ էին նաև արվեստագետներ, մտավորականներ, իրավապաշտպաններ, իրավաբաններ, որոնք, ծանոթանալով ցմահ դատապարտյալի գործին, տեսել են բազմաթիվ հարցականներ, բազմաթիվ թերություններ, չբացահայտված փաստեր:

1996 թ. բժշկական ինստիտուտի ուսանող, 20-ամյա Մհեր Ենոքյանը դատապարտվեց մահապատժի` համակուրսեցուն` Իոսիֆ Աղաջանովին սպանելու մեղադրանքով: ՀՀ նախագահի 2003 թ. հրամանագրով պատիժը փոխարինվեց ցմահ ազատազրկմամբ: Մինչ օրս Ենոքյանն իրեն մեղավոր չի ճանաչել` պնդելով, որ մարդ չի սպանել, սակայն իրեն մեղավոր է համարում սպանությունը կանխել չկարողանալու համար: Հիշեցնենք, որ դատավճռում նշվում է, որ Մհեր Ենոքյանը համակուրսեցուն տարել է մյուս ընկերոջ` Արամի տուն, «ռազվադնոյ կլյուչով» հարվածներ հասցրել գլխին, ապա Արամ Հարությունյանը դանակով կտրել է Իոսիֆի պարանոցը:

Մհեր Ենոքյանը, սակայն, դատարանում պատմել է, որ Արամի և Իոսիֆի միջև վեճ է ծագել, վերջինս սեղանից վերցրել է դանակն ու հարվածել Արամին, ինքն էլ նրանց բաժանելու համար ձեռքն ընկած  «ռազվադնոյ կլյուչով» հարվածել է Իոսիֆի մեջքին, ապա սկսվել է խառնաշփոթ, Արամն անցել է հարձակման, հարվածել նրան «կլյուչով», ապա դանակով, իսկ ինքը փորձել է կանխել, անգամ արհեստական շնչառություն է տվել, սակայն չի հաջողվել նրան փրկել:

Արամ Հարությունյանը, 15 տարի կրելով պատիժը, ազատ է արձակվել: Հատկանշական է, որ վերջինս գործի վերաբերյալ նախապես ուրիշ ցուցմունք է տվել, ապա բոլորովին այլ: Փոփոխված տարբերակն էլ, ըստ որի` սպանությունն ունեցել է կանխամտածված և շահադիտական բնույթ, դատարանի կողմից  համարվել է արժանահավատ: Նրա ազատվելուց հետո Մհերը նրան մի երկտող է գրել. «Գոնե 15 տարի անց, երբ դու քո պատիժը կրել ես, գնա խոստովանի ճշմարտությունը»:

Մհեր Ենոքյանը երկու անգամ փախուստ է կատարել բանտից` 2004 և 2009 թթ. և ընդհանուր առմամբ 32 օր մնալով ազատության մեջ` չի կատարել որևէ հանցագործ արարք:

Գրքի շնորհանդեսից հետո մամուլը հեղեղված էր այդ իրադարձության լուսաբանմամբ, հատկապես հուզիչ էր այն, որ հեղինակ-դատապարտյալը գրքի վաճառքից հավաքված գումարը տրամադրելու էր քաղցկեղով հիվանդ երկու երեխաների բուժմանը:

Համաձայնեք` դժվար է 16 տարի մնալ բանտում` նախ մահապատժի ենթարկվածի, ապա ցմահ դատապարտյալի հոգեվիճակով, և այդքանից հետո կարողանալ սիրել մարդուն: Դրա համար պետք է շատ ուժեղ, շատ բարձր, շատ ուրիշ լինել:

Բայց կա նաև տուժող կողմ, որի համար այս ամենը «զավեշտ է». գրքի շնորհանդեսից հետո Բժշկական համալսարանի պրոֆեսոր Միքայել Աղաջանովը` սպանվածի հայրը, զանգահարել է «Հրապարակ» թերթի խմբագրություն, իր վրդովմունքը հայտնել «այն բումից, որ ստեղծվել է այդ հանցագործի շուրջ»:

Ահա որոշ հատվածներ հոր հետ հարցազրույցից. «Սա ի՞նչ սարսաղ խոսակցություն է, մանկապարտե՞զ է…»: Մինչդեռ ապրելով ազատության ու լիության մեջ` մեզանից քանի՞սն է բարեգործություն անում, հիշում, որ ինչ-որ տեղ ինչ-որ երեխա քիմիոթերապիայի կուրս է անցնում. բնականաբար` եզակիները:

Սպանվածի հորը վրդովել էր նաև այն հանգամանքը, որ Մհերին պաշտպանելու գործին են լծվել նաև մի շարք մտավորականներ. «Ի՞նչ բարոյական իրավունք ունեն լուրջ մարդիկ այդ հանցագործության մասին խոսել, որ բավական է` ինչքան նստեց, թող դուրս գա և դառնա մեր հասարակարգի լիարժեք անդամ, նույնիսկ ելույթներ ունենա, մեզ սովորեցնի, թե ինչպես կյանքին վերաբերվենք…»,- ասել էր նա:

Նրա կարծիքով, այդ մարդիկ պարզապես ցանկանում են դրանով իրենց փիարն անել: (Հետաքրքիր է, օրինակ` դերասան-բեմադրիչ Վարդան Պետրոսյանի ինչի՞ն է պետք նման փիարը):

Որդուն կորցրած հոր համար իսկապես աներևակայելի է մտածել հանցագործ ճանաչվածին սատարելու  և նման բաների մասին: Ավելին, եթե նա հնարավորություն ունենար, գուցև նույն կերպ վարվեր Մհերի հետ: Նրա համար Մհերը մարդ չէ. «Դա հրեշ է: Այդ բանտերից երկու անգամ փախչելը մի ահավոր բան է, բոլոր ճանապարհները փակել էին, փնտրում էին որպես արտակարգ վտանգավոր հանցագործի: Իսկ հիմա ասում են, որ նա ինտելեկտուալ մարդ է, ինտելիգենցիայի ներկայացուցիչ է, պուբլիցիստ է: Եվ կան մարդիկ, որ գնում են այդ բանին…»,-ասել էր հայրը հարցազրույցում:

Տուժող կողմը կարող է պահանջել ամենադաժան հաշվեհարդար, որովհետև կորուստը աներևակայելի մեծ է: Սակայն մի՞թե դատարանն իրավունք ունի առաջնորդվելու տուժողի կամ մեղադրվողի ցանկություններով կամ առհասարակ սխալվելու իրավունք ունի՞: Փաստաբանական տեղեկանքները վկայում են, որ առնվազն 16 կետանոց հարցեր կան, որոնք անպատասխան են թողնվել դատարանի կողմից առ այսօր: Ցավոք, նման դեպքեր մեր դատական պրակտիկայում` որքան ուզես: Իսկ Մհերի գործը, ինչպես Հայաստանի Հելսինկյան կոմիտեի փաստաբան Ռոբերտ Ռևազյանն է ասում, զավեշտի է նման և վկայում է ծածկադմփոցի մասին. 3 հատորով 4 ամսում ավարտված գործ` հիմնված մեկ ցուցմունքի վրա, որն էլ 4 անգամ փոփոխվել է:

«Հրապարակ» թերթում սպանվածի հոր հարցազրույցից հետո տպագրվեց նաև Մհերի մոր պատասխանը, որում նա նշում է. «15 տարի շարունակ Դուք, չուզենալով իմանալ ճշմարտությունը, ժամանակ առ ժամանակ ուզում եք սևացնել Մհեր Ենոքյանին: Ուստի 16 տարի լռելուց հետո Դուք ինձ ստիպեցիք երկխոսել Ձեզ հետ…»:

Ցմահ դատապարտյալի մայրը հիշեցնում է այն փաստերը, որոնք դատաքննության ընթացքում անտեսվել են, այնուհետև, ցավ հայտնելով 3 ընտանիքների հասած դժբախտության վերաբերյալ, ասում, որ իրենց համար անհասկանալի է, թե ինչու՞ տուժող կողմն այդպես էլ չցանկացավ իմանալ ճշմարտությունը և ավելին` միջամտելով խանգարեց: «Բարձրագույն պատժի համար քրեական գործը, այն էլ այդպես անփույթ, չհիմնավորված, աղաղակող փոփոխված ցուցմունքներով, որը գրված է սևով սպիտակի վրա, վկայում է, որ իսկապես արժանի է վերանայման, բայց անաչառ և գրագետ դատարանի կողմից: Իսկ դատախազությունը 16 տարի շարունակ կրկնում է իր անգիր արած նախադասությունը. «Մենք չենք կարող սխալվել, մենք ճիշտ ենք, և օրինական ուժի մեջ մտած դատավճիռ կա…»,-ասում է Ենոքյանի մայրը:

Այնուամենայնիվ, նա հպարտ է, որ իր որդին հոգով ուժեղ մարդ է, և այդ դժոխային տարիները հաղթահարելով, տոկալով, մարդ է մնացել: «Նա իր գրչի ուժով ցանկացել է իր բարի գործը կատարել հիվանդ երեխաների համար: Իսկ Դուք դա համարում եք զավեշտալի՞…»,- հարցնում է նա:

Թե ինչ ընթացք կստանա այս երկխոսությունը, հայտնի չէ. սակայն կարևոր է նաև այն, որ 16 տարի անց սառույցը կոտրվել է, և երկու կողմերը սկսել են գոնե լսել իրար, որը հուսանք, կնպաստի գործի վերանայմանն ու իրականության բացահայտմանը:

Ի դեպ, Մհերը միակ դատապարտյալն է, որն իր սեփական բլոգն ունի: Չնայած դրան` նա երբևէ չի շփվել վիրտուալ, էլեկտրոնային աշխարհի հետ, քանի որ ցմահ ազատազրկվածներին թույլ չեն տալիս համակարգիչ ունենալ: Նա իր ասելիքը գրում է թղթի վրա: Նրա բլոգում  «Ես մեկն եմ ձեզանից» վերնագրի տակ կարդում ենք. «35 տարեկան եմ, ինձ համարում եմ երիտասարդ: Բնավորությամբ ուրախ և օպտիմիստ մարդ եմ: Ես ողջ եմ, բայց վանդակի մեջ…Այս 15 տարիների ընթացքում իմ ընտանիքը, ես պայքարում ենք արդարությանը հասնելու համար, սակայն անարդյունք…»:

Մհերն ակնկալում է, որ իր արդարության վերաբերյալ խոսք ասի ոչ թե «այն մեծը, որ թուրը ձեռքին և լուրջ դեմքով գիտի բոլոր «տրամաբանական» պատասխանները բոլոր հարցերին, այլ ՄԱՐԴԸ, որ մտածում է զգացմունքներով, որոնք չեն պղտորվել տրամաբանական օրենքներով…»:

Մեղավոր  է Մհեր Ենոքյանը, թե ոչ` չենք կարող ասել: Մի բան, սակայն, հստակ է. Մհերը նոր չափանիշներ ուրվագծեց դատապարտյալների մասին հասարակության պատկերացումներում: Նա ստիպեց, որ մարդիկ դատապարտյալի մեջ տեսնեն ոչ թե հանցագործի, որ այլևս ոչ մի բանով պիտանի չէ հասարակությանը, այլև մարդու, որը կարող է անգամ 4 պատերի ներսում ստեղծագործել, սիրել կյանքը, մարդուն, անգամ բարեգործություն անել:

Արդեն խմբագրման փուլում է Մհերի «Մարդկանց աշխարհի կինը» վիպակը, որը սկսել է գրել անցյալ տարվանից: Գիրքը սիրո, հավատի, արդարության մասին է: Գրքի հերոսները` մեկը ազատության մեջ, մյուսն` անազատության, պայքարում են քնած ու հավատակաղ հասարակությանն արթնացնելու, քարացած մտքերը կապանքներից ազատելու համար: Իսկ պայքարի սնուցման աղբյուրը սերն ու կամքն են: Նրանք հավատում են Աստծուն, մարդու մեջ ապրող առողջ հատիկին և գիտեն, որ մի օր իրենք միանալու են ազատ աշխարհում, որն արդեն վերափոխված և առողջացած կլինի:

 

Դիտվել է 1604 անգամ:
Print Friendly

Leave a Reply