Գիտությունը դեռևս փրկված չէ, բայց արդեն փրկության հույս կա

ԿՐԹԱԿԱՆ, Շաբաթվա լուր | | January 20, 2012 7:30

Վերջին ինն ամիսների ընթացքում պարբերաբար խոսվում է գիտության խնդիրների մասին, քննարկվում են դրանց լուծման հնարավոր ուղիները, գիտնականի տեղն ու դերը հասարակությունում: Այս քննարկումներին սկիզբ դրվեց 2011-ի ապրիլին, երբ ստեղծվեց «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» նախաձեռնությունը:

Ըստ նախաձեռնության ներկայացուցիչների` ամենամեծ ձեռքբերումն այն է, որ հանրությունում սկսել են քննարկվել գիտության հարցերը, խնդիրները, «ինչքան Եվրատեսիլ են քննարկում, այնքան էլ  գիտությունը», իսկ մնացյալն արդեն ժամանակի հարց է:

Նախաձեռնության ներկայացուցիչները նշում են, որ  այս ամիսների ընթացքում ունեցել են բազմաթիվ ձեռքբերումներ, սակայն դեռևս չեն հասել իրենց գլխավոր նպատակին` գիտության համար պահանջվող ՀՆԱ 2 տոկոսի փոխարեն դեռևս հատկացվում է 0,24 տոկոս:

Մինչդեռ ընդունված է, որ գիտությունը կարող է զարգանալ միայն ՀՆԱ 2 տոկոսն ունենալու դեպքում: Ընդ որում,  միջազգային ասպարեզում ընդունված է, որ գիտության ֆինանսավորման բեռի 1/2-ն է միայն պետբյուջեի վրա դրվում, մնացածն ապահովվում  է մասնավոր սեկտորի ներդրումներով  և միջազգային դրամաշնորհներով:

«Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» նախաձեռնությունից Խաչիկ Գևորգյանը նշում է, որ անցած ամիսների ընթացքում հանդիպում են ունեցել բոլոր քաղաքական կուսակցությունների  ներկայացուցիչների հետ, քաղաքական գործիչներն էլ սկսեցին հետաքրքրվել գիտությամբ առավել, քան երբևէ:

Իսկ գիտությանը պատշաճ վերաբերմունքի արժանացնելու  դրույթը  դեռևս նախորդ ընտրություններում է ներառված եղել քաղաքական ուժերի ծրագրերում: «Սակայն ներառված լինելը բավարար չէ և  չի նշանակում, որ այդ ուղղությամբ աշխատանքներ տարվելու են,- ասում է Գևորգյանը:- Շարժմանը զուգընթաց բոլոր քաղաքական ուժերն էլ համաձայնել են, որ դա կարևոր է և իրենց քաղաքական ծրագրում էլ  ներառված է, մնում է, որ իրագործեն»:

Տարվա ընթացքում նախաձեռնությունը «Ծառուկյան» հիմնադրամի հատկացրած միջոցներով իրականացրել է բազմաթիվ մրցույթներ` խրախուսավճարներ հանձնելով տարբեր ոլորտի գիտնականների, ովքեր գիտական հոդվածներ են հրապարակել միջազգային  ազդեցության բարձր գործակից ունեցող և ինդեքսավորող ամսագրերում:

«Հայաստանի երիտասարդական հիմնադրամ»-ի հետ համագործակցությամբ  կազմակերպվեց գիտության ֆինանսավորման դիվերսիֆիկացիային նվիրված Ծաղկաձորյան համաժողովը։

Մամուլում պարբերաբար նյութեր են հրապարակվում գիտության խնդիրների մասին, իսկ նախաձեռնության ֆեյսբուքյան էջն էլ 4 հազարից ավելի  հետևորդ ունի:

Դեկտեմբերին  ՀՀ նախագահի հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը գիտնականներին խոստացել է ամեն տարի հիմնադրամների միջոցով գիտությանը հատկացնել լրացուցիչ 100 մլն դրամ:

Այս տարի էլ նախաձեռնությունը սկսել է համագործակցել «Տաշիր» հիմնադրամի հետ:

Չնայած ամեն ինչին` նախաձեռնության ներկայացուցիչ, ֆիզիկոս Արթուր Մովսիսյանը դեռ վաղ է համարում խոսել գիտության փրկության մասին, քանի որ դրա համար ֆինանսավորման կտրուկ ավելացում է պետք, ինչը դեռ չկա, իսկ գիտնականների միջին տարիքն էլ Հայաստանում  56 է. «Գիտության խնդիրները մեկ տարում լուծել հնարավոր չէ, բայց իրատեսական է, որ ինչ-որ ժամանակ կհասնենք դրան, որ տարեցտարի գիտության ֆինանսավորումը կավելանա: Հայաստանն այդ ամենի համար գիտական ներուժ ունի»:

Խաչիկ Գևորգյանը նշում է նաև, որ առկա ձեռքբերումները բավարար չեն գիտության խնդիրները լուծելու համար. «Ֆինանսական աջակցությունները ընդամենը կաթիլներ են, բայց ճիշտ օգտագործված կաթիլներ, քանի որ այդ ֆինանսական աջակցությամբ ստեղծվեցին ու ընթացքի մեջ դրվեցին մեխանիզմներ: Վստահ եմ`  մեկ տարի առաջ որևէ մեկը չէր խոսի  ազդեցության գործակից ունեցող կամ միջազգային ինդեքսավորվող պարբերականների մասին, գիտնականների աշխատանքների տպագրության մասին, իսկ այժմ այդ ամենը գոնե դարձել է խոսակցության թեմա»:

Գևորգյանն ասում է, որ պետք է ձգտել նրան, որ մրցանակաբաշխությունների ժամանակ կիրառված չափանիշները գործեն նաև համալսարաններում, ԳԱԱ-ում: «Օրինակ` ակադեմիայում շատ լուրջ ակադեմիկոսների կողքին կհայտնվի ակադեմիկոս, ով չունի որևէ լուրջ հրապարակում, չգիտես, թե ինչպես է ընտրվել, այսինքն` երկու ծայրահեղությունները կարող են հայտնվել նույն ադմինիստրացիոն պաշտոնում, քանի որ չկա ընտրության հստակ չափանիշ: Իսկ չափանիշները գործելու դեպքում կխուսափենք նաև գիտությունը վարկաբեկող մարդկանցից:  Պետք է հստակեցվի, թե ով կարող է դառնալ ամբիոնի վարիչ, ռեկտոր, ակադեմիայի թղթակից անդամ և այլն»:

Ըստ Գևորգյանի` փոխվել է նաև հասարակական վերաբերմունքը գիտնականի և գիտության նկատմամբ: Եթե ամիսներ առաջ մարդիկ հարց էին բարձրացնում, թե ինչ են անում գիտնականները, որն է նրանց տված արտադրանքը, ապա այժմ «գիտեն, որ գիտնականը պետք է գրի և տպագրվի, որ նրա արտադրանքը գիտական հոդվածներն են, ինչով էլ հաշվվում է երկրի գիտական ռեյտինգը»:

Հասարակությունում գիտնականների վարկի բարձրացման համար, ըստ  մաթեմատիկոս Արամ Ջիվանյանի, նախ պետք է գիտնականը նորմալ աշխատավարձով ապահովվի, և երկրորդ` ամեն ոք չպետք է գիտնական կոչվելու հնարավորություն ունենա, այլ պետք է գործեն միջազգային հստակ չափանիշներ:

Նախաձեռնության ներկայացուցիչները նշում են, որ ունեն բազմաթիվ ծրագրեր: Հեղինակավոր պարբերականներում հոդվածներ տպագրած գիտնականներին խրախուսավճարներ հատկացնելուց բացի, նախատեսվում է նաև համագործակցություն  թե՛ հիմնադրամների, թե՛ անհատների հետ, ինչով գուցե սկիզբ դրվի մասնավոր սեկտորի կողմից գիտությունում ներդրում  անելու մշակույթին:

«Մեր նպատակն է հասնել գիտության պատշաճ մակարդակով ֆինանսավորման, ինչը հնարավորություն կտա, որ գիտությունը զարգանա և տնտեսության վրա ազդեցություն ունենա: Գիտականորեն ապացուցված է, որ դա հնարավոր է երկրի ՀՆԱ-ի 2 տոկոսի չափով ֆինանսավորում ունենալու դեպքում, ինչին և ձգտում ենք»,- ասում է Արամ Ջիվանյանը:

 

 

Դիտվել է 1907 անգամ:
Print Friendly

Leave a Reply