Աշխարհի գլխին սև ամպեր են կուտակվում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Շաբաթվա լուր | | January 19, 2012 16:58

Մեր  հարևանությամբ հասունանում է նոր համաշխարհային պատերազմ

Այս ամիս Եվրամիության արտգործնախարարները պետք է որոշեն` կիրառե՞լ արդյոք Իրանի դեմ էմբարգո, թե՞ ոչ: Իրանն էլ իր հերթին արդեն իսկ որոշել ու հայտարարել է, որ այդ դեպքում կփակի Օրմուզի նեղուցը, որով իրականացվում է նավթի համաշխարհային շրջանառության մոտ 40 տոկոսը: Իսկ ԱՄՆ-ն իր հերթին նման պարագայում սպառնում է Իրանին ռազմական ուժով ստիպել հրաժարվել այդ գաղափարից: Մի խոսքով, փոխադարձ սպառնալիքներ ու ատամ կրճտացնելու երևույթ, որից համաշխարհային պատերազմի «հոտ» է գալիս: Իսկ այս ամենի պատճառն իբրև թե Իրանի` միջուկային զենք ստեղծելու հավակնություններն են: Եթե ԱՄՆ-ն հարվածի Իրանին, ապա վերջինս կհարվածի տարածաշրջանում ԱՄՆ-ի դաշնակիցներին: Ու եթե հաշվի առնենք, որ աշխարհում երկրների միջև գործընկերային ու դաշնակցային պայմանագրերն այնքան շատ են, որ, ինչպես «բարեկամ-խնամիական» հարաբերություններում, մեկի հետ պատերազմելուց պատերազմում ես մի քանիսի դեմ, ապա աշխարհին սպառնում են սարսափազդու իրադարձություններ:

«Իրանական» խնդրի քաղաքական շարժառիթները

Իրանի շուրջ ձևավորված ճգնաժամն իրականում Իրանի միջուկային հավակնությունները չեն: Փորձագետների համոզմամբ` միջուկային զենք ստեղծելու «սպառնալիքն» ընդամենը պատրվակ է Արևմուտքի համար, որոշակի պատժամիջոցներ կիրառելով, զսպելու Իրանին: Հարցը Մերձավոր Արևելքում գերակայության հասնելու նպատակի իրականացումն է:

Մերձավոր Արևելքում ռազմաքաղաքական գերակայության համար պայքարում էին հինգ պետություն` Եգիպտոսը, Թուրքիան, Իսրայելը, Իրանը և Սաուդյան Արաբիան: «Արաբական գարնան» հետևանքով Եգիպտոսը կարծես դուրս մնաց այս մրցակցությունից, և այժմ պայքարը շարունակում են մյուս չորս պետությունները:

«Եվ, փաստորեն, տեսնելով մի ուժեղ մրցակից տարածաշրջանում, որը տնտեսական և քաղաքական պոտենցիալից զատ, ունի նաև ռազմական բավականին մեծ ներուժ, Իսրայելը փորձում է ամեն կերպ միջազգային հանրության միջոցով ճնշումներ գործադրել Իրանի վրա և կասեցնել նրա զարգացումը»,- ասում է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

Այսօր ԱՄՆ-ում սպասվում են նախագահական ընտրություններ, իսկ հրեական լոբբին միշտ բավական հզոր է եղել այդ գործընթացներում, և Բարաք Օբամայի վարչակազմը չի ցանկանում դեմ գնալ տարածաշրջանում հրեական շահերին: Հենց այս իրավիճակն է, որ բավական բորբոքում է իրադրությունը Մերձավոր Արևելքում, մանավանդ` ճնշումներն Իրանի նկատմամբ:

Երկրորդ գործոնը Թուրքիան է, որը բավական ուժեղ տնտեսական ցուցանիշներ ունեցավ վերջին տարիների ընթացքում: Մերձավոր Արևելքի երկրների համար բավականին գրավիչ է մանավանդ թուրքական քաղաքական մոդելը, որը ենթադրում է իսլամական պետություն` ղեկավարվող սեկուլյարիզմի օրենքներով: Սա մի կերպար է, որն ընդունելի է դարձել Արևմուտքի համար:

«Եթե փորձենք ընդհանրացնել, ապա պետք է նշենք, որ քաղաքական պայքարից զատ, Մերձավոր Արևելքում առկա է գաղափարախոսական լուրջ պայքար: Եվ այս պայքարում դեռևս բավականին դժվար է ասել, թե ով ինչ հաջողություններ ունի»,- պարզաբանում է Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

Իրանի ատոմային ռումբ ստեղծելը միակ գործոնն է` պաշտպանվելու Պակիստանի ռազմական պոտենցիալից. մի երկիր, որտեղ քաոսային իրավիճակ է, և շատ մեծ վտանգ կա, որ այդ երկրի միջուկային պոտենցիալը կհայտնվի ոչ ոքի կողմից չկառավարվող ծայրահեղական իսլամական ուժերի ձեռքում: Ի դեպ, Պակիստանի սպառնալիքը նաև լուրջ է Արևմուտքի, մասնավորապես` ԱՄՆ-ի համար: Այս դեպքում, ճիշտ է, Իրանի միջուկային ռումբ ստեղծելու ծրագիրն ուղղված է ընդհանուր թշնամու դեմ, բայց քանի որ Իսրայելն ու Թուրքիան ԱՄՆ-ի դաշնակիցներն են, իսկ Սաուդյան Արաբիան` Արևմուտքի շահերի անմիջական սպասարկուն Մերձավոր Արևելքում, Արևմուտքը չի կարող դեմ գնալ այս երեքի համախումբ շահերին:

«Ռազմական հանգուցալուծումն այսօր ամենաանցանկալի տարբերակն է նախևառաջ ԱՄՆ-ի համար: Վաշինգտոնը կարծես անհաջողություններ կրեց թե՛ Իրաքում, թե՛ Աֆղանստանում ծավալած պատերազմներից: Բավական մեծ գումարներ են ծախսվել, և ինչպես հետագայում պարզ դարձավ, ԱՄՆ-ի տնտեսությունը դեռևս պատրաստ չէր նման զոհաբերությունների: Օբաման հասկանում է, որ ներկայիս ԱՄՆ-ն պատրաստ չէ ռազմական գործողություններ իրականացնելու Իրանի դեմ: Իրանը Իրաք չէ, կրկնակի-եռակի տարածք և բնակչություն ունի, ինչպես նաև ռազմական ու տնտեսական պոտենցիալը շատ ավելի ուժեղ է: Եթե լինեն կետային հարվածներ, ապա կլինեն շատ մեծ ցնցումներ, որոնք կտարածվեն ոչ միայն Մերձավոր Արևելքում, այլև ամբողջ այդ մեծ աշխարհաքաղաքական տարածաշրջանում` ներառելով Միջին Ասիան, Կովկասը, Սև ծովի ավազանը և այլն»,- նշում է քաղաքագետը:

Նա համոզված է, որ քաղաքական լուծումն այս դեպքում դժվար է գտնել, և բոլոր դեպքերում պետք է երկխոսության ու միասին քննարկելու հնարավորություն լինի: Եթե հաջողվի չեզոքացնել Իսրայելի ճնշումները, այդ երկխոսությունը Իրանի հետ կստացվի, և Իրանը միջուկային գործոնով կամ առանց դրա, կդառա տարածաշրջանում անվտանգության ապահովման շատ կարևոր գործոն: Սա շատ կարևոր է ԱՄՆ-ի համար` կապված ոչ միայն Մերձավոր Արևելքի, այլև Աֆղանստանի զարգացումների հետ: Հայտնի է, որ 2013 թ. ՆԱՏՕ-ն դուրս է բերելու իր ուժերը Աֆղանստանից, և դեռևս հայտնի չէ, թե այնտեղ մնացած թալիբների իշխանությունն ինչ ուղիով կտանի Աֆղանստանը, և քաղաքակիրթ աշխարհն ինչ մարտահրավերներ կստանա այդ երկրից:

«Ես կասեի, որ Միջուկային ծրագիրը զուտ պատրվակ է, իսկ գլխավոր խնդիրը քաղաքակրթությունների խաչմերուկում գտնվող Իրանին հնարավորինս հնազանդեցնելն է և նրա պոտենցիալը հարևան տարածաշրջանները վերահսկելու համար օգտագործելը»,- ասաց Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

Իսկ հնազանդեցնելու ճանապարհները մի քանիսն են:

Իրանի նկատմամբ կիրառելի ճնշումների զինանոցն աղքատ է

Հրանտ Մելիք-Շահնազարյան

Արևմուտքը, պարզվում է, Իրանի դեմ «զսպաշապիկ» կիրառելու աղքատ զինանոց ունի: Այն ներառում է տնտեսական ճնշումները, քաղաքական ճնշումները, ներքին խնդիրների ու խժդժությունների հրահրումը, և եթե այս ամենը արդյունք չտան`  ռազմական գործողությունները:

Արևմուտքը փորձում է քաղաքական ճնշումներ կիրառել Իրանի դեմ վերջին մի քանի տարիներին: Բայց դրանից Իրանի հոգևոր և աշխարհիկ իշխանությունները կարծես առանձնապես չեն վախենում: Չեն վախենում նաև տնտեսական ճնշումներից:

Ինչ վերաբերում է ներքին լարվածությանն ու խժդժություններին, ապա պետք է ուշադիր դիտարկել Իրան պետությունն իր կառուցվածքով և ավանդույթներով:

«Նախ` Իրանում, եթե խոսքը կրոնական հողի վրա ներքին խժդժություններ հրահրելու մասին է, ապա կրոնական փոքրամասնությունները չնչին են, լուրջ զանգված չկա, որպեսզի կարողանա նրանց ոտքի հանել: Իրանի բնակչության մոտ 95 տոկոսը շիա մահմեդական են: Ազգային պատկանելությամբ, համենայն դեպս Իրանում, բոլորը համարվում են իրանցի, լինեն բելուջ, քուրդ, հայ, թե թրքախոս իրանցի: Իրանական Ատրպատականում թրքախոս իրանցիների ելույթները հիմնականում ներմուծված են դրսից, ու փոքր չէ հենց նույն Ադրբեջանի մասնակցությունը: Սակայն որոշ ուսումնասիրություններով վեր են հանվել փաստեր, որ այնտեղ մեծամասնությունն իրեն ադրբեջանցի չի համարում: Չեն էլ պատկերացնում ինչ-որ միացյալ Ադրբեջան և այլն: Նրանք իրանցի են Իրանի տարածքում, և Իրանից դուրս իրենց չեն պատկերացնում»,- պարզաբանում է իրանագետ Մհեր Բաղդասարյանը:

Սոցիալ տնտեսական հարցերում որոշ ընդհարումներ հնարավոր են, սակայն կա մի հանգամանք, որը քիչ կարևոր չէ: Դա արտաքին թշնամու առկայության դեպքում ներքին տարաձայնությունների անտեսումն է: Դա Իրանին բնորոշ է այնքանով, որ, օրինակ` իրանա-իրաքյան պատերազմի ժամանակ նույն փոքրամասնությունները մեջք մեջքի կռվում էին ընդհանուր թշնամու դեմ: Եվ դա այն ժամանակ, երբ Իրանը հեղափոխություն էր անցել, տնտեսական ճգնաժամ էր, քայքայված տնտեսություն և այլն: Այսինքն` հավանականությունը փոքր է, որ օգտվելով առիթից` հրահրեն միջցեղային բախումներ, ինչպես Լիբիայում եղավ:

«Ոզնուն բռունցքով չես հարվածի»

Արծրուն Հովհաննիսյան

Իրանին ռազմական հարված հասցնելն անկանխատեսելի հետևանքներ կարող է ունենալ: Արևմուտքը չի գնա Իրանի հետ ցամաքային պատերազմի` հաշվի առնելով Իրանում հզոր զինված ուժերի առկայությունը,  բացի այդ, համեմատել Իրանին Իրաքի հետ, ասել, որ Իրանում կարող է իրաքյան սցենար կրկնվել, սխալ է: Իրանական բանակը բավականին հզոր է տարածաշրջանում, նաև հարկ է հաշվի առնել նրանց կամավորներին: Իրանում զինված ուժերը հիմնականում երկու տեսակի են: Առաջինը այսպես կոչված ազգային բանակն է: Եվ երկրորդը իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն է, որն անմիջապես ենթարկվում է հոգևոր առաջնորդին` մոտ 400-500 հազար թվաքանակով, չնայած այդ տվյալները վիճելի են, որովհետև բացահայտ չեն հրապարակվում:

Բացի դրանից, հեղափոխության պահապանների կորպուսը կամավորների մեծ խմբեր ունի: Դրանք այն մարդիկ են, որոնք անցել են պարտադիր զինվորական ծառայություն, որից հետո անդամագրվել են աշխարհազորայինների կամավորական գնդերին և թվաքանակով մի քանի միլիոն են: Դա բավականին լուրջ ուժ ներկայացնող ակտիվ ռեզերվ է, որ տարեկան մեկ-երկու անգամ վերապատրաստվում, մարզվում է:

Եթե հարվածներ լինեն, հավանաբար կլինեն կետային` Պարսից ծոցից, որտեղ կենտրոնանում են  Արևմուտքի ռազմանավերը:

«Իհարկե, իրավիճակը պայթյունավտանգից պատերազմի վերաճելու հավանականությունը մեծ է: Այստեղ ուղղակի, հաշվի առնելով, որ ամերիկյան կողմը հաշվենկատ գործողությունների է դիմում սովորաբար, նրանց պատերազմներն էլ բազմակի կոմբինացիաներով հաշվարկված են: Չեմ կարծում` ակտիվ ռազմական գործողություններ ծավալվեն: Ճիշտ է` շատ լուրջ մկանների ցուցադրություն է այսօր, Իրանի կողմից` զորավարժություններ, ԱՄՆ-ի կողմից երրորդ ավիախումբն է մոտենում Պարսից ծոցին, փոքրիկ միջադեպեր և այլն, բայց, իմ կարծիքով, դեռևս ձևակերպումների հստակեցման ընթացք է»,- ասաց ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը:

Չնայած ուժերի անհավասարակշռությանը` վերջիվերջո ԱՄՆ-ի ռազմական ներուժն ամենահզորներից է, բայց կան որոշ փորձագետների վերլուծություններ, որոնք համոզված են, որ Օրմուզի նեղուցի դեպքում առավելությունն Իրանի կողմն է: Նրանք պատճառաբանում են, որ ԱՄՆ-ի մեծ ռազմանավերը, ավիակիրները հնարավորություն չունեն Օրմուզի նեղուցում` այդ նեղ տարածքում, մանյովրներ անելու: Նրանք ավելի շատ նախատեսված են ավելի մեծ տարածություններից մարտ վարելու համար:

Եթե բանը հասնի նրան, որ Արևմուտքը` ի դեմս ԱՄՆ-ի կամ Իսրայելի, վերջնական որոշի հարվածել Իրանին, կստացվի ԱՄՆ-ի համար ավանդական դարձած սցենարը` օդածովային, օդահրթիռային հեռահար հարվածներ Իրանին, ինչը, իհարկե, Իրանին այդ պահին կհանգեցնի պարտության, այսինքն` ստրատեգիական օբյեկտների, ռազմական ներուժի որոշակի ոչնչացում կլինի Իրանի համար, սակայն Իրանի պատասխանն էլ կլինի ոչ ադեկվատ, քանի որ նույն ձևով չի կարող պատասխանել ԱՄՆ-ին:

«Իրանը, միանշանակ, ԱՄՆ-ին պատասխանելու է` տարածաշրջանում կոնֆլիկտներ ստեղծելով կամ արդեն իսկ գոյություն ունեցողներն ակտիվացնելով: Այսինքն` սառեցված կամ նույնիսկ զրոյից լոկալ պատերազմներ, ընդ որում, հարվածներ տարածաշրջանում ամերիկյան ռազմաբազաներին,- նշում է Արծրուն Հովհաննիսյանը,- դրանք կարող են լինել դիվերսիոն հարվածներ կամ հենց ուղղակի ավիացիոն կամ հրթիռային հարվածներ, քանի որ  Իրանը հրթիռային որոշակի պոտենցիալ ունի, ճիշտ է` ոչ շատ ժամանակակից, բայց, այնուամենայնիվ, մեծաքանակ»:

Մի խոսքով, Իրանը կարող է պայթեցնել տարածաշրջանը: Պայթեցնել այն աստիճան, որ ԱՄՆ-ի դաշնակիցները` ի դեմս արաբական երկրների, տարածաշրջանում շատ լուրջ խնդիրներ ունենան: Այսինքն, եթե անգամ ԱՄՆ-ն անմիջականորեն խնդիրներ չունենա, ապա խնդիրներ կունենան նրա դաշնակիցները:

Իրանն էլ շատ լավ հասկանում է, որ տնտեսապես և ռազմականապես աշխարհի թիվ մեկ պետության հետ է մրցավազքի մեջ մտել, և չի կարելի անցնել թույլատրելի սահմանը: Մի գուցե այս միջուկային ծրագիրն Իրանի համար միջոց էր` իր վրա ուշադրությունը կենտրոնացնելու և ինչ-ինչ հարցեր լուծելու համար:

Ինչևիցե, քաղաքական զարգացումները ցույց կտան:

 

Դիտվել է 1041 անգամ:
Print Friendly

Leave a Reply