Հոկտեմբերի 27-ի գործով նախկին մեղադրյալը 10 միլիոն դոլար է պահանջում
ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | ankakh | January 19, 2012 15:49
Հոկտեմբերի 27-ի գործով նախկին մեղադրյալը դիմում է եվրոպական դատարան իր խախտված իրավունքները վերականգնելու համար:
Հոկտեմբերի 27-ի գործով մեղադրված ու այնուհետև արդարացված Նաիրի Բադալյանն անցյալ տարվա մայիսի 3-ին դիմել է եվրադատարան: 2011 թվականի մայիսի 3-ին մարդու իրավունքների եվրոպական դատարանը գրանցել, համարակալել ու բացել է “Բադալյանն ընդդեմ Հայաստանի” գործը: Եվրադատարանում նրա հայցը ներկայացված է արդարացի դատավարության իրավունքի, իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքի, խտրականության արգելման և արդարացի փոխհատուցման պահանջներով: Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողների գործի մանրամասները պատմեց Նաիրի Բադալյանը:
“1999 թվականին ձերբակալվլ եմ ակնհայտ ապօրինի մեղադրանքով, մի մեղադրանքով, որ արդեն իսկ հերքվում էր ձերբակալության պահին առկա 28 ցուցմունքներով և տեսաձայնագրությամբ: Հետաքննության ողջ ընթացքում ենթարկվել եմ քաղաքականապես մոտիվացված ծանրագույն խոշտանգումների, որից հետո 2000 թվականի հունիսի 20-ին արդարացվել եմ: Հունիսի 30-ից սկսած` սկսել եմ հրապարակայնորեն խոսել դրա մասին”,- նշեց բանախոսը:
Նաիրի Բադալյանը 2000 թվականի հուլիսից` անմիջապես կալանքից ազատվելուց հետո, մինչ օրս պայքարում է, որպեսզի հոկտեմբերի 27-ի գործով հետաքննության իրականացման ժամանակ իր անձի հանդեպ կիրառված բռնություններոն ու խոշտանգումները պատժվեն` ըստ արժանվույն, և փոխհատուցվեն` օրենքով սահմանված կարգով: Նա 2000-ին հուլիսի 6-ին դիմել է նախագահին առընթեր մարդու րիրավունքների հանձնաժողով, այնուհետև 2000 թվականի հուլիսի 17-ին ցուցմունք է տվել ՆԳՆ-ին, այնուհետև դիմել է հոկտեմբերի 27-ի գործով խորհրդարանական հատուկ հանձնաժաղով, 2001 թվականի սեպտեմբերի 28-ին դիմել է գլխավոր դատախազին ` պահանջելով քրեական գործ հարուցել և ՀՀ օրենսդրությամբ ու ՀՀ ստորագրած միջազգային պայմանագրերով սահմանված կարգով փոխհատուցել իր կրած նյութական, առողջական, գույքային և բարոյական վնասները:
“Դրա հետ կապված` իմ անձի հանդեպ սկսվել է իրականացվել ահավոր ընդգծված ահաբեկչական քարոզչական կեղտոտ արշավ, որը նպատակ ուներ ինձ վախեցնել ու ստիպողաբար հրաժարեցնել խոշտանգումների և իմ ապօրինի ձերբակալության պատասխանատուներին պատասխանատվության կանչելու պատասխանատվությունից և երկրորդը` ինձ ներկայացնել, որպես պատասխանատվությունից պատահաբար խույս տված հանցագործ: Ստեղծել էին իմ կյանքի համար խիստ հիմնավորված վտանգ, որի արդյունքում ստիպված եմ եղել 2003 թվականի հոկտեմբերին հեռանալ Հայաստանից, գնալ ԱՄՆ` քաղաքական ապաստան ստանալու: ԱՄՆ բարձրագույն ֆեդերալ դատարանի կողմից, որի որոշումները բացարձակ նախադեպային օրենքի ուժ ունեն, ստացվել եմ քաղաքական ապաստան”,- պատմեց Նաիրի Բադալյանը:
Նա ներկայացրեց, որ արդեն 2002-2003 թվականներին գործը փաստացի ապացուցված էր, ինչի վերաբերյալ, առկա էին 1999 թվականին դատարանի որոշումով իր մեկուսարանային պահման խցերում կատարված ձայնագրառումները, որոնցում հստակ արձանագրվում է, թե որտեղ, որ օրը, որ ժամին և ով ինչպես էր նրան խոշտանգում:
“Բացի դրանից` այդ ձայնագրությունների ազդեցության տակ 3 ոստիկան ինքնախոստովանական ցուցմունքներ են գրել այն մասին, թե ինչպես էին ինձ խոշտանգում, ով էր նրանց այդ հրամանը տվել և այլն: Դատաձեռագրաբանական փորձաքննությամբ ապացուցված է, որ իմ խոշտանգումների վերաբերյալ ամենօրյա հաճախականությամբ զինդատախազություն ուղարկվող ամփոփագրերի վրա ձեռագիր կատարված գրառումները պատկանել են անձամբ զինվորական դատախազ Գագիկ Ջահանգիրյանին: Այսինքն ամենօրյա պարբերականությամբ մարդը ստանում էր խոշտանգումների արձանագրություններ և ձեռագիր գրում էր վրան, թե հաջորդ օրը ինչ պետք է հարցնեն և ինչպես հարցնեն”,- նշեց նախկին քաղբանտարկյալը:
2010 թվականին, երբ քրեական գործը կարճվել ու փակվել էր արդեն, քրեական գործի նյութերին ծանոթանալուց Նաիրի Բադալյանը ծանոթացել է մի փաստաթղթի, որը, նրա համոզմամբ, ուղղակի վկայում էր ՀՀ գլխավոր դատախազի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 351 հոդվածով սահմանված հատկանիշներով քրեական հանցագործության մասին:
“Ապացուցված խոշտանգումների պայմաններում, ի դեպ ապացուցված խոշտանգումներն իմ բնորոշումը չեն այլ Հայաստանի դատարանների, և քրեական գործի կարճման որոշման: Այդ պայմաններում դատախազն իմ դիմումը վերահասցեագրել է քննիչ Մարսել Մաթևոսյանին` մակագրելով` “ուսումնասիրել և մերժել”,- ներկայացրեց բանախոսը:
Նա ներկայացրեց քրեական գործի կարճման որոշումը`Հեկտոր Սարդարյանի ստորագրությամբ: Դրանից հետո նա անցել է բոլոր ատյաններով ու հասել մարդու իրավունքների եվրոպական դատարան:
“Բավական էր, որ եվրոպական դատարանը գրանցեր իմ գործը, մայիսի 24-ին Հայաստանում քաղաքացիական հայցս, որն արդեն անցել էր Հայաստանում բոլոր ատյաններն ու վերադարձվել վճռաբեկ դատարանի որոշմամբ, վերաբացվեր”,- նշեց Նաիրի Բադալյանը:
Հոկտեմբերի 27-ի գործով որպես մեղադրյալ անցած ու խոշտանգված Նաիրի Բադալյանն այժմ պատրաստվում է դիմել ՀՀ նախագահին, պատճենն ուղարկելով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալին, պահանջելով քրեական գործի ապօրինի կարճման փաստով հարուցել քրեական գործ`քրեական օրենսգրքի 351 հոդվածի հատկանիշներով, և մեղադրանք հարուցել որոշումը կայացրած քննիչ Հեկտոր Սարդարյանի, այդ որոշումը վավերացված գլխվոր դատախազության ավագ դատախազ Զալինյանի և ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնը զբաղեցնող Աղվան Հովսեփյանի դեմ:
Նաիրի Բադալյանը, որպես փոխհատուցում, Հայաստանի Հանրապետությունից պահանջում է ավելի քան 10 միլիոն ԱՄՆ դոլար:






Facebook
Tweet This
Email This Post
