Ջոն Պրեսկոտը Հայաստանում տիրող մթնոլորտում առաջընթաց է արձանագրել

Շաբաթվա լուր, ՔԱՂԱՔԱԿԱՆ | | January 18, 2012 8:31

Աշխատանքային երկօրյա այցով հունվարի 16-17-ը Հայաստանում էր  ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցով համազեկուցող Ջոն Պրեսկոտը:  Վերջինս այցելության ընթացքում հանդիպեց ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամների, ԱԺ, ՀՀԿ, ԲՀԿ, ՕԵԿ և ընդդիմադիր ՀՅԴ, «Ժառանգություն» խմբակցությունների, ինչպես նաև ՀԱԿ-ի և  հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների  հետ:  Պրեսկոտի հետ հանդիպում են ունեցել նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:

ԵԽԽՎ ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Պրեսկոտը հայտարարել է, որ առաջիկա ընտրությունները շատ կարևոր և որոշիչ են լինելու Հայաստանի հետագա ճակատագրի և վարկանիշի համար:

«Զրույցի հիմնական ժամանակը հատկացվել է առաջիկա խորհրդարանական ընտրություններին: Երկուստեք նշվել է, որ Հայաստանի թիվ մեկ մարտահրավերը ներկայում առաջիկա երկու համապետական`   խորհրդարանական և նախագահական ընտրություններն են և այդ համատեքստում  դրանց բարձր մակարդակով անցկացումը»,- ասել է ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

ԲՀԿ-ն առաջարկել է Պրեսկոտին ընտրությունների դիտորդական առաքելության կազմում ընդգրկել ավելի մեծ թվով դիտորդների:

«Ժառանգությունը» Պրեսկոտի հետ հանդիպման ժամանակ երեք հարց է ներկայացրել` մարտիմեկյան դեպքերի տասը զոհերի մահվան հանգամանքների հարցը,100-տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնելու իրենց և ՀՅԴ-ի նախաձեռնությունը և դատական ու ոստիկանական համակարգերում տիրող վիճակը:

ՀՀԿ-ն համազեկուցողին ներկայացրել է այն քայլերը, որոնք  արվել են իշխող կուսակցության կողմից առաջիկա խորհրդարանական ընտրությունները ժողովրդավարական չափանիշներին համապատասխան անցկացնելու առումով:

ՀԱԿ-ը բարձրացրել է միջազգային լայնածավալ դիտորդական առաքելություն անցկացնելու անհրաժեշտության հարցը, որպեսզի ընտրական գործընթացի սկզբից մինչև վերջ յուրաքանչյուր ընտրատեղամասում ներկա լինի միջազգային մեկ դիտորդ:

Քաղաքական ուժերի հետ հանդիպումից հետո Պրեսկոտը հայտարարել է, որ այս անգամ ընդդիմադիր քաղաքական ուժերին հուզող խնդիրը հիմնականում մեծամասնական ընտրակարգի վերացմանն էր վերաբերում. «Չորս տարի առաջ իրավիճակը դաժան էր, հանդիպումների ժամանակ մարդիկ խոսում էին կեղծված ընտրությունների, մարտիմեկյան իրադարձությունների վերաբերյալ, հիմա մթնոլորտը և ակնկալիքները փոխվել են, որն իսկապես դրական երևույթ է»:

Իսկ ԱԺ նախագահի հետ հանդիպման ժամանակ ԵԽԽՎ համազեկուցողը հայտարարել է, որ իր իրավասությունների մեջ չի մտնում այն հարցը, թե ինչպիսի ընտրակարգով կանցկացվեն ընտրությունները Հայաստանում, սակայն տպավորիչ է համարել  ընտրական օրենսդրության մեջ կատարված փոփոխությունները:

 

Դիտվել է 769 անգամ:
Print Friendly

Leave a Reply