Ես բավարարված եմ մեր համատեղ որոշումից. Աշոտ Աղաբաբյան

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | January 19, 2012 15:17

ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը լիովին բավարված է Հրազդան մարզադաշտի վիճելի հողակտորի վերաբերյալ իր և ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի համատեղ որոշումից:

Այս մասին նա հայտնեց Slaq.am-ի հետ զրույցում: Աղաբաբյանի խոսքով, երկու ՀՀԿ-ականների հանդիդիպումը կայացել է առանց միջնորդների և խնդիրը լուծել են համատեղ:

Իսկ թե որքանով է այս որոշումից բավարարված մարզադաշտն 99 տարով վարձակալած պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը, ինչպես և ինչ միջոցներով է նա պետությանը վճարելու մարզադաշտի տարեկան վարձավճարը, որտեղ է ի վերջո կառուցվելու իր պատկերացրած առևտրի կենտրոնը, Աշոտ Աղաբաբյանն ասաց հետևյալը.

Ռուբեն Հայրապետյանն իր Ֆեյսբուքյան էջում հայտարարել էր, թե մարզադաշտի հարցը  փակված է, ինչը ենթադրում է, որ խնդիրն այլևս լուծված է:

-Գո՞հ եք Հայրապետյանի հետ ունեցած հանդիպումից:

-Այո,  շատ գոհ եմ: Մենք շատ կարճ ժամկետում հասանք փոխհամաձայնության` ո’չ առևտրի աշխատողները կտուժեն,  ո’չ ստադիոնը, և ո’չ  ֆուտբոլային խաղերի հանդիսատեսը: Լրատվամիջոցներն օգնեցին այս բոլոր հարցերի լուծմանը:

Ռուբեն Հայրապետյանը կարողացել է հասնել նրան, որ ՈՒԵՖԱ-ից գումարներ է հայթայթել մարզադաշտի վերականգնման համար: Մենք կարող ենք փոխառության կարգով այդ գումարները ստադիոնին տալ, իսկ հավաքականի բոլոր խաղերն անցկացնելու համար մարզադաշտը կտրամադրենք մեր հավաքականին  անվճար, որպեսզի Ֆուտբոլի  ֆեդերացիան  ստիպված չլինի լրացուցիչ գումարներ ծախսել ՈՒԵՖԱ-ի խաղերը կազմակերպելու համար: Ֆուտբոլի ֆեդերացիան կվերակառուցի մարզադաշտը, իսկ մենք այն կտրամադրենք իրենց:

-Իսկ ինչ լուծում  գտնվեց Ձեր պատկերացրած առևտրի կենտրոնն ունենալու համար, իրականում եղե՞լ է այլընտրանքային տարածքի առաջարկ:

-Այո, մենք առևտրի կենտրոն ենք կառուցում մարզադաշտից 130 մ հեռավորության վրա` այնպես, ինչպես որ նախատեսված էր: Եվ այդ երկհարկանի առևտրի  կենտրոնը կառուցում ենք ստադիոնի ծախսերը հոգալու համար: Բնականաբար, եթե մենք վիդետաբլոներ, նորմալ  միջոցառումներով հանդես գալ, ապա կփորձենք պաշտպանել եղածը լավագույն ձևով:

Ի՞նչ մակերես կզբաղեցնի կառուցվող առևտրի տունը:

-27.000 քմ տարածք տարհանման կտորն այժմ դարձավ  35.000 քմ, որը թե իր զբաղեցրած դիրքով և թե մակերեսով  համապատասխանում է բոլոր նորմաներին: Այսինքն` առևտրի կենտրոնի տարածքը նախատեսվողից էլ ավելի ընդլայնվեց:

-Իսկ դրա կառուցման համար նախատեսված հողակտորը կրկին մարզադաշտի ենթակայության տա՞կ է:

-Ոչ, այդ տարածքն արդեն մարզադաշտի հետ կապ չունի:  Իրականում նախատեսված վայրի դիմաց որպես փոխհատուցում`   Երևանի քաղաքապետարանը ազատ գոտի է տրամադրել, իսկ այդ 12  քմ ավել մակերեսի համար Երևանի քաղաքապետարանը պիտի նոր որոշում կայացնի:

Մենք ուզում ենք Երևանի քաղաքապետարանին ստադիոնի կողմից տարածք տալ, որը կլինի հենց իրենց ենթակայության տակ (նկատի ունի Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանի օրոք օտարված տարածքը,- Slaq.am):

-Այսինքն` Ձեր հողահատկացման հետ կապված քաղաքապետարանը հստակ որոշում չի՞ կայացրել:

-Ոչ, դեռ չի եղել, բայց հուսամ, որ արդեն կլինի:

-Իսկ նոր հողակտորը  Դու՞ք եք ընտրել, թե՞ առաջարկվել է որպես այլընտրանք:

-Մենք ճարտարապետների հետ նայել ենք ու եկել ենք համաձայնության, որ ստադիոնից այդքան հեռավորության վրա ճիշտ է առևտրի կենտրոն կառուցելը:

-Ինչի՞ դիմաց Ձեզ այդ  տարածքը  պիտի հատկացվի,  չէ՞ որ Ձեր նախատեսած առևտրի կենտրոնի համար եղան առարկումներ, եղավ կառուցումն արգելող  որոշում: Ուրեմն կադաստրի պետական կոմիտեից,  ինչպես կարգն է, ձե՞ռք եք բերել այդ հողակտորը, թե՞ որպես փոխհատուցում է այն Ձեզ տրվելու:

-Մենք ընդամենը տարածքների փոխանակում ենք արել` հողակտոր ենք փոխում, որպեսզի մարդիկ իրենց տարածքն ունենան աշխատելու համար: Այդ նոր տարածքի խնդիրը լուծվեց ստադիոնի հաշվին, ունեցավ համապատասխան տարածքներ, ստադիոնի կողքը կկառուցվի առևտրի կենտրոնը, որի գումարները կծախսվեն ստադիոնի պահպանման համար,  մենք այսպես համաձայնության եկանք:

Հ.Գ.   Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի մամուլի խոսնակ Շուշան Սարդարյանի մեկնաբանությունը  «Հրազդան» մարզադաշտի վերաբերյալ հետևյալն է.

«Երևանի քաղաքապետարանից առևտրի կենտրոնի համար քննարկվում է այլ վայրի տարբերակ»:

ՍՅՈՒԶԻ ԲԱԴՈՅԱՆ

Slaq.am

 

 

Դիտվել է 936 անգամ:
Print Friendly

Leave a Reply