Վերահսկիչ պալատը 110.5 մլն դրամի խախտում է հայտնաբերել պետական օղակներում

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | September 23, 2009 19:30

Իշխան Զաքարյան

2007-2008թթ. ընթացքում Վերահսկիչ պալատը ֆինանսների,  արդարադատության, սպորտի և երիտասարդության նախարարություններում, ՀՀ կառավարությանն առընթեր քաղավիացիայի վարչությունում և սոցներդրումների հիմնադրամի աշխատանքների վերահսկողության արդյունքում հայտնաբերել է մոտ 110.5 մլն դրամի խախտումներ, որոնցից մոտ 80 տոկոսը վերադարձված է:

«Ես շատ դրական եմ գնահատում, որ մեր կողմից արձանագրված խախտումները բավական լայն արձագանք են գտնում,- այսօր` ՎՊ խորհրդի նիստին, ասաց ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը,-Տեղեր կան, որ խախտումները 100 տոկոսով վերականգնված են»:

«Քրեակատարողական հիմնարկներում խայտառակ վիճակ է,- նիստին ասաց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Անահիտ Բաշխյանը,-պետք է հետևել դատապարտվածների սննդի վիճակին, հետո՞ ինչ, որ նրանք ցմահ դատապարտյալ են»:

Զաքարյանն էլ ի պատասխան ասաց, որ դրանք ՎՊ իրավասությունների մեջ չի մտնում. «մենք ընդամենը վերահսկում ենք, թե պետբյուջեից հատկացված միջոցներն ինչպես են ծախսվել»:

ՎՊ նախագահը նշեց նաև, որ վերահսկողության արդյունքում որպես օրենսդրական բաց է գրանցվել  Հայաստանում ավիաընկերությունների  անվճար գրանցումը: «Սա օրենսդրական բաց է, որը պետք է շտկվի,- ասաց Զաքարյանը,- Հայաստանում 2007-2008թթ. գրանցվել է 12 ընկերություն, որոնցից 9-ը գործում են դրսում, 3-ը՝ Հայաստանում: Այդ ընկերությունների գրանցումը, օրինակ, Արաբական էմիրություններում  կարժենար 382մլն. դրամ, իսկ Մեծ Բրիտանիայում՝ մոտ 1մլրդ դրամ»:

Զաքարյանը հավելեց, որ Հայաստանից դուրս գործող «Տարոն» ավիաընկերությունը, 2007-2008թթ. ընթացքում ձեռք բերելով 9 ինքնաթիռ, հարկային հաշվետվություններում ցույց է տվել զրոյական մուտք. իբրև թե շահույթ չի ունեցել, հետևաբար հարկեր չի մուծել:

«Իսկ հայտնի «Պրիմա գոլդ» և «Ջիանի» ոսկերչական խանութները 2007թ.  ցույց են տվել ամսական միջինը 300-400 գրամ ոսկյա զարդերի ներմուծում,- ասաց Զաքարյանը,- կարծում եմ՝ այս թվերը մեկնաբանության կարիք չունեն»:

Դիտվել է 1088 անգամ:
Print Friendly

Leave a Reply