Լրանում է Բաքվում հայերի ջարդերի 22-րդ տարելիցը. վերապրողների հուշեր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | January 19, 2012 15:29
Լրանում է Բաքվում հայերի ջարդերի 22-րդ տարելիցը. 1990-ի հունվարի 13-ից սկսած մեկ շաբաթ շարունակ Բաքվում իրականացվում էր հայերի զանգվածային կոտորած, որը դադարեցվեծ միայն խորհրդային զորքերը քաղաք մտցնելուց հետո:
Ողբերգական տարելիցի կապակցությամբ այսօր «Նովոստի» մամուլի կենտրոնում լրագրողներին իրենց հուշերը ներկայացրեցին դեպքերը վերապրած անձինք:
Արեգա Բալայանը պատմում է, որ 1988-ի Սպիտակի երկրաշարժից հետո Բաքվում ուրախություն էր տիրում: Ադրբեջանցիների վարքը պատճառ է դառնում, որ տիկին Արեգայի ընտանիքը, թողնելով 4 սենյականոց բնակարանը և ողջ ունեցվածը, լքի Բաքուն ու այդպիսով փրկվի կոտորածներից. «Վախենում էինք տնից դուրս գալ, իմանալ, թե ինչ է կատարվում»:
Լիդա Հարությունովան պատմում է, որ Սումգաիթյան դեպքերից հետո որոշ ժամանակ սարսափի մեջ են ապրել, տնից դուրս չեն եկել մինչև սննդի պաշարի սպառվելը:
Իսկ 1989-ի օգոստոսին իրենց տան վրա ավազակային հարձակում է եղել` դանակներով զինված անձինք ներխուժել ու պահանջել են տան փաստաթղթերը, գումար, ապա կողոպտել բնակարանը: Հաջորդ օրը ընտանիքով հապշտապ լքել են Բաքուն` թողնելով իրենց ունեցվածքը:
Սիրվարդ Գալստյանն էլ պատմում է, որ այն ժամանակ ինֆորմացիան հակասական էր` հեռուստատեսութմաբ միայն լավ լուրեր էին հաղորդում, հանգստացնում մարդկանց, սակայն դեսից-դենից սարսափելի պատմություններ էին շրջանառվում: Կոտորածից հազիվ են փրկվել` նավով: Պատմում է, որ ոչ մի բան չի կարողացել հետը վերցնել, նավի վրա իր անցկացնել թույլ էլ չէին տալիս, հազիվ մարդկանց էին վերցնում:
Երեխաներին չկորցնելու համար Գալստյանը բոլորի մարմնի վրա մի քանի տեղով մանրամասն գրում է իր հայրական տան հասցեն: Դեպքերի բերումով մի տղան մահանում է, երեք որդիների հետ տիկին Սիրվարդը փրկվում ու Հայաստան է հասնում, սակայն կորցնում է մյուս հարազատներին: Տարիներ անց կարողանում է գտնել հարազատներից մի քանիսին` սփռված տարբեր երկրներում:
Երեք կանայք էլ նշում են, որ որևէ դեպքում Բաքու վերադառնալ չեն ցանկանա. «Էդքանից հետո ով կարող է Բաքու վերադառնալ»: Սակայն նշում են, որ այնտեղ թողնված ունեցվածքի համար փոխհատուցում են պահանջում. Հայաստանում տարիների աշխատանքով էլի ունեցվածք են ստեղծել, սակայն հինը չեն մոռանում:






Facebook
Tweet This
Email This Post
