Բախտի անիվը՚ հայերի օգտին է պտտվում

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | January 18, 2012 17:51

ՙԱյսօր, իրականում, Մերձավոր Արևելքում ընթանում է սառը պատերազմ, որը կարելի է ասել ոչ թե ԱՄՆ-Ռուսաստան սառը պատերազմն է, այլ` միկրոմակարդակում, Ֆրանսիա-Թուրքիա սառը պատերազմը: Որովհետև Հյուսիսային Աֆրիկան հնուց ի վեր եղել է ֆրանսիական ազդեցության գոտի, այնտեղ ֆրանսիական բիզնեսն է եղել, ֆրանսիական քաղաքական ազդեցությունն է եղել, և այս թուրքական նեոօսմանական գաղափարախոսությամբ Թուրքիան Եվրոպայից շեղում արեց դեպի արևելք, որի մեջ մտնում է նաև Մեծ Մերձավոր Արևելքը, Հյուսիսային Աֆրիկան: Սա Ֆրանսիային ձեռնտու չէ, քանի որ թուրքական կապիտալը, լինելով իսլամական կապիտալ, ավելի արագ է մտնում Հյուսիսային Աֆրիկա: Իսկ էկոնոմիկայի հետ գալիս է նաև մշակութային ազդեցությունը, քաղաքական ազդեցությունը: Եվ Ֆրանսիան խնդիր ունի կանգնեցնելու, կասեցնելու Թուրքիայի առաջընթացը Հյուսիսային Աֆրիկայում՚,- պարզաբանեց թուրքագետ Արտակ Շաքարյանը:

 

Որպես դրա ապացույց նշվում է, որ 1999 թ. թուրք-եվրոպական արտաքին առևտուրը 56 տոկոս էր կազմում, իսկ թուրք-հյուսիսաֆրիկյան առևտուրը կազմում էր 12 տոկոս: 2011 թ. տվյալներով` թուրք-եվրոպական առևտուրը անկում է ապրել` կազմում է 42 տոկոս, իսկ թուրք-հյուսիսաֆրիկյան առևտուրը հակառակը,  բարձրացել է մինչև 20 տոկոս: Այսինքն` պարզ է դառնում, որ Թուրքիայի արտաքին առևտրի վեկտորը շեղվում է Եվրոպայից Մերձավոր Արևելք և Հյուսիսային Աֆրիկա: Ինչը նշանակում է, որ Ֆրանսիայի դիրքերը թուլանում են այդ տարածաշրջաններում: Ու հենց Հայոց ցեղասպանության մերժումը քրեականացնող օրենքը, որ Սենատի քննարկմանն է ներկայացվել, ոչ միայն նախընտրական քարոզարշավի պահանջները բավարարելու, ոչ միայն հայերի սիրուն աչքերի համար է, այլև ավելի խորը` ռազմավարական նպատակ ունի, այն է` կասեցնել Թուրքիայի  տարածաշրջանային առաջնորդ լինելը նաև այս մակարդակով:

 

ՙՈւստի ես կարծում եմ, որ սենատը կողմ կքվեարկի այս որոշմանը` հաշվի առնելով, որ սա մի քանի ասպեկտներով ձեռնտու է Ֆրանսիայի ռազմավարական նպատակներին: Ես հույս ունեմ, որ Թուրքիան վերջին պահին որևէ հատուկ քայլ չի անի, որով կհամոզի ֆրանսիացիներին հետ գցել այս որոշումը, կամ ֆրանսիացիները այս քայլը չեն պահի հաջորդ` խորհրդարանական ընտրությունների համար՚,- ասաց Արտակ Շաքարյանը:

 

Թուրքագետի համոզմամբ` Անկարան շատ սխալներ արեց և ավելի գրգռեց Ֆրանսիայի զայրույթը` թե° ՙՍարկոզի՚ անվամբ զուգարանի թուղթ արտադրելով, թե° բավականին կոշտ հայտարարություններով, թե° ալժիրյան ցեղասպանության խաղաքարտը մեջտեղ բերելով:

 

Ուստի ֆրանսիացիները, լինելով էմոցիոնալ ազգ, դեմ չեն քվեարկի այս օրինագծին: Բայց պետք է հաշվի առնել տարբեր տնտեսական պատվերները` կապված ՙԱէորոբուս՚ ընկերության, ատոմային էներգիայի, պետական ռազմական պատվերների և այլ ոլորտների հետ: Անկարան  գուցեև փորձի ինչ-որ բան անել, բայց հավանականությունը, որ կհաջողի, այս անգամ, շատ փոքր է:

 

 

Դիտվել է 1372 անգամ:
Print Friendly

Leave a Reply