ՀՀ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը խորհրդակցության էր հրավիրել միջազգային կառույցներում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությունների ղեկավարներին

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | January 18, 2012 17:27

Հունվարի 18-ին ՀՀ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը խորհրդակցության էր հրավիրել միջազգային կառույցներում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությունների ղեկավարներին: Խորհրդակցությանը ներկա էին նաեւ ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը:

ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը նշեց, որ խորհրդարանական դիվանագիտությունը մեր պետության արտաքին քաղաքականության բաղկացուցիչ ու կարեւոր մասն է, եւ  խորհրդակցության նպատակն է քննարկել միջազգային կառույցներում ՀՀ ԱԺ պատվիրակությունների կատարած աշխատանքը, առկա խնդիրները եւ ծրագրերը, տեղեկատվություն փոխանակել, ծանոթանալ  առաջարկների ու տեսակետների, դրանց հիման վրա ավելի արդյունավետ  ու համակարգված կազմակերպել խորհրդարանականների աշխատանքը: Իսկ խորհրդակցությանը ԼՂՀ ԱԺ նախագահի մասնակցությունը, Սամվել Նիկոյանի խոսքերով, եւս մեկ վկայություն է, որ ԼՂ ժողովուրդը` հանձինս իր օրինական ընտրված իշխանությունների, մասնակցում է բոլոր այն խնդիրների քննարկմանը եւ լուծմանը, որոնք վերաբերում են իր ճակատագրին:

ՀՀ ԱԺ պատվիրակությունների ղեկավարները` ի դեմս Մկրտիչ Մինասյանի (Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողով), Արմեն Ռուստամյանի (Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողով), Կարեն Ավագյանի (ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողով), Գագիկ Մինասյանի (Սեւծովյան տնտեսական համագործակցության ԽՎ), Նաիրա Զոհրաբյանի (Հայաստան- ԵՄ միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահ), Վահան Հովհաննիսյանի (Արեւելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողով «Եվրանեսթ»), Արամ Սաֆարյանի (ԵԱՀԿ ԽՎ ), Դավիթ Հարությունյանի (ԵԽԽՎ), անդրադառնալով նախորդ տարի կատարված աշխատանքներին, ներկայացրեցին նաեւ իրենց մտահոգությունները, դիտարկումներն ու առաջարկությունները հետագա ծրագրերն ավելի արդյունավետ իրականացնելու ուղղությամբ:  Իսկ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանն ամփոփեց  Միջխորհրդարանական միության, ԱՊՀ միջխորհրդարանական եւ ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովների  հետ համագործակցությունը:

Իրենց խոսքում ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը կարեւորեցին խորհրդարանական դիվանագիտության դերն ու հնարավորությունները, անհրաժեշտ համարվեց ավելի ակտիվացնել խորհրդարանական պատվիրակությունների աշխատանքները: ՀՀ  Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանը նշեց, որ պետք է ակտիվորեն օգտագործել խորհրդարանական համագործակցության յուրաքանչյուր ձեւաչափ, անկախ  նրանից, այնտեղ Հայաստանին առնչվող հարց քննարկվո՞ւմ է, թե ոչ: Նա  կարեւոր համարեց փոխայցելություններն ու միջազգային համաժողովների անցկացումը Հայաստանում, որոնց միջոցով արտերկրի մեր գործընկերները հնարավորություն են ստանում անմիջական տեղեկատվություն ստանալ,եւ պատրաստակամություն հայտնեց  աջակցել դրանց կազմակերպմանը:

ՍԾՏՀ-ում հայկական խորհրդարանական պատվիրակության ղեկավար Գագիկ Մինասյանը բարձր գնահատեց նման ձեւաչափով խորհրդակցության անցկացումը, որտեղ պատվիրակությունների ղեկավարները հնարավորություն ունեն նախանշել հետագա գործունեության ծրագրերն ու այն խնդիրները, որոնք ընդհանուր են եւ որոնց ուղղությամբ պետք է համատեղ աշխատանք կատարել: Նա նշեց, որ  նման հանդիպումների շարունակականությունը օգտակար կլինի եւ խորհրդարանի, եւ ընդհանրապես պետության համար:

Եզրափակելով խորհրդակցությունը` Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանը նշեց, որ կարեւորը ոչ թե քննարկման գործընթացն է, այլ  այն աշխատանքը, որ պետք է կատարվի դրա արդյունքների հիման վրա: Խորհրդարանի ղեկավարը պատրաստակամություն հայտնեց հետագայում եւս  շարունակել նման հանդիպումները:

 

 

Դիտվել է 1122 անգամ:
Print Friendly

Leave a Reply