Դավութօղլուի Բեյրութ այցը.դռնփակ հանդեսի պատգամները

Շաբաթվա լուր, ՔԱՂԱՔԱԿԱՆ | | January 17, 2012 15:02

ՄԱԿ-ի Էսքվա-ի կեդրոնատեղիում կազմակերպված խորհրդաժողովին առիթով Լիբանան ժամանած Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեթ Դավութօղլույի հանդիպումներին հետևելով կարելի է որոշ դիտարկումներ անել և փորձել անոնց հիման վրա եզրայանգումների ընդհանուր ուրվագծեր ներկայացնել: Իհարկե, բավական բաժիններ պիտի շարունակեն մնալ անորոշությունում: Հետագա դիպաշարը միայն կարող է  հետադարձ կարգով լույս սփռել Դավութօղլուի այս ուղևորության կարգ մը հանգրվանների վրա:

Նախ պետք է արձանագրել, որ ՄԱԿ-ի ընդհանուր քարտուղարին գլխավորած այս խորհրդաժողովին Թուրքիայի արտաքին գործերի նախարարը միակ ոչ արաբ նախարարն էր, որ նման հանգամանքով իբրև հյուր մասնակցում էր ժողովին: Մեկնաբանելի է նաև այն  իրողությունը, որ խորհրդաժողովի պաշտոնական բաց նիստից հետո, որտեղ ելույթ են ունեցել ՄԱԿ-ի ընդհանուր քարտուղարն ու պաշտոնական անձնավորությունները, Դավութօղլուի խոսքը եղած է դռնփակ նիստի ընթացքում:

Այստեղ իհարկե գերգաղտնի խորհրդակցությունների մասին չէ խոսքը: Անպայման, Դավութօղլուի խոսքին բովանդակությունը կդառնա առնչված կողմերին սեփականությունը: Թուրքական մամուլն արդեն  որոշ մանրամասներ հաղորդում էր իր արտաքին գործերի նախարարի խոսքին վերաբերյալ: Պատգամը այլ է. հատուկ կարևորություն տալ  տարածաշրջանում դերակատարություն վերցրած Թուրքիային, որի պաշտոնական ներկայացուցչին Լիբանան ժամանումն ու հանգամանքի նկատառումով եզակի ներկայությունը նույն դերակատարության շեշտումն են առաջադրում։

Հետևելով մամլո հրապարակումներին` կարելի է արձանագրել նաև, որ վարչապետին, նախկին վարչապետին և որոշ առումով նաև հանրապետության նախագահին հետ կայացած հանդիպումները կրում են դրական շեշտեր, մինչ համեմատաբար վերապահ բնույթով են անցակացվել խորհրդարանի նախագահին և Հզբոլլահի պատվիրակության հետ Անկարայի արտաքին գործերի գերատեսչության ղեկավարին ունեցած տեսակցությունները: Անշուշտ կարելի չէ հենվել միայն մամլո հաղորդագրությունների բովանդակության վրա, այսուհանդերձ լիբանանյան կողմերի տարբեր ներկայացուցիչներին և պաշտոնական Անկարային ունեցած դիրքորոշումները` շրջանային իրադարձություններին նկատմամբ, համոզում են, որ լրատվություններում շեշտերի դրականությունն ու բացասականությունը հեռու չեն իրականությունից:

Լիբանանյան հանդիպումների այս բազմակողմանիության մեջ ուշագրավ է նաև Դավութօղլույի նախաձեռնությունը՝ քրիստոնյա համայնքների ներկայացուցիչների հետ հանդիպումների: Տված դասերը` համայնքների համակեցության, խաղաղ գոյակցության և մասամբ նորին երկակի, եթե ոչ բազմակի չափանիշերի վառ օրինակներ են, մանավանդ նկատի ունենալով  Դավութօղլույի երկրին մեջ քրիստոնյա համայնքների նկատմամբ կիրարկված խտրական քաղաքականությունը:

Քաղաքական այս հեգնանքը, սակայն, ունի իր հետևողականությունը: Ընդամենը մի ամիս առաջ էր, երբ նույն թուրք նախարարը Միջին Արևելքի քրիստոնյա  համայնքների ներկայացուցիչները հրավիրում էր  Իսթամպուլում գումարվելիք խորհրդաժողովի , հայտնաբար «մտահոգ»` Միջին Արևելքի քրիստոնյաների ճակատագրով: Քաղաքականության տրամաբանությունը շարունակվել է, երբ Դավութօղլուն Լիբանանի նախկին նախագահին հետ քննարկել է դարձյալ Թուրքիայում իսլամ-քրիստոնյա հոգևոր ներկայացուցիչների ընդլայնված խորհրդակցություն  կազմակերպելու անհրաժեշտությունը:

Իսլամական դիմագծով վարչակարգի ներկայացուցիչը քրիստոնյա համայնքները համախմբելու, իսլամ-քրիստոնյա երկխոսության նախաձեռնությունների դիմելու և համաշրջանային մակարդակով դերակատարություն վերցնելու դրսևորումներ է ունենում: Անկարայի կողմից Բեյրութը ընտրվել է  վայր այս բոլորի նախանիշերը հայտարարելու և միջազգային ընտանիքի կազմակերպած խորհրդաժողովը առիթ` դռնփակ քննարկումներ անցկացնելու ու կանխազգուշացնելու Լիբանանը, որ տարածաշրջանում պատահելիք ցնցումներին հետևանքով չներքաշվի քաղաքացիական պատերազմի:

«Արաբական գարունը Բեյրութից է սկսվել» հայտարարություն անող Դավութօղլուն, որ հաստատած է Անկարա-Դամասկոս կապերի խզված լինելը, այժմ անդրադառնում է «գարնանային»  նոր ցնցումների, որոնցից պետք չէ վնասվի արաբական գարնան մեկնակետը: Այ՛ս է երկօրյա հայտարարություններին առանցքային պատգամը: Այլապես, ՄԱԿ-ի ընդհանուր քարտուղարի կողքին Թուրքիայի արտաքին գործերի նախարարին հայտնվելն ու անոր ցուցադրած քաղաքական հանդեսը հուշում են, որ Անկարա-Բեյրութ եռուզեռը զգալի կշռույթով շարունակվելու նախադրյալներ ունի:

 

Շահան Գանտահարյան

«Ազդակի» գլխավոր խմբագիր

 

 

 

 

 

Դիտվել է 1334 անգամ:
Print Friendly

Leave a Reply