Դիմում-ուղերձ` ՀՀ ղեկավարությանը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | January 18, 2012 17:13
Գյումրու Գ.Նժդեհի 7 նախկին հանրակացարանը

Գյումրու Գ.Նժդեհի 7 նախկին հանրակացարանը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին

ՀՀ քաղաքաշինության նախարար

Վարդան Վարդանյանին

Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանին

Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանին

Դիմում-ուղերձ

Աղետի գոտում պետության կողմից բնակարանային փոխհատուցման ոչ ենթակա, կիսախարխուլ շենքերում, մասնավորապես նախկին հանրակացարաններում բնակվող անօթևան ընտանիքներին ժամանակավոր կացարաններով ապահովելու անհրաժեշտության մասին

Գյումրիում տասնյակ անօթևան ընտանիքներ բնակվում են երկրաշարժից խարխլված և հետագա տարիներին կիսով չափ փլված շենքերում, որոնց մեծ մասը նախկին հանրակացարաններն են: Դրանցում մարդիկ մի կերպ պատսպարված են  համատարած հակահիգիենիկ պայմաններում. շենքերը չունեն կոմունալ որևէ հարմարություն, անգամ ջուր և կոյուղի: Այդ քառահարկ շինություններից կան այնպիսիները, որոնք պարբերաբար ենթարկվում են փլուզումների, քանդվել են նույնիսկ աստիճանները և անգամ մի անզգույշ շարժում կարող է դառնալ ճակատագրական: Այնպես որ նույնիսկ տնակներն այդ հանրակացարանների հետ համեմատած` առանձնատներ են թվում:

Ինչպես գիտենք, աղետի գոտում քաղաքացիներին բնակարաններ հատկացնելու կարգը սահմանող ՀՀ կառավարության որոշումների համաձայն բնակարան ստացած քաղաքացիները, բացառությամբ բազմանդամ ընտանիքների, պարտադիր կերպով պետք է քանդեն և տարածքներն ազատեն ժամանակավոր կացարաններից: Այդ թվում կան քանդման ենթակա, նախորդ և ընթացիկ տարում բնակարաններ ստացած ընտանիքների կողմից տնօրինվող քարաշեն կամ կիսաքարաշեն այնպիսի ժամանակավոր կացարաններ, որոնք միանգամայն պիտանի են երկարաժամկետ բնակության համար:

Քանի որ պետությունը չունի բոլոր անօթևաններին բնակարաններով ապահովելու միջոցներ, կարծում ենք` լավագույն լուծում կլինի, եթե բնակարան ստացած ընտանիքների համեմատաբար բարվոք վիճակում գտնվող ժամանակավոր կացարանները քանդելու փոխարեն, համապատասխան դրամական փոխհատուցման դիմաց վերցվեն դրանց փաստացի տնօրինողներից և հատկացվեն պետության կողմից բնակարանային փոխհատուցման ոչ ենթակա այն ընտանիքներին, որոնք բնակվելու որևէ կացարան չունեն կամ մի կերպ պատսպարված են կիսախարխուլ շենքերում ու նախկին հանրակացարաններում:

Վերջում ավելացնենք, որ Գյումրու  հանրակացարանային շենքերում բնակվող անօթևան ընտանիքներից մի մասը դեռևս երկրաշարժից առաջ, նախկին ԽՍՀՄ-ի հանրապետություններից Լենտեքստիլ կոմբինատում աշխատելու եկած տարբեր ազգությունների  պատկանող քաղաքացիներ են, ուստի տրամաբանական կլիներ, եթե իրենց հայրենակիցների բնակարանային խնդիրների լուծման գործում ընդգրկվեին նաև ԱՊՀ երկրների` Հայաստանում գործող դեսպանատները:

 

«Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյան

 

Դիտվել է 761 անգամ:
Print Friendly

Leave a Reply