Ավագ դպրոցները Wi-Fi ինտերնետ կունենան, բուհերում էլ կրկնակի դիպլոմի ծրագիրը կներդրվի

ԿՐԹԱԿԱՆ, Շաբաթվա լուր | | January 18, 2012 14:26

2012-ին ոչ միայն նոր բարեփոխումներ տեղի կունենան, այլ նաև կշարունակվեն 2010-11 թթ. սկիզբ դրած գործընթացները. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացնելով այս տարվա ԿԳՆ անելիքները` հայտարարեց նախարար Արմեն Աշոտյանը:

Նրա խոսքով, այս տարի 4 մարզերում կբացվեն 80 նախակրթարաններ, որոնք հնարավորություն կունենան ընդունել 1500 երեխաների:

Հանրակրթության ոլորտում կշարունակվի ուսուցիչների վերապատրաստման և ատեստավորման գործընթացը, ինչպես 2011-ին, այնպես էլ այս տարի 8 հազար ուսուցիչներ կվերապատրաստվեն, իսկ տարակարգ ստացած ուսուցիչների աշխատավարձը կավելանա:

Նախատեսվում է, որ մինչև տարեվերջ ինտերնետով ապահովված կլինեն 1403 դպրոցներ, իսկ ՎիվաՍել ՄՏՍ  ընկերության հետ ձեռք բերված պայմանավորվածության շնորհիվ 107 ավագ դպրոցները կապահովվեն Wi-Fi կապով, ինչը հնարավորություն կտա ինտերնետը չկենտրոնացնել մեկ դասարանում:

Այս տարի նախատեսվում է ստեղծել նաև էլեկտրոնային շտեմարան, որտեղ կկենտրոնացվեն հանրակրթական դպրոցում օգտագործվող բոլոր դասագրքերը, որոնք հնարավոր կլինի նաև ներբեռնել: Իսկ տարրական դասարանների աշակերտներին 2012-ի սեպտեմբերին բոլոր դասագրքերը կհատկացվեն անվճար (նախկինում գումար էր գանձվում օտար լեզվի, երաժշտության դասագրքերի համար):

Աշոտյանի խոսքով` շախմատը դառնում է հայկական կրթական համակարգի միջազգային բրենդը. դա են վկայում մի շարք երկրների ԿԳ նախարարների արձագանքները, որոնք ցանկացել են ծանոթանալ հայկական փորձի հետ:  Ուստի առաջիկա ուսումնական տարուց շախմատ կուսումնասիրեն նաև երրորդ դասարանում:

Կմշակվեն նաև մեխանիզմներ դպրոցներում կրթության որակը գնահատելու և դպրոցները ռեյտինգավորելու համար, որպեսզի ծնողները կարողանան ռեյտինգային ցուցակով առաջնորդվել` իրենց երեխայի համար կրթօջախ ընտրելիս:

Հայոց լեզու և գրականություն, մաթեմատիկա առարկաներից միասնական-ավարտական քննությունները հիմնված կլինեն շտեմարանների վրա, ինչն, ըստ Աշոտյանի, դրանք ավելի կանխատեսելի կդարձնի, կնվազեցնի կոռուպցիոն ռիսկերը: Իսկ 2012-ի ավարտին կհրատարակվեն շտեմարաններ մյուս բոլոր քննական առարկաներից և 2013-ի միասնական-ավարտական քննությունները կլինեն բացառապես շտեմարանային:

Նախարարը նշում է, որ արական սեռի բոլոր շրջանավարտներին հնարավորություն կտրվի փորձելու իրենց ուժերը բուհական ընդունելության քննություններում` մինչ բանակ  զորակոչվելը: Քննությունները, սակայն այս տարի սովորականից շուտ կավարտվեն, ընդունվածների ցուցակներն էլ շուտ կհրապարակվեն, որպեսզի չխաթարվի զինկոմիսարիատների աշխատանքը:

Նախատեսվում է  նաև 50 տոկոսով ավելացնել պետպատվերով տեղերը նախնական և միջին մասնագիտական կրթության  գծով: Աշոտյանի խոսքով` նախորդ տարիներին ուշադրությունը հիմնականում սևեռված է եղել բարձրագույն կրթության վրա, ինչի պատճառով խեղվել է կապը աշխատաշուկայի պահանջների և կրթական համակարգի միջև. «Այսպիսով կրթությունը և աշխատաշուկան օրգանական կապի մեջ ենք բերում»:

Ուսանողական կրթաթոշակների ավելացում, ինչպես Աշոտյանը նշեց, չի նախատեսվում, սակայն տարվա ընթացքում տարբեր մասնագիտությունների գծով կանցկացվի «Լավագույն ուսանող» մրցույթը:

Նորույթ կլինի կրկնակի դիպլոմի ներդրումը. նախատեսվում է, որ տարվա ընթացքում առնվազն երեք մասնագիտությունների գծով բուհերը պայմանավորվածություն ձեռք կբերեն միջազգային գործընկեր բուհերի հետ: Համատեղ կրթական ծրագիրն ավարտած ուսանողը կստանա երկու դիպլոմ` հայկական և միջազգային բուհինը: Իսկ թե որ մասնագիտությունների գծով և որ բուհերում, դեռ հստակ չէ: Աշոտյանի խոսքով, բոլոր բուհերն էլ շահագրգռված են նման ծրագիր իրականացնել, քանի որ այդպիսով կմեծանա նրանց գրավչությունը:

Փոփոխություններ սպասվում են նաև գիտության ոլորտում. կբարդանա ասպիրանտուրայի ընդունելության կարգը, իսկ թեկնածուական ատենախոսություն պաշտպանելն ավելի դժվար կլինի: Աշոտյանը նշում է, որ անցած տարի 50-ով պակաս պաշտպանություն է եղել, իսկ թիվը, հավանաբար, էլի կկրճատվի:

Նախարարը նշում է, որ այս տարի գիտությանը հատկացվող ֆինանսավորումը հատել է 10 մլրդ-ի սահմանը, ինչն առաջընթաց է նախորդ տարիների համեմատությամբ: Իսկ գիտության ոլորտի խնդիրներից նախարարն առավել կարևորում է անարդյունավետ կառավարման համակարգը, ինչը հնարավորություն չի տալիս եղած ֆինանսավորումն արդյունավետ օգտագործել:

Իրականցվում են նաև երիտասարդ գիտնականներին խրախուսելու ծրագրեր. այս տարվա համար երիտասարդ ֆիզիկոսներին հատկացվել է 90 մլն դրամ: Եթե ծրագիրն արդյունավետ  իրականացվի, ըստ Աշոտյանի, կմտածեն նաև նման այլ ծրագրեր իրականացնելու մասին:

Անդրադառնալով առաջիկա ընտրություններին, Աշոտյանը նշում է, որ բոլոր բուհերի ռեկտորներին հրահանգել է արգելել դասի հաշվին որևէ քարոզչություն կամ քաղաքական հանդիպում, քննարկում իրականացնել:

«Դասերը մնայուն են, ընտրություններն անցողիկ: Սա է իմ կարգախոսը»,- ասում է Աշոտյանը` հավելելով, որ կարգազանցները կպատժվեն, իսկ թե ինչպես, պարզ կդառնա նման դեպքի բացահայտումից հետո:

 

Դիտվել է 2197 անգամ:
Print Friendly

Leave a Reply