ՀՀ արդարադատության նախարարն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցող Ջոն Պրեսկոտին

Պաշտոնական, Օրվա լուր | | January 17, 2012 19:02


Հունվարի 17-ին ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն ընդունեց Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի  մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցող լորդ Ջոն Պրեսկոտին: Հանդիպման սկզբում պարոն Պրեսկոտը նախ փոխանցեց այս այցի ընթացքում ստացած իր տպավորություններն ու դիտարկումները Հայաստանում առկա ընդհանուր մթնոլորտի վերաբերյալ: «Չորս տարի առաջ  իրավիճակը դաժան էր, հանդիպումների ժամանակ մարդիկ խոսում էին կեղծված ընտրությունների, մարտիմեկյան իրադարձությունների վերաբերյալ, հիմա մթնոլորտը և ակնկալիքները փոխվել են, որն իսկապես դրական երևույթ է»,- նշեց ԵԽԽՎ Հայաստանի հարցով մոնիտորինգի համազեկուցող լորդ Ջոն Պրեսկոտը, հավելելով, որ այս անգամ ընդդիմադիր քաղաքական ուժերին հուզող խնդիրը հիմնականում մեծամասնական ընտրակարգի վերացման  էր վերաբերում:

Հայաստան կատարած այցից հետո նախատեսվող զեկույցում պետք է անդրադառնան  երկրում իրականացվող բարեփոխումներին՝ մասնավորապես դատական, ոստիկանական համակարգերում: Ուստի հյուրի խնդրանքով ՀՀ արդարադատության նախարար  Հ.Թովմասյանը ներկայացրեց  բարեփոխումների փիլիսոփայությունը, իրականացվող և  առաջիկայում նախանշված քայլերի ողջ ցանկն ու  գործողությունների ծրագիրը:

Նախարար Թովմասյանը լորդ Ջոն Պրեսկոտի ղեկավարած պատվիրակությանը ներկայացրեց նաև  իր  պաշտոնավարման ընթացքում քրեակատարողական հիմնարկներում, դատարաններում կատարված մի շարք աշխատանքներ` զուգահեռաբար ընդգծելով, որ դրանք, իհարկե, բավարար չեն, քանի որ հարցումների արդյունքներով դատական իշխանությունների նկատմամբ դեռևս 80% անվստահություն կա: «Պատճառները բազմաբնույթ են», -շեշտեց արդարադատության նախարարը, թվարկելով դրանցից մի քանիսը` օրենսդրությունում դեռևս պահպանվում են  կոռուպցիոն ռիսկերը, առկա են կադրային խնդիրներ և այլն:

Թվարկված խնդիրները լուծելու նպատակով էլ  մշակվել  և առաջիկայում Հանրապետության Նախագահի հաստատմանն է ներկայացվելու  2012-16 թվականների դատաիրավական բարեփոխումների հայեցակարգը, իսկ մինչ այդ, հունվարի 20-ին,  հայեցակարգը բաց քննարկման է դրվելու  խորհրդարանում:

ՀՀ արդարադատության նախարարը հյուրերին ներկայացրեց նաև անհրաժեշտ   այն գործողություններն ու օրենսդրական փոփոխությունները, որոնք կհանգեցնեն դատաիրավական բարեփոխումների լիարժեք իրականացմանը:  Շեշտելով դատաիրավական բարեփոխումների առաջնահերթությունն ու կարևորությունը՝ նախարար Թովմասյանն ընդգծեց, որ առանց դատական իշխանությունների լրջագույն բարեփոխումների, որևէ այլ բնագավառում էական արդյունքների հասնել հնարավոր չէ:

Անդրադառնալով խորհրդարանական ընտրություններին, ՀՀ արդարադատության նախարարնը շեշտեց, որ Հանրապետության նախագահի գերխնդիրն է ապահովել թափանցիկ, եվրոպական չափանիշներին համապատասխան ընտրություններ, ինչը  կարևոր է  ոչ միայն   ժողովրդավարության   ցուցանիշ ապահովելու, այլև հասարակական-քաղաքական առկա կոնֆլիկները հանգուցալուծելու առումով:

ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցող լորդ Ջոն Պրեսկոտը ի պատասխան այս դիտարկաման կատակեց, թե «ծառը աճում է և ցուցանիշը կլինի աճող պտուղը,  այսինքն հանրության վստահության վերականգնումը»:

 

 

 

 

ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

 

 

Դիտվել է 897 անգամ:
Print Friendly

Leave a Reply