2 անգամ կնոջը խեղդելու անհաջող փորձից հետո ամուսինը դանակահարել է նրան, իսկ վերջում կապել աթոռին, որ բենզինով այրի

ԱՆԿԱԽ ԿԻՆ, Շաբաթվա լուր | | January 17, 2012 13:24

2011թվականին Կանանց իրավունքների կենտրոնի ազգային թեժ գծին եղել է 2302 ահազանգ, որից 1678-ը ընտանեկան բռնության վերաբերյալ է եղել (537 առաջնային եւ 1141  կրկնվող): Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց Կանանց իրավունքների կենտրոնի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Դիաննա Սարգսյանը:

Նրա խոսքով, հատկանշական է, որ  1678 զանգից 1042-ը հոգեբանական բռնության վերաբերյալ է եղել, 612 -ը` ֆիզիկական եւ միայն 24-ը`սեռական: Դ. Սարգսյանը նաեւ տեղեկացրեց, որ 2011-ի հունվար-սեպտեմբերին Երեւանում գտնվող Ճգնաժամային Կենտրոնում գրանցվել է 1325 այց (459 առաջնային, 866 կրկնվող): 459 առաջնային այցերից  288-ը եղել են հոգեբանական բռնության դեպքեր, 360-ը` ֆիզիկական եւ 11-ը` սեռական:

Կանանց իրավունքների կենտրոնի հոգեբան Մարինե Մարտիրոսյանը ներկայացրեց իրենց դիմած ամենադաժան բռնության ենթարկված կանանցից մեկի պատմությունը: Հոգեբանի պատմելով, Հայաստանի գյուղերից մեկում ներկայումս 33-ամյա կինն ամուսնացել է 17 տարեկանում` իրենից մեծ տղամարդու հետ: Համատեղ կյանքի ընթացքում նրանք ունեցել են երկու երեխա, որոնցից դուստրը 11 տարեկան է, իսկ որդին` 14: Ի դեպ, մինչեւ ամուսնանալը նրանք իրար չեն ճանաչել, քանի որ ամուսնացել են հին հայկական ավանդական ձեւով:

Նրանց համատեղ կյանքը  տեւել է 15 տարի, թեեւ հենց ամուսնությունից հետո պարզ է դարձել, որ տղամարդն անհիմն պատճառներով, կնոջը ֆիզիկական բռնության է ենթարկել եւ խանդի տեսարաններ սարքել: Այս կինը միանգամից ենթարկվել է 3 բռնության, ֆիզիկական, սեռական եւ հոգեբանական: Հոգեբանական բռնությունը պայմանավորված է եղել նրանով, որ ամուսինը թույլ չի տվել շփվել կնոջն իր հարազատների հետ:Պարզվել է նաեւ, որ ամուսինը ունի հոգեախտաբանական խնդիրներ, ինչը նրա հարազատները չեն ցանկացել ոչ մի կերպ ընդունել:

Ինչ վերաբերում է Ֆիզիկական բռնությանը, կինը պատմել է, որ ամուսինը պարբերաբար իրեն ծեծել է, թե գոտիով, թե ոտքերով եւ, թե  ձեռքերին է ազատություն տվել:

Նախնական շրջանում նրանք ապրել են տղայի ծնողների եւ եղբոր հետ, բայց երբ առանձնացել են, ամուսինը խանդի հողի վրա կնոջը կապել է աթոռից, բենզինը լցրել վրան եւ ցանկացել  այրել: Կինը հրաշքով է փրկվել, երբ ներս է մտել որդին եւ մի կերպ լուցկին վերցրել հոր ձեռքից:

Մինչ այդ, տղամարդը 2 անգամ կնոջը ցանկացել է խեղդամահ անել Սեւանում: Դրան էլ իր հերթին հաջորդել է դանակահարությունը: Այս ամենից զատ տվյալ կինը ամուսնու կողմից ենթարկվել է նաեւ սեռական բռնության: Կինն առաջին երեք երեխային վիժել է սեռական բռնության պատճառով: Սկեսուրը, երբ տեսել ու հասկացել է, որ  սեռական բռնության պատճառով է հարսը վիժում, առանձնացրել է հարսին տղայից  եւ ուղարկել իր աղջկա տուն, որ վերջին մի քանի ամիսներին կինը սեռական հարաբերություններ չունենա, որից հետո նոր միայն երկու երեխա են ունեցել:

Այդ մահափորձերից հետո ամուսնու հետ ապրելը անհնարին է դարձել: Տվյալ կենտրոնի օգնությամբ  ամուսնալուծությունը արդեն տեղի է ունեցել: Կինը աշխատանք ունի եւ տուն է վարձակալել: Վերջինս ապրում է աղջկա հետ: Բայց որդին հասկանալով հանդերձ, որ հայրը հոգեախտաբանական խնդիրներ ունի, խղճի զգացողությունից ելնելով մնացել է հոր մոտ:

Մեր այն հարցին, թե երեխայի անվտանգությունը այս պահին արդյոք վտանգված չէ՞, կենտրոնի հոգեբանը պատասխանեց, որ հոգեախտաբանական խնդիրներ ունեցող բռնարարքները, երբ սեւեռվում են մի օբյեկտի վրա կարող է մյուս օբյեկտներին վնաս չհասցնեն: Իսկ այս տղամարդու համար քավության նոխազը իր կինն է հանդիսացել:  Ինչ վերաբերում է 2011թ-ին արձանգրված 1042 հոգեբանական բռնություն ահազանգերին Մարինե Մարտիրոսյանը նկատեց, որ դրանք հիմնականում պայմանավորված են խանդի տեսարաններով կամ երբ փորձում են կնոջը զրկել  շփվել հարազատների, ընկերների հետ, թույլ չեն տալիս տանից միայանակ դուրս գալ, երեխային պարապմունքի տանել: Լինում են նաեւ դեպքեր, երբ կնոջն ամբողջովին թուլացնելու համար քայլեր են ձեռնարկում, որ երեխաներին տրամադրեն մոր դեմ:

Հարցին, թե արդյոք այս ամենը կնոջ թուլությա՞մբ է պայմանավորված, թե այլ պատճառներ էլ կան, հոգեբանը պարզաբանեց. «Պատճառները շատ տարբեր են, որոնցից մեկը կարող է լինել զուտ տնտեսականը: Օրինակ, ներկայիս  քաղաքացիական օրենսգրքով /անշարժ գույքի բարելավում կամ օգտագործում/, եթե  կինը համասեփականատեր չի այդ գույքին, ապա թեկուզ 30 տարվա ամուսիններ են, ունի շատ երեխաներ եւ անձնական ներդրում այդ գույքի ձեռքբերման համար, նրան ոչինչ չի հասնում: Այսինքն` նրան համասեփականության դեպքում է միայն գույքի որոշ մաս հասնում: Իսկ հիմա գիտեք, Հայաստանում նոր գույք ձեռք բերելը դա բավականին դժվար է, կա գործազրկության խնդիր: Բացի այդ, կանայք հարազատների, հասարարական կարծիքը հաշվի առնելով կարող  են երկար տարիներ ենթարկվել բռնության  եւ ոչ մի քայլ չձեռնարկել, որ չպիտակավորվեն, թե ամուսնալուծված են եւ երեխաները մեծանում են առանց ծնողի»:

Հոգեբանից հետաքրքրվեցինք նաեւ, թե ինչո՞վ է պայմանավորված, որ տղամարդիկ գիտակից տարիքում են դիմում բռնության, ինչին ի պատասխան նա արձագանքեց. «Գիտեք տղամարդիկ կան, որ ունենալով ֆիզիկական ուժ, իրականում շատ թույլ մարդիկ են եւ հասկանալով, որ կանայք ունեն ավելի շատ արժանիքներ,դիմում են այդ քայլին: Արդյունքում փորձում են նման քայլերով կնոջը հասարակության մեջ զրկել իրենց կայուն դիրքից: Այդպես, նման տղամարդիկ իրենց ավելի ապահով են զգում»:

 

Պատրաստեց Տաթեւ Մեսրոպյանը

News.am

 

Դիտվել է 1650 անգամ:
Print Friendly

Leave a Reply