ԳԹԿ-ն սկսել է քննությունների կազմակերպման գործընթացը
ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | January 17, 2012 13:11
Գնահատման եւթեստավորման կենտրոնը 2012թ-ի փետրվարի 1-ից սկսում է հանրապետության միջնակարգ հանրակրթական ծրագիր իրականացնող հաստատությունների 2011-2012 ուս.տարվա շրջանավարտների «Հայոց լեզու եւ հայ գրականություն», «Մաթեմատիկա», «Հայոց պատմություն», «Ընդհանուր պատմություն», «Քիմիա», «Ֆիզիկա», «Օտար լեզու» (անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, ռուսաց լեզու, իսպաներեն, պարսկերեն, իտալերեն), «Աշխարհագրություն», «Կենսաբանություն» առարկաներից պետական ավարտական, միասնական եւկենտրոնացված (2012 թ. բուհերի ընդունելության) քննությունների կազմակերպման գործընթացը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին կենտրոնի մամուլի բաժնից, միասնական եւ կենտրոնացված քննություններին մասնակցելու համար շրջանավարտը կամ դիմորդը պետք է լրացնի դիմում-հայտ իր ուսումնական հաստատությունում, նախորդ տարիների շրջանավարտները` իրենց բնակության վայրի` այդ նպատակով առանձնացված ուսումնական հաստատությունում, որի մասին տեղեկություն ստանալու համար անհրաժեշտ է դիմել փաստացի բնակության վայրի մարզային (Երևանի քաղաքապետարանի) կրթության վարչություն:
Միասնական եւ կենտրոնացված քննություններին մասնակցելու համար անհրաժեշտ է`3 x 4 չափի լուսանկար, անձնագրի կամ ծննդյան վկայականի պատճենը, «ՎՏԲ Հայաստան բանկ»-ում Գնահատման եւ թեստավորման կենտրոնի 160481037341 հաշվեհամարին յուրաքանչյուր քննությանը մասնակցելու համար փոխանցել 1500 դրամ եւ վճարի անդորրագիրը կցել դիմում-հայտին:
Միասնական եւ կենտրոնացված քննությունների վճարից ազատվում են հետևյալ դիմորդները` պարտադիր ժամկետային ծառայությունից զորացրված անձինք, 1-ին եւ 2-րդ խմբերի եւ մինչեւ 18 տարեկան մանկուց հաշմանդամները, ՀՀ պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողների երեխաները, առանց ծնողական խնամքի մնացած մինչեւ 23 տարեկան անձինք: Դիմում-հայտերի ընդունման վերջին ժամկետը 2012 թ. մարտի 15-ն է:






Facebook
Tweet This
Email This Post
