Հայաստանի բնակչության 70%-ը երջանի՞կ է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | January 17, 2012 12:47

“Գելափ Ինթերնեշնլ” կազմակերպության կողմից Հայաստանի ողջ տարածքում 2011թ. դեկտեմբերին անցկացված հեռախոսային հարցումների տվյալներով, իրեն երջանիկ է համարում հայ հարցվողների 70%-ը:ԵՊՀ կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ Արթուր Աթանեսյանն այսօր մեկնաբանելով հարցման արդյունքներն ասել է, որ “եթե հետազոտության արդյունքները հակասում են սթափ մտածողությանը, ապա չեն կարող լինել ճշգրիտ”:

“Կարծում եմ, որ դեմ առ դեմ հարցումը օբյեկտիվության առումով ավելի մեծ ինֆորմացիա կտար, քան հեռախոսայինը: Հնարավոր է, որ մարդիկ “Դուք երջանի՞կ եք” հարցին հումորով կամ հեգնանքով են “այո” պատասխան տվել, իսկ հարցազրուցավարը դա չի կարողացել արձանագրել եւ ընդունել է որպես դրական պատասխան ”,- ասել է սոցիոլոգը:

Նրա խոսքերով, հետազոտության արդյունքների համաձայն` տնտեսապես ավելի զարգացած երկրներում` ԱՄՆ-ում, Ռուսաստանում, մարդիկ պակաս երջանիկ են, քան Հայաստանում:

“Մեկ այլ վարկածի համաձայն`այն ժողովուրդները, որոնք մշտապես ապրել են ցնցումների եւ ճգնաժամերի մեջ, երջանկությունն ընկալում են որպես դժբախտության` պատերազմի, երկրաշարժի, ցեղասպանության բացակայություն”,-նշել է նա:

Հոգեբան Կարինե Նալչաջյանն էլ ասել է, որ ստացված տվյալները “պետք չէ լուրջ ընդունել”:“Երբ բավարարված չեն մարդու հիմնարար պահանջմունքները, նա չի կարող իրեն երջանիկ զգալ: Եթե այս տեսանկյունից դիտարկելու լինենք` արդյո՞ք երջանիկ են հայ մարդիկ”,-ասել է նա:

 

Mediamax.am

Դիտվել է 691 անգամ:
Print Friendly

Leave a Reply