Հայաստանում առաջին դատական հայցը՝ Ցեղասպանության ժխտման դեմ

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | September 23, 2009 14:40

Ձախից առաջինը՝ Արմեն Այվազյան«Արարատ» ռազմավարական կենտրոնը դատական հայց է ներկայացրել «Կովկասյան ինստիտուտ»-ի դեմ, որը հրապարակել է Հայոց ցեղասպանությունը հերքող հոդվածով մի գրքույկ. այս մասին այսօր լրագրողներին հայտնեց «Արարատ» ռազմավարական կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Արմեն Այվազյանը:

Նրա խոսքով՝ 2008 թ. Երևանում հրատարակված, «Կովկասյան հարևանություն. Թուրքիան և Հարավային Կովկասը» վերնագրով գրքում, ի թիվս այլ հոդվածների, զետեղված է Ստամբուլի «Թուրքական տնտեսական և սոցիալական ուսումնասիրությունների» հիմնադրամի աշխատակից Այբարս Գյորգուլուի «Թուրքիա-Հայաստան հարաբերություններ. հավերժական փակուղի՞» հոդվածը, որտեղ հեղինակը Հայոց ցեղասպանության փաստը կասկածի է ենթարկել և ցեղասպանություն տերմինը 34 անգամ չակերտների մեջ գործածել:

« «Կովկասյան ինստիտուտ»-ի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը, ով գրքի խմբագիրն է, առաջին անգամը չէ, որ հակահայկական քայլ է կատարում, -ասաց Այվազյանը,-Փաստորեն, նա հոդվածներն ընտրելիս հաշվի չի առել այն հանգամանքը, որ այդ հոդվածում տեղ են գտել Հայաստանի անվտանգությունն ու հանրային շահերը խաթարող, Ցեղասպանության զոհերի իրավահաջորդների և ողջ հայության իրավունքներն, արժանապատվությունն ու պատիվը ոտնահարող հրապարակումներ»:

Հայցադիմումով ներկայացված պահանջները հետևյալն են. պատասխանողին պարտավորեցնել` 1. հրապարակավ հերքել 2008-ին գրքում վիճարկվող տեղեկությունները, 2.արգելել հետագայում Հայոց ցեղասպանություն բառի չակերտավոր կիրառումը և պատասխանողի տիրապետման ներքո գտնվող գրքի օրինակների հետագա տարածումը, 3. հասցրած բարոյական վնասի դիմաց հատուցել մեկ խորհրդանշական դրամ:

«Ստրասբուրգի մարդու իրավունքների դատարանների չափորոշիչները հաշվի առնելով` հաշվարկվել է նաև վնասի չափը` 20 միլիոն դրամ,-նշեց Այվազյանը,-բայց քանի որ մեզ հետաքրքրում է դատի բարոյական կողմը, մենք մեր պահանջում ներկայացրել ենք խորհրդանշական մեկ դրամ»:

«Անկախ»-ին «Կովկասյան ինստիտուտ»-ից տեղեկացրին, որ Ալեքսանդր Իսկանդարյանն այժմ Հայաստանում չէ, և որևէ մեկն իր փոխարեն չի կարող մեկնաբանություն տալ: Նա հանրապետությունում կլինի սեպտեմբերի 26-ին:

Ինչ վերաբերում է Հայ-թուրքական հարաբերություններին, Այվազյանն ունի իր հստակ դիրքորոշումը.

«Սա կործանարար ճանապարհ է,-կարծում է նա,-Արդեն 10 տարի է` ես խոսում եմ Հայաստանի` Թուրքիայի նկատմամբ տարվող սխալ քաղաքականության մասին, սակայն մեզ հնարավորություն չի տրվում մեր վերլուծություններն ու կարծիքը հրապարակավ ներկայացնել, փոխարենը լրատվամիջոցներով տարվում է պրիմիտիվ քարոզչություն` ի նպաստ այս արձանագրությունների»:

Դիտվել է 5283 անգամ:
Print Friendly

Leave a Reply