ԱԳՆ. սահմանային միջադեպերի ուսումնասիրմանը խոչընդոտել է Ադրբեջանը

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | January 16, 2012 15:58

Անցած տարվա  ընթացքում շարունակվեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ Ռուսաստանի, Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի ջանքերն՝ ուղղված արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը:  Վերահաստատվեցին միջազգային հանրության այն մոտեցումները, որոնք արդեն չորս տարի շարունակ արտացոլվում են ԵԱՀԿ շրջանակներում. 2011-ի ամփոփիչ ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Արտգործնախարարն անդրադարձավ նաև մարտի 5-ին Սոչիում  ձեռք բերված պայմանավորվածությանը, ըստ որի  շփման գծում պետք է անցկացվեր հնարավոր միջադեպերի հետաքննություն, որն այդպես էլ չիրագործվեց: Նալբանդյանի խոսքով, սա ևս մեկ դեպք, է, որը ցույց է տալիս, թե ինչպես է ադրբեջանական կողմը հրաժարվում պայմանավորվածություններից. Ադրբեջանական կողմը տարվա ընթացքում խոչընդոտել է մեխանիզմների ստեղծմանը, ինչպես նաև դեմ է եղել, որ ԵԱՀԿ բյուջեով գումար հատկացվի մեխանիզմների ստեղծման համար:

Նալբանդյանը ներկայացրեց նաև ԼՂ հարցի լուծման  ուղղությամբ ձեռնարկված քայլերը. «2011թ. մայիսի 26-ին Դովիլում կայացած «Մեծ Ութնյակի» գագաթաժողովում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարներ Դմիտրի Մեդվեդեւի, Բարաք Օբամայի և Նիկոլա Սարկոզիի՝ հակամարտության բոլոր կողմերին ուղղված համատեղ հայտարարության մեջ վերահաստատվեցին հիմնախնդրի կարգավորման հիմքը կազմող միջազգային իրավունքի սկզբունքներն ու հանգուցալուծման տարրերը: Հատուկ ընդգծվեց, որ խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի, իսկ ուժի կիրառումը խստորեն կդատապարտվի միջազգային հանրության կողմից:

2011թ. հունիսի 24-ին Կազանում կայացած Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումն առաջընթաց չարձանագրեց Ադրբեջանի ղեկավարության` հերթական անգամ պայմանավորվածություններից հետ կանգնելու և բազմաթիվ նոր փոփոխություններ առաջադրելու պատճառով:

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի միջնորդությամբ տարվա ընթացքում մի քանի փուլ բանակցություններ են տեղի ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Էլմար Մամադյարովի միջեւ:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասյեն, Ռոբերտ Բրադկեն եւ Իգոր Պոպովը ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը, շարունակելով միջնորդական ջանքերը հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ, բազմաթիվ այցեր են կատարել տարածաշրջան՝ Երեւան, Ստեփանակերտ եւ Բաքու:

Դեկտեմբերի 6-7-ը Վիլնյուսում կայացած ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի շրջանակներում ընդունվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարների և Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հնգակողմ հայտարարություն, որով վերահաստատվեց բացառապես խաղաղ միջոցներով ու միջազգային իրավունքի հիման վրա ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման այլընտրանքի բացակայությունը, շփման գծում միջադեպերի քննության մեխանիզմի ստեղծման կարեւորությունը և դիպուկահարների դուրսբերումը»:

 

Դիտվել է 886 անգամ:
Print Friendly

Leave a Reply