ԱԳ նախարարն ամփոփեց 2011-ը

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | January 16, 2012 15:38

«2011 թվականին արտաքին գործերի նախարարության աշխատանքներն ուղղված են եղել Հայաստանի արտաքին անվտանգության բաղադրիչի ամրապնդմանը, պետության զարգացման արտաքին բարենպաստ պայմանների ապահովմանը, արտերկրում Հայաստանի և նրա քաղաքացիների շահերի պաշտպանությանը, երկրի հեղինակության ամրապնդմանը, միջազգային տնտեսական համագործակցության եւ առեւտրատնտեսական կապերի զարգացմանը, միջազգային ասպարեզում Հայաստանի դիրքորոշումների ներկայացմանը, միջազգային կազմակերպություններում և գործընթացներում ներգրավվածության խորացմանը, բարեկամ և գործընկեր երկրների հետ համագործակցության առավել ամրապնդմանը»,-այսօր, ամփոփելով անցած տարին, հայտարարեց ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Արտգործնախարարն 2011-ը կարևորեց հայ-ռուսական ռազմավարական և դաշնակցային փոխգործակցության առավել ամրապնդմամբ, ինչպես նաև ԱՄՆ հետ հարաբերություններում նոր մակարդակի հասնելով:

Անցած տարի նոր թափ է ստացել նաև գործընկերությունը Չինաստանի, Հնդկաստանի և Ճապոնիայի  հետ, «խոստումնալից զարգացումներ են գրանցվել Ասիական և լատինամերիկյան ուղղություններով»:

Տարվա ընթացքում ՀՀ նախագահն իրականացրել է 25 օտարերկրյա այց, Հայաստան է այցելել 7 երկրի ղեկավար: ԱԺ նախագահի մակարդակով  տեղի է ունեցել 8, վարչապետի` 12 փոխայցելություն:  Արտգործնախարարը կատարել է 39 օտարերկրյա այց, Հայաստան է այցելել 14 արտգործնախարար և միջազգային կազմակերպության ղեկավար:

Նալբանդյանի խոսքով, բարձրացել է Հայաստանի միջազգային հեղինակությունը որպես հուսալի գործընկերոջ,  ավելացել են Հայաստանի վերաբերյալ դրական հրապարակումները օտարերկրյա  ԶԼՄ-ներում: ՀՀ Նախագահն ու արտգործնախարարը ունեցել են շուրջ 60 ելույթներ և հարցազրույցներ աշխարհի հեղինակավոր քաղաքագիտական կենտրոններում և միջազգային առաջատար լրատվամիջոցներում:

 

Դիտվել է 732 անգամ:
Print Friendly

Leave a Reply