Տարեկան 270 մլն դրամի աջակցություն «ՔՐՈՆԻՄԵՏ» հիմնադրամից

Շաբաթվա լուր, ՏՆՏԵՍԱԿԱՆ | | January 17, 2012 6:30

Գերմանական «ՔՐՈՆԻՄԵՏ Մայնինգը» լուրջ սոցիալական պատասխանատվություն է ստանձնել մեր երկրում:

Տոնական այս օրերին մանկատան երեխաները մի շարք բարեգործական կազմակերպություներից նվերներ են ստանում, և դա լուսաբանվում է բոլոր ԶԼՄ-ներով: Հաշվի առնելով, որ «ՔՐՈՆԻՄԵՏ» բարեգործական հիմնադրամը, անկախ տոներից, միշտ ուշադրության կենտրոնում է պահում մանկատների, գիշերօթիկ և հատուկ դպրոցների, խնամքի կենտրոնների երեխաներին, սոցիալապես անապահով ընտանիքներին,  ներկայացնում ենք հարցազրույց հիմնադրամի տնօրեն Աննա Սեդրակյանի հետ մինչ օրս արված և 2012-ին նախատեսված ծրագրերի մասին:

Տիկին Սեդրակյան, այսօր բարեգործությունը դարձել է սովորական երևույթ, կմասնավորեցնե՞ք, թե որ կարիքավոր խմբերին է ուղղվում ձեր աջակցությունը:

– Նախ ասեմ, որ «ՔՐՈՆԻՄԵՏ» բարեգործական հիմնադրամը ստեղծվել է ս.թ. հունիսին, և հիմնադիրն է «ՔՐՈՆԻՄԵՏ Մայինինգ» գերմանական ընկերությունը: Ընկերությունը գործունեություն է ծավալում Հայաստանում ավելի քան 15 տարի, և հանդիսանալով Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հիմնական բաժնետեր՝ քաջատեղյակ է երկրում առկա խնդիրներին: «ՔՐՈՆԻՄԵՏ» ընկերությունների խումբը և ԶՊՄԿ-ն հատուկ ուշադրություն են դարձնում նաև երկրում առկա սոցիալական խնդիրների լուծմանը: Ընկերությունը մշտապես մշակում և իրականացնում է բազմաբնույթ սոցիալական, կրթական և մշակութային ծրագրեր հանրապետության ողջ տարածքում` դրանց տրամադրելով զգալի ֆինանսական միջոցներ: Առաջին հերթին աջակցում ենք առավել կարիքավոր երեխաներին. հիմնականում Հայաստանի տարբեր մարզերում մենք աշխատում ենք մանկատների, հատուկ և գիշերօթիկ դպրոցների, խնամքի կենտրոնների հետ:  Ներկայումս ներգրավված են Սիսիանի, Կապանի և Դիլիջանի հաստատությունները, որտեղ ապրում և սովորում են սոցիալապես անապահով ընտանիքների և մտավոր խնդիրներ ունեցող երեխաները: Այսօր մենք աշխատում ենք ավելի քան 300 երեխաների հետ, 2012-ին այդ թիվը միանշանակ կավելանա: Օժանդակելու ենք նաև նախադպրոցական և հիմնական կրթությանը՝ աշխատելով  հանրակրթական դպրոցների հետ: Նախատեսված է նաև աջակցություն տրամադրել բարձրագույն կրթությանը և երիտասարդական նորարար նախաձեռնություններին: Այս կոմպոնենտի շրջանակներում կիրականացվեն ուսանողների փոխանակման ծրագրեր, համագործակցություն արտասահմանյան բուհերի հետ:  Բնակչության առավել անապահով խավերի համար նույնպես մշակել ենք հատուկ ծրագրեր՝ ընդհուպ մինչև  առողջապահական ծառայությունների ֆինանսավորումը:

Ասացիք, որ զգալի ֆինանսական միջոցներ են հատկացվում, ի՞նչ կարգի գումարի մասին է խոսքը, և ի՞նչ հատկացումներ են արվում ֆոնդին:

– Հատկացումներն արվում են ինչպես մայր ընկերությունից, այնպես ել «ՔՐՈՆԻՄԵՏ Մայնինգի» Հայաստանյան գործընկեր ընկերություններից, որոնք են մասնավորապես ԶՊՄԿ-ն և Մաքուր երկաթի գործարանը: Հիմնադրամն ունի Հոգաբարձուների խորհուրդ, որին ներկայացվում է տվյալ տարվա աշխատանքային պլանը և տարեկան բյուջե, ըստ որի էլ կատարվում են համապատասխան հատկացումներ: Այսօր մեր տարեկան բյուջեն կազմում է մոտ 270 մլն դրամ, սակայն այն, կախված ծրագրերից, կարող է փոփոխվել: Չնայած մեր հիմնադիրը գերմանական ընկերություն է, սակայն «ՔՐՈՆԻՄԵՏ Մայնինգը» գործունեություն է ծավալում Հայաստանում արդեն ավելի քան 15 տարի և լավ տեղյակ է մեր սոցիալական խնդիրներին: Հոգաբարձուների խորհուրդը կազմված է ինչպես գերմանացիներից, այնպես էլ հայերից, և դա թույլ է տալիս ճիշտ որոշումներ կայացնել շահառուների ընտրության հարցում:

Հիմնադրամն ունի՞ վերահսկողության մեխանիզմ, որպեսզի իր տրամադրած գումարները նպատակային ծախսվեն ու հասնեն հասցեատիրոջը:

– Հիմնադրամի մոտեցումն է տրամադրել ոչ թե գումար, այլ կոնկրետ ինչ-որ մի բան, օրինակ` հագուստ, տեխնիկա, ֆինանսավորել վերանորոգումը կամ օրինակ` տալ կրթաթոշակ կոնկրետ երեխայի կամ ուսանողի: Այդ իսկ պատճառով մենք համոզված ենք, որ մեր աջակցությունը հասնում է իր հասցեատիրոջը: Բացի այդ, այո, աշխատելով այդ հաստատությունների հետ, մենք իրականացնում ենք նաև որոշակի մոնիտորինգ` բացառելով աջակցության ոչ նպատակային օգտագործումը:

Տիկին Սեդրակյան, կրթական ոլորտում հիմնադրամն ի՞նչ ծրագրեր է նախատեսում իրականացնել:

– Դա մեր հիմնադրամի հիմնական ուղղություններից է, և ուշադրություն է դարձվում ինչպես հանրակրթական, այնպես էլ բարձրագույն և մասնագիտական կրթությանը: Մենք կարող ենք ֆինանսավորել երեխաների կրթությունը արտասահմանում, տալ կրթաթոշակներ կամ ներգրավել արտասահմանյան փորձագետների և դասախոսների: Բացի այդ, մտադրություն կա կազմակերպելու համադպրոցական օլիմպիադաներ, ամառային թեմատիկ ճամբարներ և այլն: Մենք խրախուսում ենք նաև նորարարական նախաձեռնություններ, այդպես հիմա «Մայքրոսոֆթ Իննովացիոն» կենտրոնի հետ միասին ֆինանսավորեցինք իրենց կողմից անցկացվող  Հեքըթոն[ՅԱՆ] Երևան 2011 ծրագրավորողների մրցույթը, որտեղ լավագույն սոցիալական ուղղվածություն ունեցող ծրագիրը կստանա մրցանակ հիմնադրամի կողմից:

Եթե ձեր կազմակերպությունում լինեն ճգնաժամային պահեր, բարեգործությունը կտուժի՞, թե՞ այդ ֆոնդն անձեռնմխելի է:

– Հուսով եմ, որ ֆոնդն անձեռնմխելի է: Ինչպես մայր ընկերությունը, այնպես էլ իր գործընկերները նույնիսկ 2008-2009 թթ. ճգնաժամի ժամանակ չեն  դադարեցրել սոցիալական ծրագրերի ֆինասավորումը և իրականացումը, և ես կարծում եմ, որ այդ միտումը կշարունակվի:

Իսկ առաջիկայում ի՞նչ նոր բարեգործական նախագծերի կարող ենք սպասել:

– Այս տարվա պլանների մեջ է հատուկ դպրոցների և խնամքի կենտրոնների վերանորոգման աշխատանքների իրականացումը, օլիմպիադաների անցկացումը հանրակրթական դպրոցներում, ամառային ճամբարի կազմակերպումը, ինչպես նաև բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ ուսանողական փոխանակման ծարգրերի իրականացումը: Կան նաև մի քանի նոր նախագծեր, օրինակ` Կապանում «Ջերմիկ անկյուն» ծրագիրը, որը թույլ կտա օթևան ապահովել այն 18 տարեկանից բարձր երիտասարդների համար, որոնք անկարող են մենակ ապրել և խնամքի կարիք ունեն: Մտածում ենք նաև ամառային ճամբարի վերանորոգման մասին, և հույս ունեմ, որ այնտեղ կունենանք բազմաթիվ հետաքրքիր միջոցառումներ մեր բոլոր սաների համար: Նաև կաշխատենք Երևանի քաղաքապետարանի և Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոնի հետ լսողության խանգարումներ ունեցողների համար «Ձայն» բջջային ծրագրի հետագա ներդրման և զարգացման  ուղղությամբ:

 

®

 

Դիտվել է 1149 անգամ:
Print Friendly

Leave a Reply