Յուրաքանչյուր վայրկյանում աշխարհում ավելի քան հինգ շիշ կոնյակ է վաճառվում

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | January 16, 2012 11:30

2011 թվականին ֆրանսիական արտադրողները ռեկորդային քանակությամբ կոնյակ են վաճառել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է«Արմենպրես»-ը, հաղորդել է Կոնյակի ազգային միջպրոֆեսիոնալ բյուրոն (ԿԱՄԲ): Վերջին 12 ամսում աշխարհում իրացվել է շուրջ 163 մլն շիշ կոնյակ, ինչի շնորհիվ Ֆրանսիայի կոնյակի ճյուղի ապրանքաշրջանառության ծավալը գերազանցել է 2 մլրդ եվրոն:

«2011 թվականին կոնյակը հաստատեց իր ամուր դիրքերը շուկայում, դրա վաճառքները 2010 թվականի համեմատ աճեցին 6,4 տոկոսով,- ասված է ԿԱՄԲ-ի հայտարարության մեջ:- Ըստ որում ռեկորդային էին ինչպես վաճառված արտադրանքի ծավալը, այնպես էլ` դրա միագումար արժեքը»: Բյուրոյում հատկապես նշել են, որ անցյալ տարի ավելացել է առավել որակյալ եւ թանկարժեք կոնյակի պահանջարկը: Ըստ ԿԱՄԲ-ի տվյալների` յուրաքանչյուր վայրկյանում աշխարհում ավելի քան հինգ շիշ կոնյակ է վաճառվում:

«2011 թվականին մատակարարումների ծավալը գերազանցել է անցյալ տարվա ռեկորդը` հասնելով գրեթե 456 հազար հեկտոլիտրի»,- ընդգծել են բյուրոյում: Ֆրանսիական կոնյակի խոշորագույն գնորդները մնում են ամերիկացիները. վերջին 12 ամսվա ընթացքում ԱՄՆ է առաքվել 48,4 մլն շիշ կոնյակ: Նրանց հաջորդում են չինական ընկերությունները, որոնք ներկրել են 22,6 մլն շիշ կոնյակ: Ֆրանսիական կոնյակի ներմուծման ծավալն աճել է նաեւ Հարավային Կորեայում, Մալայզիայում, Սինգապուրում, Հոնկոնգում, Տայվանում, Թաիլանդում, Ճապոնիայում. այժմ այն կազմում է համաշխահային վաճառքների ընդհանուր թվի 35,8 տոկոսը:

 

Դիտվել է 1032 անգամ:
Print Friendly

Leave a Reply