Սիրուշոն` «յուղոտ պատառ» հայկական լրատվամիջոցների համար /տեսանյութեր/

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | January 15, 2012 10:10

Հետամանորյա «քնած լրահոսից» հետո հայկական լրատվամիջոցների ձեռքում հերթական «յուղոտ պատառն է» հայտնվել: Մեր «հանճարեղ» լրատվամիջոցներն այս անգամ չգիտես որտեղից գտել են թուրքական մի տեսահոլովակ, որն իբրեւ թե Սիրուշոյի տեսահոլովակի նմանակն է, ավելի շուտ` Սիրուշոն թուրքերից է «թխել» իր վերջին տեսահոլովակը:

Պարզապես ծիծաղելի է մեր լրատվամիջոցների` ոչնչից մեծ աղմուկ բարձրացնելու սովորությունը: Թող ամենեւին տպավորություն չստեղծվի, թե ես Սիրուշոյի «երգարվեստի» երկրպագուն եմ, սակայն ինքներդ դիտեք այդ երկու տեսահոլովակները եւ փորձեք բացի ինքնաթիռից այլ նմանություն տեսնել: Նույն տրամաբանությամբ ես կարող եմ հայտարարել, թե այս թուրք երգչուհին նմանակել է Անի Քրիստիի «Տաք անձրեւ» տեսահոլովակին, քանի որ անձրեւ կար նաեւ այնտեղ, բայց դա պարզապես ծիծաղելի պարզունակություն է: Կից ներկայացված է մեկ այլ տեսահոլովակ, որտեղ պարում են եւ ինքնաթիռ կա. եկե’ք հայտարարենք, թե Սիրուշոն «թխել է» նաեւ այս տեսահոլովակից:

Սիրուշոն ինքն է «Բրավո.ամ»-ի հետ զրույցում այս խառնաշփոթը անհեթեթություն որակել: «Բնականաբար, կարող են լինել ինչ-որ բաներ, որոնք հիշեցնեն այլ տեսահոլովակներ: Օրինակ, Բեյոնսեն մի բան անում է, հետո նույնը տեսնում ենք Ռիհաննայի դեպքում, բայց դա չի նշանակում, որ Ռիհաննան կրկնօրինակել է: Ուղղակի տենդենցն է այդպիսին: Եթե ես տաբատ եմ հագել տեսահոլովակում, մեկ ուրիշն էլ է հագել, նշանակում է կրկնօրինակե՞լ է: Գիտեք, ծիծաղելի է»:

Այո’, իսկապես ծիծաղելի է, բայց նաեւ ցավալի է, որ երբ ինչ-որ մեկը փորձում է «սենսացիա սարքել», մյուսները խայծը կուլ են տալիս. մի մասը գիտակցաբար, մյուս մասը` անգիտակցաբար: Գիտակցաբար խայծը կուլ են տալիս, քանի որ «ընթերցող հավաքելու» խնդիր ունեն, իսկ ինֆորմացիան անգիտակցաբար արտատպողները պարզապես իրենց անգրագիտությունն են ցույց տալիս: Ամեն դեպքում, ցավալի է տեսնել հայկական լրատվամիջոցների` «դեղին մամուլին» բնորոշ ձեռագիրը եւ «վայրկենական ընթերցող» կորզելու պարզունակ մեթոդները:

Հ. Գ. Ընթերցողակռիվ տալու փոխարեն, եկեք որակ տանք, հարգելի’ գործընկերներ:

Աննա Եղիազարյան

 

zham.am

 

Դիտվել է 4578 անգամ:
Print Friendly

Leave a Reply