Երևանի քաղաքապետի խորհրդականները կավելանան 2-ով. ներկայիս 4-ը չեն բավականացնում

Օրվա լուր | | September 23, 2009 13:32

Հոկտեմբերի 11-ին` Էրեբունի-Երևան տոնակատարության օրը, դրամահավաք է կազմակերպվելու. գումարն ոււղվելու է Էրեբունի թանգարանի վերանորոգմանը. նման որոշում կայացրեց Երևանի ավագանին այսօր տեղի ունեցած նիստի ժամանակ: Նիստին ներկա էին 53 ավագանիներից 46-ը:

Երևանի տարիքը խորհրդանշող թանգարանի վերակառուցման համար, ինչպես նշեց քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը, մեկանգամյա դրամահավաքը բավական չի լինի, սակայն «ուզում ենք, որ թանգարանը վերակառուցվի ողջ ազգի միջոցներով, քանի որ այն բոլորի հպարտությունն է»: Գործընթացը կազմակերպելու նպատակով առաջիկայում կստեղծվի Էրեբունի-Երևան հիմնադրամ:

Դրամահավաք կկազմակերպվի 4 տարի շարունակ` Էրեբունի-Երևան տոնակատարության օրը: Դրամահավաքից հետո, ինչպես նշեց Բեգլարյանը, հանրությանը կներկայացվի, թե որքան գումար է հավաքվել և ինչ նպատակով է ծախսվելու:

Ավագանու որոշմամբ` Երևանի 2791 ամյակի տոնակատարության օրը Երևանում  լվացվելու են արձանները, սրճարաններում հնչելու են Երևանին նվիրված երգեր, տարբեր ուղղվածությություն ունեցող 10-ից ավել համերգներ են կազմակերպվելու, սպորտային միջոցառումներ, ցերեկային հրավառություն, շքերթ՝ քաղաքապետարանի մոտից մինչև Հանրապետության հրապարակ: «Ակնկալվում է, որ շքերթին կմասնակցի 15-20 հազար մարդ»,- ասում է Բեգլարյանը:

Ավագանին նաև որոշում կայացրեց, ըստ որի՝ քաղաքապետարանն է լուծելու Երևանի տարածքում քանդման ենթակա վթարային բնակելի տների և հանրակացարանների բնակիչների բնակարանային խնդիրները:

Քաղաքապետը նշեց, որ 2008-ին սկսվել է 2 բնակելի շենքերի շինարարությունը, որը կավարտվի 2009-ի ընթացքում: 2010-ին նախատեսվում է կառուցել ևս մեկ բնակելի շենք: «2010-ին փորձելու ենք բյուջեում հնարավորինս շատ գումար նախատեսել՝ վթարային շենքերի բնակիչների համար նոր բնակարաններ կառուցելու համար»,- ասում է Բեգլարյանը:

Երևանում կա 4-րդ աստիճանի վթարայնության (քանդման ենթակա շենքերն են) 3 հանրակացարան և 1 բնակելի շենք և 3-րդ աստիճանի վթարայնության (պետք է ամրացվեն) 74 բնակելի շենք:

Ավագանին նաև որոշեց քաղաքապետի խորհրդականների թիվն ավելացնել երկուսով. ներկայիս 4 խորհրդակաները, ինչպես նշեց Բեգլարյանը, չեն բավականացնում:

Դիտվել է 1447 անգամ:
Print Friendly

Leave a Reply