Ֆենթազի գրական ժանրը լայն սպառում ունի նաեւ հայ երիտասարդների շրջանում

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | January 13, 2012 15:29

Ֆենթազին միֆական եւ հեքիաթային տարրերի  օգտագործման վրա հիմնված գրական  ժանր է, որը տարածում ունի ամբողջ աշխարհում` մասնավորապես դեռահասների շրջանում: Որպես ֆանտաստիկ գրական ժանր`  այն ձեւավորվել է 20-րդ դարի սկզբին:

Ի տարբերություն գիտական ֆանտաստիկայի` ֆենթազին չի ձգտում պարզաբանել այն աշխարհը, որում տեղի են ունենում իրադարձությունները, հաճախ դրանք  ծավալվում են մեկ այլ կամ  զուգահեռ  մոլորակումներում:

«Ֆենթազին թեթեւ ժանր է, եւ սովորաբար նման ժանրերը մեծ սպառում են ունենում ոչ միայն երիտասարդների շրջանում, այլեւ` մեծահասակների կողմից», «Արմենպրես»ի թղթակցի  հետ զրույցում ասաց  «Գրքերի աշխարհ» գրախանութի  տնօրեն Խաչիկ Վարդանյանը` հավելելով, որ որպես գրքասեր` ինքն  այս գրական ժանրին նախապատվություն չի տալիս:  Նա  նշեց նաեւ, որ երեւանյան  գրախանութներում  հատկապես երիտասարդների, դեռահասների շրջանում ֆենթազի  գրական ժանրի բոլոր նմուշները մեծ սպառում ունեն:

«Այս գրքերը լավ են վաճառվում, եւ դա պայմանավորված է նաեւ լավ  գովազդով, սակայն գրքերը ռուսերեն են, նրանց հայերեն թարգմանությունը չկա, եւ ընդհանրապես հայ գրականության մեջ այս ժանրի ստեղծագործություններ չկան»,- ավելացրեց Վարդանյանը:

Ֆենթազիի ամենահայտնի ստեղծագործությունների թվին են դասվում  «Մատանիների տիրակալ», «Հարրի Փոթեր», «Ալիսան`հրաշքների աշխարհում», «Օզ քաղաքի հրաշագործ», վերջին ժամանակներում հանրահռչակ  «Մթնշաղեր»՚ սագան,  այլ գրական ստեղծագործությունները, որոնցից շատերը կարող են հիշեցնել պատմական արկածային վեպ, ուր գործողությունները տեղի են ունենում երեւակայական աշխարհում: Այս ստեղծագործությունների հերոսները հաճախ բախվում են  աներեւակայելի երեւույթների հետ, որոնք անկանխատեսելի զարգացում եւ հանգուցալուծում են ունենում:

Պատահական չէ, որ ֆենթազին հաճախ կառուցվում է արքետիպական սյուժեների հիման վրա:  Եվ այդ աշխարհում ամենեւին անբնական չէ աստվածների, կախարդանքի, միֆական կերպարների` դրակոնների, էլֆերի, թզուկների, անգամ արնախում վամպիրների գոյությունը:

Միաժամանակ  գրականագետները  ֆենթազին որպես հասարակ հեքիաթից տարբերակող հատկանիշ դիտում են այն, որ ի տարբերություն հեքիաթի` վերը թվարկած բնորոշումները չափանիշ են այդ աշխարհի համար եւ գործում են  բնության օրենքների նման:

Թեեւ հայ գրականության մեջ ֆենթազի ժանրի ստեղծագործություններ չկան, սակայն իրականությունը ցույց  է տալիս, որ այս ժանրի  արտասահմանյան ստեղծագործությունների թեմատիկան հայ երիտասարդներին էլ  խորթ չէ:

«Ինձ շատ է դուր գալիս, քանի որ ֆենթազին մարդու` երեխայի, երիտասարդի փախուստն է որոշ իրականությունից, դեպի մանկության, դեպի հեքիաթի ու երեւակայության աշխարհ, ընդ որում հերոսը շատ դեպքերում քեզնից տարբեր չէ, այլ ուղղակի ունի որոշակի հրաշալի հատկանիշներ, պարագաներ, որոնք օգնում են հաղթահարել դժվարությունները, հաղթել չարին կամ պատժել չար մարդկանց»,-«Արմենպրես»-ին պատմեց ԵՊՀ գրականության դասախոս Հայկ Համբարձումյանը` հավելելով, որ ճիշտ  այդպես է  նաեւ Հարրի Փոթերի դեպքում, քանի որ նա միջին վիճակագրական երիտասարդ է, ով հրաշագործության շնորհիվ հասնում է բարու հաղթանակին: Համբարձումյանի  կարծիքով, ծագումնաբանորեն ժանրը հիմնված է հին առասպելների վրա:

«Մեր գրականության մեջ այդպիսի ժանր չի եղել, մենք ունեցել ենք հին առասպելներ, հերոսների մասին ավանդություններ, որոնք այդ բնույթի են, սակայն նույնը չեն, օրինակ Հայկի, Արամի, Արայի, Տորքի մասին առասպելները»-պարզաբանեց գրականագետը:

Ֆենթազի ժանրի  գրավչություն ապացույցներից է նաեւ բազմաբնույթ դրսեւորումները   կինեմատոգրաֆիայի, նկարչության, համակարգչային խաղերում անգամ ժամանակակից մուլտիպլիկացիոն եւ կինո սերիալներում:

 

Դիտվել է 1413 անգամ:
Print Friendly

Leave a Reply