Սպանություն Ալավերդի քաղաքում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | January 13, 2012 11:53

Հունվարի 12-ին, ժամը 13.55-ին, անհայտ քաղաքացուց ոստիկանության Թումանյանի բաժնում ահազանգ է ստացվել, որ Ալավերդի քաղաքի Սայաթ-Նովայի փողոցում, Հյուսիսային համալսարանի Ալավերդու մասնաճյուղի դիմաց, կրակոցներ են հնչում:
Անմիջապես դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը` ոստիկանության տարածքային ստորաբաժանման պետի գլխավորությամբ, կատարվածից րոպեներ անց, հանցագործությունը կատարելու կասկածանքով, բերման է ենթարկել 24-ամյա Վասիլ Շահվերդյանին, որի մոտ հայտնաբերվել է առանց գործարանային համարի «Բայկալ» ատրճանակ` պահունակով և մեկ փամփուշտով:
Պարզվել է, որ Վ. Շահվերդյանն իր մոտ եղած ատրճանակից Սայաթ-Նովայի փողոցում կրակելով 36-ամյա Գագիկ Կիլինկարովի ուղղությամբ` սպանել է նրան: Այդ պահին վերջինիս կողքին գտնվող նրա ընկերը` 39-ամյա Արմեն Կ.-ն, ստացել է հրազենային վնասվածքներ և տեղափոխվել Ալավերդի քաղաքի հիվանդանոց:
Դեպքի վայրում, Գագիկ Կիլինկարովի դիակի մոտ, հայտնաբերվել է կրակված 7 պարկուճ, իսկ Գ. Կիլինկարովին պատկանող «Մերսեդես Բենց SLK-200» մակնիշի ավտոմեքենայի սրահում` «Սայգա 410 K» հրազեն` լիցքավորված 4 փամփուշտով:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով, 34-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 235 հոդվածի 1-ին մասով:
Վասիլ Շահվերդյանը ձերբակալված է:
Կատարվում է նախաքննություն:
Դիտվել է 883 անգամ: