Հոգեկան հիվանդ կինը հոգեկան խանգարման է հասցրել հարևաններին

ՄԱՐԴԻԿ, Շաբաթվա լուր | | January 16, 2012 14:28

Սեբաստիա 28 հասցեում գտնվող շենքի բնակիչները, հույսները կտրած համապատասխան պետական կառույցներից, դիմել են «Անկախին»` իրենց խնդրին լուծում տալու ակնկալիքով: Բանն այն է, որ շենքում հոգեկան հիվանդ կին է ապրում, որի պատճառով գրեթե ամեն օր շենքում «պատերազմական դրություն է»: Այդ իրավիճակում  հայտնվեցի նաև ես, երբ գնացի ահազանգի հետքերով:

Չհասած շենքի բակ` աղմուկ-աղաղակ լսեցի, հետո տեսա, թե ինչպես է մի կին քարերով խփում մի խումբ երեխաների, սրանք էլ իրենց հերթին պատասխանում են ոչ պակաս քարատարափով: Արդեն պարզ էր. իմ առջև երեխաներին ահուսարսափ, հարևաններին էլ հոգեկան խանգարման հասցրած Վարդուհի Դարակչյանն էր կամ, ինչպես հարևաններն են ասում, գիժ Վարդուկը: Նա քարը ձեռքին հարձակվում էր երեխաների վրա, գոռգոռում ու հայհոյում: Ի դեպ, հայհոյանքներից ու անպատիվ խոսքերից ինձ էլ բաժին հասավ, երբ փորձեցի լուսանկարել այդ տեսարանը:

Վարդուհի Դարակչյանը ծնվել է 1965 թ.: Նրան նորածին հասակում որդեգրել են, ապա տեղափոխել Երևան: Որդեգրող ծնողներն առողջ մարդիկ են եղել, խնամել են հիվանդ երեխային: 1990-ականների սկզբին ծնողները մահացել են, իսկ Վարդուհին հաջողել է այդ վիճակում  ամուսնանալ և տնփեսա բերել: Ասում են` ամուսինը ֆիզիկական արատ է ունեցել, սակայն հոգեպես առողջ է եղել: Նա մի քանի տարի առաջ մահացել է` հոգեկան հիվանդ կնոջ խնամքին թողնելով երկու անչափահաս երեխաներին:

Ավագ որդին` Կարապետը, 11 տարեկան է, փոքրը` Սուրենը` 9 տարեկան: Հարևանները պատմում են, որ մինչ ամուսնանալը Վարդուհու առողջական վիճակը տանելի է եղել, սակայն երեխաների ծնունդից հետո աստիճանաբար վատացել է` վերջին տարիներին լրիվ անվերահսկելի դառնալով: «Մեկ էլ տեսնում էիր` երեխաները` ծեծված, արյունլվիկ, դրսում ընկած են,- պատմում է տիկին Ամալյան` Վարդուհու հարևանը,- սոված, ծարավ, քրջոտ շորերով` երեխեքն աղբամաններից դուրս չէին գալիս, որ ուտելիք գտնեն»:

Բարեբախտաբար մի օր երեխաներին նկատում են միջազգային կազմակերպություններից մեկի աշխատակիցները, որոնց միջնորդությամբ նրանք տեղավորվում են Մարի Իզմիրլյանի անվան մանկատանը:

Մանկատան տնօրենը մեզ հայտնեց, որ երեխաները հորեղբայր ունեն, որը հայտնի մարդ է (չցանկացավ անունն ասել): Երբ իրենք հորեղբորը տեղեկացրել են երեխաների վիճակի մասին և առաջարկել, որ նա վերցնի նրանց իր խնամքի տակ, ասել է. «Թող մեծանան, տեսնենք` նորմալ են, թե ոչ, էդ ժամանակ կմտածեմ»: Տնօրենն ասում է, որ իրենք բժշկական ախտորոշում չեն արել, սակայն  իրենց կարծիքով` երեխաները նորմալ են, հատկապես` մեծը: «Նա այնքան  լավ է նկարում, որ նրա աշխատանքներն ուղարկել ենք ԱՄն ցուցահանդեսի,- ասաց նա,- փոքրը միգուցե թեթև մտավոր հետամնացություն ունի, սակայն նա էլ լավ պարում է, շատ ակտիվ երեխաներ են»:

Տնօրենը նույնպես շահագրգռված է, որ երեխաների մայրը մշտական հոգեբուժական խնամքի տակ լինի. «Երեխաներն ուղղակի կբախտավորվեն,- ասաց նա,- չեք պատկերացնի, հենց նա հայտնվում է, խեղճ երեխաները թաքնվում են, ամաչում են ընկերներից: Լացում են, խնդրում, որ իրենց պահեմ, մայրն իրենց չտեսնի»:

Վարդուհու հարևանները երկար են թվարկում այն ամենը, ինչի պատճառով ամեն օր հոգեկան հիվանդ կնոջ հետ տուրուդմփոցի մեջ են լինում: «Մեկ էլ տեսնում ես` տկլորացել ա, կանգնել բալկոնում, անցնող դառնողին ինչ ասես, որ չի ասում: Նկատողություն ենք անում` սկսում ա մեզ հայհոյել ու անիծել,- պատմում է տիկին Հասմիկը` վերևի հարկի հարևանուհին:- Էն օրը կաթը թափել էր աստիճաններին և բրինձ շաղ տվել, ասում էր` արել եմ, որ ընկնեք, մեռնեք: Ձեթը թափել էր աստիճաններին, ապակիները կոտրել, լցրել մեր դռների առաջ»:

Սակայն հարևանների համար ամենասարսափելին այն է, որ Վարդուհին իր կղանքն ու մեզն է թափում մուտքում: Հարևաններն ասում են, որ նրա սանհանգույցը չի գործում, անգամ ջուր չունի: Հարևանուհի Ամալյան ամենից շատ է տուժում Վարդուհու արարքներից, քանի որ ճակատագրի բերումով ապրում է դուռդռան: «Նրա տան հոտից մենք ուղղակի խելագարվում ենք,- ասում է նա,- էն օրը հարսիս սիրտը խառնեց, հետ տվեց:  Րոպեն մեկ դուռը ծեծում է` ջուր կտա՞ք, հաց կտա՞ք, էս կտա՞ք, էն կտա՞ք: Մեկ էլ տեսնում ես` մի բանի մեջ միզեց, մեզը շաղ տվեց մեր դռների վրա»:

Տիկին Ամալյան ճնշման խնդիր ունի: Ամեն անգամ Վարդուհու հետ վեճերից հետո վատանում է: Մի քանի անգամ շտապօգնություն են կանչել, որ ճնշումն իջեցնեն: Ասում է, որ եթե անհրաժեշտ լինի վաճառել իրենց բնակարանը, ապա հաստատ գնորդ չի գտնվի, քանի որ ոչ ոք չի համաձայնի ապրել այդ կնոջ հարևանությամբ:

Հարևանների խոսքով` Վարդուհին բակում կանգնած բոլոր մեքենաները խազում է, քարեր նետում: Իսկ եթե հանկարծ վարորդը սխալմամբ մեքենայի դուռը բաց թողած է լինում, նա անմիջապես հայտնվում է մեքենայի մեջ, որտեղից նրան դուրս հանելը հեշտ չէ: Հաճախ հարևանների դռների փականների մեջ լուցկու հատիկներ է խցկում, որոնցից ազատվելու համար ևս մեծ ջանքեր են պահանջվում: Հարևանները դռները միշտ փակ են պահում, որովհետև նա ներս է մտնում և դուրս չի գալիս կամ էլ մի բան  է թռցնում: Ոչ միայն Վարդուհու արարքները, այլև հենց միայն տեսքը սարսափ է առաջացնում փոքրերի մոտ: Նրան տեսնելիս երեխաներն ուղղակի փախչում են: Նրա շպարը երբեմն ամբողջովին կանաչ է լինում, երբեմն` կապույտ կամ կարմիր: Մարդիկ անհանգստանում են իրենց երեխաների անվտանգության համար, քանի որ ամեն վայրկյան կարող է կոնֆլիկտ հասունանալ հոգեկան հիվանդ կնոջ հետ: Եթե անգամ ֆիզիկական վտանգ չկա, բարոյահոգեբանական լարվածությունը միշտ առկա է: Մի քանի օր առաջ Վարդուհին, բարկացած բոլոր հարևանների վրա, իր բնակարանից ինչ-որ տախտակներ է հանել-շարել բակում և հայտարարել. «Ձեզ համար դագաղներ եմ պատրաստել»: Բայց ամենաանտանելին Վարդուհու հայհոյանքներն են, որոնք լսելի են դառնում բոլորին:

Երբ հարևաններից մեկը բացեց նրա բնակարանի դուռը, մեծ ջանքեր պահանջվեցին ահավոր հոտին դիմանալու և մի քանի լուսանկար անելու համար: Բայց ամենազարմանալին այն է, որ որոշ մարդիկ, ամենևին էլ չխորշելով բնակարանային այդ պայմաններից, գնում են նրա տուն` սեռական ցանկությունները բավարարելու: Վարդուհու բնակարանը հաճախ է դառնում հարբեցողների, գողերի և բոմժերի կացարան, որտեղ նրանք ինչով ասես զբաղվում են: Հարևանները պատմում են, որ հաճախ նրա տնից լսում են նաև ճիչեր, որոնցից ենթադրում են, որ նրան բռնաբարում են:

Վարդուհին գողությամբ էլ է զբաղվում, սակայն նրա գողոնը շատ արագ իրենից գողանում են «ընկերները», որի պատճառով նրա տանը ծեծկռտուք է սկսվում: Ժամանակ առ ժամանակ հարևանների բողոքների հիման վրա ոստիկանության և շտապօգնության աշխատակիցները Վարդուհուն տանում են հոգեբուժարան, սակայն նրան այնտեղ պահում են ամենաշատը 20 օր. «բուժում» են և տուն ուղարկում: Մի անգամ Վարդուհուն հոսպիտալացրել են անգամ եկեղեցու հոգևոր հովվի միջնորդությամբ, որին նա անպատիվ խոսքեր է ասել, հայհոյել և նրա ներկայությամբ մերկացել:

Տիկին Աիդան շենքի բակում մի խանութ ունի: Ասում է, որ Վարդուկի պատճառով ամեն օր խնդիրների մեջ է: «Ամեն օր մի իր ձեռքին մտնում է խանութ, խփում ապակիներին, հետո ինչ աչքը տեսնում է, վերցնում է, շպրտում կամ տանում: Երբ վաճառողը փորձում է չթողնել, ինչ որ վերցրել էր, խփում է վաճառողի երեսին, դուրս գալիս»:

Հարևանները սարսափում են այն մտքից, որ օրերից մի օր նրա արարքները հունից կհանեն տղամարդկանցից մեկին, ինչն անկանխատեսելի հետևանքներ կարող է ունենալ. «Հիմա որ ասում ենք` եկեք տեր կանգնեք, ոչ ոք չի գալիս, բոլորն իրենց վրայից գցում են, բայց հենց որ նրան մի բան լինի, միանգամից կգան, մեզ կմեղադրեն, պատասխանատվության կկանչեն: Իսկ մեր կրած վնասների համար ո՞վ է պատասխանատու»:

Հարևաններն ուրիշ շատ բաներ էլ պատմեցին, որոնք, էթիկայից ելնելով, չենք տպագրում: Սակայն մի բան պարզ է. այդ կինը լուրջ հոգեկան հիվանդ է, որի հետևանքով տուժում է ոչ միայն շրջապատը, այլև հենց ինքը, քանի որ հոգեբուժական հաստատությունում գտնվելու, համապատասխան բուժում և խնամք ստանալու փոխարեն նա ենթարկվում է հոգեբանական, նյութական, ֆիզիկական ու սեռական բռնության, ապրում սովի ու կեղտի մեջ:

Վերջերս, երբ հերթական վեճ ու կռվից հետո հարևանները նրան զգուշացրել են, որ հոգեբուժարան կուղարկեն, Վարդուհին պատասխանել է. «Ավելի լավ, էնտեղ ինձ խմորեղենով, բանով կերակրում են, լողացնում…»:

Բնակիչները որոշ ժամանակ առաջ հանդիպել են իրենց թաղապետի հետ, որը բնակիչներին ուղղորդել է իր տեղակալի մոտ: Վերջինս լսել է բնակիչների բողոքը, խոստացել, որ այդ հարցով կզբաղվի, սակայն մինչ օրս չի արձագանքել: Բնակիչները ստորագրահավաք են կազմակերպել և նամակով դիմել առողջապահության նախարար Հարություն Քուշկյանին: Պատասխան նամակ են ստացել, որում մանրամասն նշված է, թե ինչ կարգով կարող են հոգեկան հիվանդին հոսպիտալացնել: Բնակիչներն այդ եղանակը շատ լավ գիտեն և հաճախ են այդ մեթոդին դիմում, երբ իրավիճակն այլևս անվերահսկելի է դառնում: Սակայն այդ հոսպիտալացումը ժամանակավոր բնույթ է կրում, և խնդիրը մնում է չլուծված: Իսկ խնդրի լուծման միակ եղանակը, որը ձեռնտու կլինի թե՛ հարևաններին, թե՛ հիվանդ կնոջը, նրան մշտապես հոգեբուժական հաստատությունում պահելն է:

Մենք տեղեկացանք, որ նրան Վարդենիսի հոգեբուժարանում տեղավորելու գործով (որտեղ նա մշտապես կարող է մնալ) զբաղվում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը: Հաշմանդամների և տարեցների հիմնահարցերի վարչության պետ Արթուր Կեսոյանը հավաստիացրեց, որ դատարանի կողմից հոգեկան հիվանդ կնոջն անգործունակ ճանաչելու վերաբերյալ վճիռ, ինչպես նաև խնամակալի առկայությունը հաստատող փաստաթուղթ ներկայացնելու դեպքում իրենք անմիջապես Վարդուհի Դարակչյանին կուղարկեն Վարդենիսի հոգեբուժարան:

 

 

 

Դիտվել է 1553 անգամ:
Print Friendly

Leave a Reply