Որո՞նք են պատժից ազատելու հիմքերը

ԻՐԱՎՈՒՆՔ, Շաբաթվա լուր | | January 17, 2012 17:25

Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքի 19-րդ գլուխը նվիրված է պատժից ազատմանը, որի 112-րդ հոդվածի համաձայն`

պատժից ազատելու հիմքերն են`

1) դատարանի դատավճռով նշանակված պատիժն ամբողջությամբ կրելը,

2) դատարանի դատավճռի բեկանումը` գործի վարույթի կարճմամբ,

3) պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելը,

4) պատժի չկրած մաuն ավելի մեղմ պատժատեuակով փոխարինելը,

5) ներումը,

6) համաներումը,

7) պատիժը կրելը խոչընդոտող ծանր հիվանդությունը,

8) արտակարգ հանգամանքները:

Oրենքով կարող են նախատեuվել պատժից ազատելու այլ հիմքեր:

Պատժից ազատելու դեպքում որոշակի կարգ է գործում: Ըստ այդ կարգի` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու, կալանքի, կարգապահական գումարտակում պահելու և որոշակի ժամկետով ազատազրկման ձևով պատժատեսակների կրումը դադարեցվում է պատժի ժամկետի վերջին օրը` հաշվի առնելով այն փոփոխությունները, որոնք օրենքով սահմանված կարգով կարող են մտցվել պատժի ժամկետի մեջ:

Կալանքի, կարգապահական գումարտակում պահելու և որոշակի ժամկետով ազատազրկման դատապարտված անձը պատժից ազատվում է պատժի ժամկետի վերջին օրվա առաջին կեսին: Եթե պատժի ժամկետն ավարտվում է ոչ աշխատանքային օրը, ապա դատապարտյալը պատժից ազատվում է դրան նախորդող օրը: Պատժի ժամկետն ամիսներով հաշվելիս այն ավարտվում է վերջին ամսվա համապատասխան օրը, իսկ եթե տվյալ ամիսը համապատասխան ամսաթիվ չունի, ապա այդ ամսվա վերջին օրը:

Դատավճիռը բեկանելու հետևանքով քրեական գործի կարճմամբ պատժից ազատված անձին պատիժը կատարող հիմնարկի վարչակազմը բացատրում է պատիժը կրելու ընթացքում կասեցված գույքային, աշխատանքային և այլ իրավունքների վերականգնման իրավունքը: Դատավճիռը բեկանելու հետևանքով քրեական գործի կարճմամբ պատժից ազատվելու մասին փաստաթղթերի մեջ պետության անունից պաշտոնապես ներողություն են խնդրում դատապարտյալից:

Դատապարտյալը պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատվում է համապատասխան փաստաթղթերը ստանալու օրը, իսկ եթե այդ փաստաթղթերը ստացվում են աշխատանքային օրվա ավարտից հետո, ապա հաջորդ օրվա առավոտյան:

Դատապարտյալին ներում շնորհելու և պատժից ազատելու կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

Համաներում կիրառելու կարգը սահմանում է համաներման ակտն ընդունող մարմինը:

Հոգեկան կամ այլ ծանր հիվանդության կապակցությամբ պատժի հետագա կրումից ազատելու մասին միջնորդությունը դատարան է ներկայացնում պատիժը կատարող հիմնարկի պետը: Միջնորդության հետ միաժամանակ ներկայացվում են համապատասխան բժշկական հանձնաժողովի եզրակացությունը և դատապարտյալի անձնական գործը: Կարգապահական գումարտակում պահելու դատապարտված անձը պատիժը կրելուց ազատվում է այնպիսի հիվանդության դեպքում, որի հետևանքով նա համարվում է ոչ պիտանի զինվորական ծառայության համար:

Հրդեհի, տեխնածին կամ տարերային աղետի, ընտանիքի միակ աշխատունակ անձի ծանր հիվանդության կամ մահվան և կամ արտակարգ այլ հանգամանքների պատճառով ոչ մեծ կամ միջին ծանրության հանցագործության համար դատապարտված անձի` պատժի հետագա կրումից ազատվելու վերաբերյալ միջնորդության հետ միաժամանակ պատիժը կատարող մարմնի կամ հիմնարկի վարչակազմը դատարան է ներկայացնում տեղեկանքներ համապատասխան հանգամանքների վերաբերյալ և դատապարտյալի անձնական գործը:

Պատժից ազատվելիս դատապարտյալին հանձնվում են նրան պատկանող գույքը, անձնական փաստաթղթերը, այդ թվում՝ պատժից ազատելու վերաբերյալ փաստաթղթերը:

 

Ավետիք ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Դիտվել է 2100 անգամ:
Print Friendly

Leave a Reply