Ասկերանի անցյալն ու ներկան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Շաբաթվա լուր | | January 19, 2012 7:00

19 տարի առաջ` 1993 թ. հուվարի 26-ին, Արցախի ինքնապաշտպանական ուժերը կասեցրին թշնամու հարձակումը Աղդամից Ասկերանի շրջանի Քարագլուխ և Խարամորթ գյուղերի ուղղությամբ: Դրանով թշնամին ոչ միայն եկած ճամփով հետ շպրտվեց, այլև այդ գյուղերը վերջնականապես ազատագրվեցին: Սա թերևս հարմար առիթ է գոնե թռուցիկ մի հայացք գցելու շրջանի պատմական անցուդարձերին:

Իսկ մինչ այդ թշնամին ոչ միայն Փառուխն ու Քարագլուխը, այլև Ասկերանի շրջանի բոլոր գյուղերը հայաթափելու հույսեր էր փայփայում:

1991 թ. աշնանը Փառուխի պաշտպանությունը կազմակերպելու նպատակով, ի թիվս այլոց, Գրիգորի (Շերիֆ) ջոկատը մեկնում է գյուղ, որտեղ էլ առաջին անգամ Աշոտ Ղուլյանի  (Բեկո) հետ մասնակցում է մարտական գործողությունների: Այստեղ էլ ծնվում է փոխադարձ վստահությունը, որը մարտի դաշտում զենքի պես կարևոր է: Շերիֆի 11 հոգանոց ջոկատը 10-15 անգամ ավելի մեծ ուժեր երկու օր շրջափակման մեջ են պահում: Օգնություն խնդրելու նպատակով գյուղից դուրս գալու ճանապարհին զոհվում է գյուղապետը: Տղաները ռադիոկապով օգնություն են խնդրում, բայց ոչինչ չի լսվում: Հաջորդ օրը  գյուղամիջից գնդացրի ճարճատյուն է լսվում, որը զարմացնում է  տղաներին: Մի՞թե թուրքն արդեն գյուղ է մտել: Երեկոյան, երբ Շերիֆին հաջողվում է գյուղ իջնել, Աշոտ Ղուլյանն արդեն այնտեղ  էր, մինչդեռ  տղաները համոզված էին, որ իրենց օգնության կանչը տեղ չի հասել: Աշոտը կարողացել է գնդացրով ճեղքել  թուրքերի պաշարման շղթան և հենց գյուղամիջում մարտի բռնվել նրանց հետ: Հաջորդ օրը թուրքերն արդեն հետ են քաշվում: Հետո ռուսական «Դոն» դիվիզիայի հատուկ ջոկատն է փորձում  տղաների դեմ  դուրս գալ: Աշոտը և Շերիֆը կազմակերպում են բանակչության  տարհանումը անտառ: Ընդամենը մեկ զոհ տալով` հաջողվում է դուրս գալ շրջափակումից: Սակայն երկու ամիս անց թշնամուն հաջողվում է նորից գրավել Փառուխը և ավերել:

Քարագլուխը և Փառուխը Ասկերանից հյուսիս գտնվող հարևան գյուղեր  են և պատերազմի ժամանակ գրեթե նույն ճակատագրին են արժանացել, նույն այդ ճակատագրից զերծ չեն մնացել նաև շրջանի մյուս գյուղերը` Նախիջևանիկը, Խրամորթը, Վարդաձորը (Փրջամալ), Վարազաբունը (Արանզամին), Դահրազը, Քյաթուկը և շատ ուրիշները:

Քարագլուխ անվանումն առաջացել  է բարձր լեռնային դիրքից: Գյուղի Շիկաքար բերդը  պատմական կարևոր  վայրերից է և նշանակալի դեր է խաղացել Արցախի պաշտպանության գործում: XII դարում կառուցված երկու եկեղեցի ունի, մեկը կանգուն է, մյուսը` փլված: Մինչ 1995 թ.գյուղը դատարկ էր: Իսկ ներկայիս վիճակից, անկեղծ ասած, անտեղյակ եմ:

Փառուխն էլ Արցախի հնագույն բնակավայրերից  է: Գյուղի IX դարով թվագրված եկեղեցին ավերակ է: Գյուղը գտնվում  է Շիկաքար լեռան լանջին, գեղատեսիլ անտառածածկ բնության գրկում, հարուստ սառնորակ աղբյուրներով,  հարևանությամբ Խաչեն գետն է հոսում:

Այս պատումը, հավանաբար, անավարտ կլիներ առանց  Ասկերանի բերդի:

Օտար նվաճողները հաճախ են փորձել  տիրել Արցախ-Ղարաբաղին` ստիպելով բնակչությանը կառուցել ամրոցներ և պաշտպանել հայոց հնամենի երկրամասը: Ինչպես Ասկերանի, այնպես էլ Կչաղակաբերդը (մ.թ.ա.II-I հազարամյակ), Ջրաբերդը (620-1793 թթ.)և  այլ բերդ-ամրոցներ բազմիցս աչքի են ընկել հրոսակների դեմ մղված  հարատև պաշտպանամարտերում:

Ասկերանի ամրոցը գտնվում է Ստեփանակերտից 12 կմ արևելք, Ասկերան ավանից հարավ-արևմուտք, Կարկառ գետի ստորին հովտում, որտեղից դեպի հյուսիս-արևմուտք տարածվում է Խաչենի հարավային պատվարը, իսկ դեպի հարավ-արևելք` Վարանդայի ամրակուռ բարձրավանդակը` սկսած Քյաթուկ լեռնազանգվածից: Կառուցվել է XVII-XVIII դդ.,երբ Անդրկովկասի զգալի մասը, այդ թվում նաև Լեռնային Ղարաբաղը, գտնվում էր Պարսկաստանի տիրապետության տակ: Ժամանակահատված, երբ 1747 թ.սպանվեց Նադիր շահը և ծայր առան  գահակալական կռիվները: Ինքնիշխան խանություն կազմակերպվեց նաև Ղարաբաղում:

Ընդհանրապես Ասկերան անվանումն  առաջացել է զորանոց հասկացությունից և որպես  այդպիսին հայտնի է դեռևս XVIII դարի կեսերից:  Երկար ժամանակ այն եղել է ռուսական զորքի նստավայրը:

Շրջանը ոչ միայն հարուստ է պատմա-ճարտարապետական հուշարձաններով, որոնց  թիվը հասնում է 700-ի, այլև այստեղից են սկիզբ առնում և շրջանի  տարածքով  հոսում Կարկառը, որի վրա XVIII դարում կառուցվել է Մազի կամուրջը, Մեղրագետը (Բալուջա), Բադարա, իսկ ավելի հյուսիսում` Քոլատակ գետերը: Շրջանը հարավային մասում սահմանակից է Հադրութին, արևելյան մասում` Մարտունուն և Աղդամին, արևմտյանում ` Շուշիին ու  Լաչինին, իսկ հյուսիսի հարևանը Մարտակերտն է: Ստեփանակերտից 18 կմ հյուսիս-արևելք է, միջնամասում  է տեղադրված է ՀԽՍՀ ժողովրդական քանդակագործ Սարգիս Բաղդասարյանի «Մենք ենք, մեր սարերը» տուֆակետ հիասքանչ հուշարձանը: Այն անչափ դիպուկ է մարմնավորում ղարաբաղցու հպարտությունը, անպարտելիությունը և հաստատակամությունը:

 

Ամալյա ԵԴԻԳԱՐՅԱՆ

 

 

Դիտվել է 1745 անգամ:
Print Friendly

Leave a Reply